Մեծ ոգեւորությամբ կարդացի «ՀՀ» օրաթերթում տպագրված՝ Գ. Հակոբյանի «Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ» (9 դեկտեմբեր 2022 թ.) հոդվածը։
Զարմանալին այն է, որ, անցնելով շուկայական հարաբերությունների, մեր որոշ ղեկավարներ շարունակում են մտածել «խորհրդային» տրամաբանությամբ։ Բացի հեղինակի կողմից նշված խնդիրներից, կուզենայի ուշադրություն դարձնել Հայաստանում բարձրագույն կրթության բնագավառում մրցակցության բացակայության վրա։ Չասենք, որ բուհերի մեծամասնությունն ունի մենաշնորհ, որը կապիտալիստական հասարակարգի իրավիճակում անկարելի է եւ օրինաչափորեն բերում է որակի նվազեցման։ Լավ իրավիճակ է ստեղծվել բժշկական բնագավառում, որտեղ նույն մասնագիտություններով աշխատում են մի քանի բուհեր։ Գ. Հակոբյանը իրավացի է, որ մրցակցություն ստեղծել են մասնավոր բուհերը, որոնց «աճեցման» համար պետությունը չի ծախսել ոչ մի լումա։ Այսպիսի պատկեր ստացվել է որոշ երկրներում բուժաշխատողների պակասի պատճառով։ Լավ կլիներ, եթե այն լիներ մեր խելացի մենեջմենթի արդյունքում։
15-20 տարի առաջ ուսանողների մեծ հոսք կար Երեւանի պետական համալսարան, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, պոլիտեխնիկական համալսարաններ։ Սակայն այժմ այստեղ չեն գալիս սովորելու նույնիսկ արտասահմանցի մեր հայրենակիցները. հավանական է, որ եւ՛ որակն է պակասել, եւ՛ աշխարհից հետ ենք մնացել։ Փոխարենը հավաքում ենք բոլոր դիմորդներին, եթե նրանք նաեւ ընդունելության քննություններին մի քանի անգամ ստանում են անբավարար թվանշան։ Բուհերի ղեկավարներն իրենց եւ իրենց շրջապատի աշխատավարձն ապահովում են, իսկ դասախոսները կարող են սպասել, չնայած բուհի դեմքը դասախոսն է…
Մեր ղեկավարությունը երբեմն խորհե՞լ է, թե ինչու բնական, տեխնիկական գիտությունները, ճարտարապետությունը, շինարարությունն արտասահմանում պահանջարկ ունեն, իսկ Հայաստանում՝ ոչ։ Պարզ պատճառով. թեկուզ ներքին մրցակցության միջոցով պետք է որակ ստանալ։ Բացի այդ, նախկինում մեր խորհրդային բուհերը ղեկավարում էին Միությունում եւ աշխարհում ճանաչված մասնագետներ, որոնց շնորհիվ զարգանում էր բուհի ողջ կոլեկտիվը։ Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա… Ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, եթե ռեկտորների մրցույթին մասնակցում են մի-մի անձնավորություն, քանի որ մինչեւ այսօր նրանք պետք է «վերեւների» հավանությունն ստանան, իսկ հավանություն տալիս են մեկին։ Ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել, եթե մասնագիտությունները բացվում եւ փակվում են ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ ոմանց ցանկությամբ։ Օրինակ՝ ինչո՞ւ չկա կուրորտոլոգիա, եթե Հայաստանում այն պետք է զարգացնել։ Այս առումով՝ հեղինակի կողմից նշված գիտական որոնումների բնագավառում «Ան. Շիրակացի» համալսարանի քաղաքականությունն ու նվաճումներն օրինակելի են։ 63 արտոնագիր։ Սա լուրջ աշխատանքի արդյունք է։
Մրցակցություն։ Այն կբացահայտի մեր իսկական, ստեղծագործող մտավորականությանը, իսկ վերջինս, եթե նրան տան հնարավորություն, կլուծի մեր բոլոր խնդիրները։ Հիշենք՝ գիտությունը մեր վերջին հույսն է։
Արմենուհի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող