«Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ»։ Հայտնություն 8։1
Յոթերորդը վերջին կնիքն է հրովարտակ գրքի վրա. նախորդ վեց կնիքների բացման ժամանակ երկիր էին ուղարկվում աշխարհի վերջն ազդարարող ձիավորներն ու աղետներ, կատակլիզմներ… իսկ, ահա, յոթերորդ կնիքը բացելուց հետո պիտի գար ինքը՝ մահը։
Լռության մեջ է, որ ուժգնանում է Տիրոջ գալստյան խորհրդավորությունը։ Դժվար է ժամանակակից աշխարհում պատկերացնել կես ժամ բացարձակ լռություն. առանց մեքենաների աղմուկի, առանց հեռուստացույցի ձայների, առանց բջջայինների զանգերի ու դրանցից հորդող երաժշտության ու տեսանյութերի, առանց միջանձնային զրույցների…
Ի վերջո լռության մեջ է մարդը զրուցում մահվան հետ, մտորում կյանքի իմաստի ու անիմաստությունների մասին, փիլիսոփայում։ Պատահական չէ, որ մարդիկ ամենաշատը փիլիսոփայում են հանգստարաններում… առօրյա հոգսերի վազքի մեջ մարդ իրենից վանում է որոշակի մտքեր ու խոհեր, բայց երբ մնում է միայնակ ու լռության մեջ, ապա մահն ինքն է այցելում որպես զրուցակից։ Պատահական չեն հանճարեղ պոետները լռության ու մահվան թեմաները միաձուլում.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
…Ստվերի նման, սահած տնից տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Ե. Չարենց
Պատահական չէ, որ Քրիստոսը լռության արքան է. որովհետեւ ամեն կարեւորը կատարվում է լռության մեջ։ Քրիստոսը հիմնականում լռում է Պիղատոսի առաջ, լռում է խաչի վրա, չի քարոզում, հաճախ է առանձնանում, միայնության ու լռության մեջ աղոթում… Այդ կես ժամը վերջին մտորումների, խոհածության ժամանակն է։
Մենք գիտենք, որ Ավետարանը պետք է քարոզվի ի վկայություն բոլոր ազգերին ու ժողովուրդներին։ Հետո տրվում է մտածելու ժամանակ, իսկ հետո գալիս է Աստծո դատաստանն ու… վերջ։
Սակայն պետք է փաստել նաեւ, որ լռության մեջ շարունակվում է երկխոսությունը, զրույցը։ Լռում է արտաքին աշխարհը, իսկ ներաշխարհում շարունակվում է զրույցը։ Մարդիկ հաճախ են իրենց մտքերը շարադրում ոչ բարձրաձայն, զրուցում են ինչ-որ մեկի հետ, նամակ են շարադրում, ելույթի տեքստ ձեւակերպում, ապագայի ծրագրեր են կազմում… կամ՝ աղոթում են։ Մի խոսքով, լռությունը ստեղծագործական վիճակ է։ Այսպիսի խոսք կա. կարեւոր է ոչ թե այն, թե մարդն ինչի մասին է խոսում, այլ այն, թե ինչի մասին է լռում։ Այդ լռության մեջ է մարդու բնութագիրը։
Վերջին այս կես ժամանոց լռությունը շատերի համար կարող է խաբուսիկ լինել, իբր դադարել են պատերազմները, հանդարտվել են տարերքները, ավարտվել են վեճերը… սակայն սա վերջին գթասրտությունն է Աստծո բարկությունից առաջ։ Ինչպես փոթորիկից առաջ է հանդարտվում ամեն բան։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ