Վալենսիայում կայացավ «Արարատ» միության 2023 թ. առաջին ժողովը՝ կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանի եւ առավել ակտիվ անդամների մասնակցությամբ (Աննա Սանասարյան, Լիլի Համբարյան, Տաթեւ Գրիցենկո-Սարգսյան, Նարինե Խաչատրյան, Գայանե Աբովյան, Մովսես Մխիթարյան, Գրիգոր Գեւորգյան)։
Վերլուծելով նախորդ տարիների աշխատանքները եւ կանգ առնելով 2022-ի արդյունքների վրա՝ ելույթ ունեցողները շեշտում էին հատկապես համայնքային ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը վստահաբար ազդակ կդառնա ներքին կյանքը հավուր պատշաճի կազմակերպելու եւ կարեւորագույն բոլոր իրադարձությունների կապակցությամբ ահազանգերով ժամանակին բարձրացրած ձայներն ավելի ազդեցիկ դարձնելու համար։ 18 տարվա կազմակերպչական փորձ ունեցող «Արարատը» պատրաստ է անցում կատարել որակական ուրիշ մի փուլի՝ եղած ծրագիրը լրացնելով նոր կետերով, որոնք կհամապատասխանեն երրորդ հազարամյակի ռիթմին ու պահանջներին։
Անշուշտ, իսպանահայության շրջանում բավականաչափ մարդիկ կան, որոնք ապրել են համայնքային կյանքով, բայց հետաքրքիր մտքերի պակասը չկա նաեւ նրանց մոտ, ովքեր բնավ նման փորձ չեն ունեցել։ Բոլորն էլ պատրաստ են իրենց ծրագրերը կազմել։ Ի դեպ, ժողովը դեմ չէ ուսումնասիրել ցանկացած առաջարկ, որն իր բովանդակությամբ այսպես թե այնպես կօգնի մեր հայրենիքին եւ հայապահպանման գործին։
Կարծիքների փոխանակման ընթացքում ի հայտ եկավ թեման, որն այսօր առավել շատ է հուզում համայն հայությանը եւ չէր կարող քննարկման առարկա չդառնալ. այս էլ մեկ ամիս շարունակ շրջափակման մեջ հայտնված Արցախը։ Ի՞նչ է հնարավոր անել այս ուղղությամբ, ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել մեր հայրենակիցներին… Այդ եւ նմանատիպ այլ հարցերն էին հուզում ներկաներին, որոնցից յուրաքանչյուրը լուծման իր եղանակն էր տեսնում. հաշվեհամար բացել՝ օգնություն հասցնելու նպատակով, տեղեկատվական դաշտն ընդլայնել իսպանախոս լսարանի համար, կապ հաստատել արցախցիների հետ եւ այլն։ Բանախոսների համար ակնհայտ էր, որ տվյալ միջոցները օգտավետ կդառնան ոչ միայն Բերձորի միջանցքի բացման պահանջի դեպքում, այլեւ ցանկացած խնդրում, որը գոյություն ունի արդեն կամ կարող է ծագել հետագայում։
Այդպես, չափազանց կարեւոր է, օրինակ, իրագործել «Հայաստանի բարեկամներ» խմբի ստեղծման նախագիծը։ Խումբ, որի կազմում ընդգրկված կլինեն ներկայացուցիչներ Իսպանիայի բոլոր ինքնավարություններից։ Ճիշտ է, որ այսպես կոչված Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակում բավականին սերտ հարաբերություններ են հաստատվել Մադրիդի եւ Անկարայի միջեւ, բայց իրականությանն է համապատասխանում նաեւ այն փաստը, որ այստեղ գրեթե յուրաքանչյուր քաղաքում է հնարավոր հանդիպել հայասեր իսպանացի մտավորականի, քաղաքական գործչի կամ հասարակ քաղաքացու: Նրանցից շատերը տարբեր առիթներով մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել արդեն ուշագրավ հայանպաստ հայտարարություններով, որոշումներով, իրականացրած գործողություններով։ Ժամանակն է հասունացել համախմբել նրանց, եկող օրերի մեջ ընդլայնելով այդ ցուցակը։ Եվ, ինչպես ժողովի ընթացքում նշվեց, այդ հարցում մենք ինչ-որ տեղ նաեւ ուշացել ենք։
Գրի էի առնում այս տողերը, երբ ինձ զանգահարեց մեր ավստրիացի բարեկամ Արմանդո Ֆերնանդեսը, ում հայանպաստ գործունեության մասին ես տակավին տարիներ առաջ գրել էի իմ «Մարդ, որին պետք է ճանաչենք» հոդվածում։ Առաջինը տեղեկանալով այս նոր նախաձեռնության մասին՝ նա անկարող էր պարզապես իր ուրախությունը զսպել։ Քանզի առաջիններից մեկն էր, ով հայկական համայնքային կառույց ունենալու քարոզն էր տանում այստեղ եւ մինչ օրս նույն գաղափարի ջատագովն է, հավատալով, թե դա միակ արդյունավետ ուղին է հայության կյանքն Իսպանիայում ճիշտ կազմակերպելու եւ Հայաստանին ըստ հարկի ծառայելու համար։
Քննարկվող նյութերից մեկն էր նաեւ հայ մշակույթի պահպանման ու իսպանական հողի վրա ըստ արժանվույն ներկայացնելու հարցը, ինչը նույնպես պարտադիր է սփյուռքի պայմաններում առհասարակ եւ Իսպանիայում՝ հատկապես։ Չի կարող եւ չի էլ կարելի, որպեսզի հայ ժողովուրդն օտարների շրջանակներում դիտվի միայն որպես ցեղասպանություն վերապրած ազգ։ Հայ ժողովրդի ինքնության ճանաչումը տալիս է նախ եւ առաջ նրա հարուստ մշակույթը, որն ամեն կերպ պետք է ներկայացվի տեղի հասարակությանը։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար