Ամանորը սպասված, ցանկալի տոն է, եւ առավել քան ուրախացնող է, երբ նրան հաճելիորեն գումարվելու են գալիս սրտահույզ ու գեղեցիկ պահեր, հաճելի անակնկալներ: Այդպիսի հաճելի անակնկալ տարեմուտին մատուցվեց «Ջի Էս Էմ ստուդիա» ընկերությանը` ի դեմս տնօրեն Սմբատ Գյուրջյանի…
Ընկերությունը հայտնի է մեր երկրի գրահրատարակչության ոլորտում` շնորհիվ հրատարակած գրքերի, որոնք հիմնականում մանկապատանեկան ուղղվածության են ու աչքի են ընկնում թե՛ թեմատիկ, թե՛ բովանդակային եւ թե՛ ձեւավորման առանձնահատկություններով: «Ջի Էս Էմ ստուդիայի» գրքերն իրապես նոր խոսք, նոր որակ են հայրենական գրահրատրաակչական ասպարեզում եւ իրենց համեստ լուման են բերում մատաղ սերնդի կրթադաստիարակչական շնորհակալ գործում:
Ահա այս ամենը նկատի առնելով էլ Հայրենական ապրանքարտադրողների միությունը (նախագահ` ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան) 2022-ի տարեմուտի իր հավաքի ժամանակ արժանին մատուցեց հեղինակավոր ընկերության հայրենանվեր գործունեությանը եւ նրա ղեկավարին, ծննդյան 70-ամյակի առթիվ, պարգեւատրեց պատվոգրով: Անկեղծ գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցին մանուկների «սրտերի հետ խոսող» հրատարակությունների հեղինակ ընկերության հասցեին, կարեւորվեց նրա դերը մեր երկրի կրթության ու մշակույթի զարգացման գործում:
Պատեհ առիթից օգտվելով` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ, պետական հասարակական, մշակութային գործիչ, «Մայր թագուհի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Վահան Եղիազարյանը եւս ջերմորեն շնորհավորեց Սմբատ Գյուրջյանին եւ նրան հանձնեց «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամ:
Ի դեպ, ընկերությունը տարբեր տարիների արժանացել է այլ պարգեւների եւս, որոնք նրա արգասավոր գործունեության ու նվիրումի արժանի գնահատականն են: Նաեւ` խթան, առաջիկայում եւս նոր հրատարակություններով հաճելի անակնկալներ մատուցելու իր ընթերցողներին թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում:
Այո՛, լավ ու բարի գործերը սիրվում են, ջերմորեն ընդունվում հասարակության կողմից եւ իրենց արժանի գնահատականն ստանում` մշտապես մնալով ցանկալի ու սպասված հյուր, անբաժան ուղեկից: