Կոսովոյի սերբերը շարունակում են պայքարել իրենց անվտանգության եւ իրավունքների համար: Աշխարհը կրկին թեւերը փռած պաշտպանում է Կոսովոյի ալբանական իշխանություններին ու նույնիսկ թույլ չի տալիս, որ Սերբիան իր ուժերը մտցնի այնտեղ՝ իր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Աստված իրենց հետ…
Բայց նույն աշխարհը քայլ անգամ չի անում Կոսովոյից շատ առաջ եւ ավելի լուրջ իրավական ու նաեւ զուտ անվտանգային հիմքերով ինքնորոշված Արցախի՝ անգամ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Եվ հերթական՝ այս էլ որերորդ անգամ գործի են դրվում ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտները։
Մինչդեռ Արցախը խաղաղասիրության միջազգային կոչերը գործնականում ապացուցելու եւ խաղաղարար առաքելության հիմնարար վայր կարող է լինել։ Ի վերջո, այս պահին իրավիճակն այնտեղ ավելի պակաս լարված չէ, քան աշխարհի այն վայրերում, որտեղ այսօր միջազգային խաղաղարար կամ խաղաղապահ ուժեր են տեղակայված, այդ թվում՝ Կոսովոյում։ Եթե նման ուժերի տեղակայումը միջազգայնորեն կամ աշխարհաքաղաքական առումով հնարավոր կամ նպատակահարմար չէ, ապա գոնե պետք է միջազգայնացնել եւ ընդլայնել ներկայումս այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահների մանդատը։ Ի դեպ, նրանք կոչվում են խաղաղապահներ՝ peacekeepers, սակայն հաշվի առնելով ներկայիս հրատապ հանգուցալուծման կարոտ իրավիճակը՝ Արցախում այժմ խաղաղարարների՝ peacemaker-ների կարիք կա։ Ռուսերեն նրանք երկուսն էլ миротворец են, թեպետ կա նաեւ примиритель տարբերակը: Սակայն խոսքն այստեղ ոչ թե բառախաղի, այլ՝ բովանդակության մասին է, եւ կարեւոր չէ, թե որն է գերադասելի թարգմանությունը:
Միանշանակ ու տրամաբանական է, որ խաղաղությունը նախ պետք է հաստատվի՝ արարվի, նոր միայն պահպանվի։ Արցախի պարագայում խաբուսիկ է այն տպավորությունը, թե խաղաղությունը հաստատված է: Ավելի ճիշտ է խոսել ժամանակավոր դադարի մասին, որովհետեւ ադրբեջանական պահվածքը վկայում է, որ ամեն րոպե այն խախտելու հավանականություն եւ մտադրություն կա՝ սուտ «բնապահպանի», սուտլիկ որսկանի կամ որեւէ այլ պատրվակի տեսքով:
Նույն Կոսովոյում խաղաղապահ ուժեր են տեղակայված, եւ ոչ խաղաղարար, այսինքն՝ այդպիսին է նրանց առաքելությունը, որովհետեւ համարվում է, թե այնտեղ արդեն իսկ խաղաղություն է հաստատված: Չնայած այդ խաղաղություն ասվածը, ինչպես երեւում է վերջին իրադարձություններից, այնտեղ եւս խիստ հարաբերական է…
Ինչպես բազմիցս է ասվել, այժմ հրատապ գործնական քայլերի ժամանակն է՝ ինչ-որ բան արարող քայլերի ժամանակը: Փրկելու, ազատելու ժամանակն է՝ Արցախն ու արցախցուն, ազատությունն ու մարդու իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ տեղաշարժի եւ մյուս իրավունքները, որոնք այդքան թանկ են համարվում միջազգային հանրության համար, որոնց, մեղմ ասած, սահմանափակումն այդպես էլ աննկատելի է նույն այդ հանրության համար:
Իրավիճակի մասին մտահոգվող կամ նույնիսկ այդ մասին ձեւականորեն խոսող միջազգային պատվիրակությունների, անհատ գործիչների եւ մյուսների հիմնական կանգառը պետք է լինի ոչ թե Երեւանը, այլ Արցախը կամ գոնե Լաչինի միջանցքը, այնտեղ ստեղծված իրավիճակը որեւէ կերպ անձամբ տեսնելը, թեկուզ միջանցքի այս կողմից, ինչպես Սիլվա Կապուտիկյանը կասեր, «թեկուզ վերջին անգամ, թեկուզ քայլով դժկամ»…
Թե չէ՝ մտահոգվում եք, ո՞ր ինչ անեք, եթե ընդամենը մտահոգվում եք, որ բան չանեք…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ