Անթալիայում հունվարի 9-ին տեղի է ունեցել Ասիական երկրների խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նիստը, որին անդամակցում է 44 երկիր, սակայն 27 երկրի պատվիրակություն էր մասնակցում: Ընդ որում` Իրանը, Ադրբեջանը, Արեւելյան Թիմուրը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանն ու Եմենը՝ խոսնակի մակարդակով, մյուսները՝ փոխխոսնակի, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրաքը, Հորդանանը եւ այլն։
Թեեւ Իրանի եւ թուրք-ադրբեջանական երկյակի փոխհարաբերությունները խիստ լարված են, այսուհանդերձ, Իրանը մասնակցել է խոսնակի մակարդակով, ինչը, թերեւս, պայմանավորված էր նախատեսված հանդիպումներով։ Համաժողովի շրջանակներում առանձին-առանձին երկկողմ, եռակողմ հանդիպումներ են տեղի ունցել Իրանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ։ Թեեւ հանդիպումների մասին հրապարակված տեղեկություններում շեշտվել է, թե կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության, փոխհարաբերությունների սերտացման ու տարածաշրջանի անվտանգության հարցեր, ընդգծվել է, որ հանդիպումներն արդյունավետ են եղել` լռելով կողմերի միջեւ տարաձայնության ու փոխհարաբերությունների լարվածության բուն պատճառի՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկման մասին, այսուհանդերձ, տեղեկություններում առկա ակնարկներից ենթադրելի է, որ այդ խնդիրը ոչ միայն օրակարգային է եղել, այլեւ կողմերի տեսակետներում փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին` Իրանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը Թուրքիա մեկնելու առնչությամբ արած հայտարարությամբ կրկին շեշտել է, որ ԻՀՀ-ն դեմ է միջազգային սահմանների ու ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։ Ապա նա Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆուրովայի հետ հանդիպմանը, խիստ կարեւորելով երկու երկրների փոխհարաբերությունների սերտացումն ու համագործակցությունը, «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» տարանցիկ ուղիների դերը, ընդգծել է. «Մենք մեր սահմանին որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն չենք հանդուրժելու»։
Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը եռակողմ հանդիպմանը շեշտելով, թե Անկարան Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների հարցում Ադրբեջանի կողքին է եւ պաշտպանում է վերջինիս «արդարացի իրավունքները», միաժամանակ հավելել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանի հետ փոխհարաբերությունների բնականոնացման գործընթացն արդեն սկսել է։ Ահա թե ինչու հենց հիշյալ վեհաժողովի նիստի նախօրեին Թուրքիան հայտարարեց Հայաստանի հետ օդային բեռնափոխադրության մասին։ Փաստորեն, Շենթոփը դրանով Ղալիբաֆին ասել է, թե իրենք իրենց հարցերը Հայաստանի հետ լուծում են եւ միջնորդի կարիք չունեն։ Այն դեպքում, երբ թուրքական արհավիրքը՝ «Զանգեզուրի միջանցքը», ծեծում է միայն Հայաստանի ու Իրանի դռները, ինչը կողմերին այդ հարցում պետք է մղի սերտ համագործակցության անկախ ամեն ինչից, հաշվի չառնելով այլ պետությունների շահերը Հարավային Կովկասում։ Եռակողմ հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել ու այն գնահատել արդյունավետ՝ նշելով, որ պայմանավորվել են նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումներն անցկացնել Թեհրանում ու Բաքվում։ Ավելին` Ղալիբաֆը հայտնել է, թե Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած «թյուրիմացությունը» վերացվել է, եւ որ իր պաշտոնակցի հրավերով մեկնելու է Բաքու։ Սա` այն դեպքում, երբ դեռեւս 2022 թ. սեպտեմբերին Իրանում սկսված բողոքի ցույցերը խիստ ոգեւորել էին Ալիեւին, եւ նա հույս էր տածում, թե իսլամական վարչակարգը կփլուզվի, Իրանն ի զորու չի լինի հակադրվել Հայաստանի դեմ ագրեսիային, ուստի սկսեց այլեւս բաց տեքստով խոսել համաթյուրքական երազանքներից, Իրանի հանդեպ ունեցած տարածքային հավակնություններից եւ սպառնալ Իրանին…
Եվ ահա Ղալիբաֆը հայտարարում է, թե երկու երկրների միջեւ առաջացած «թյուրիմացությունը» վերացել է, եւ որ նախատեսվում է նաեւ երեք երկրների ՊՆ ղեկավարների հանդիպում եւ այլն։ Բայց նման հայտարարությունը հազիվ թե հանգեցնի երկու երկրների փոխհարաբերությունների լարվածության թուլացման։ Խոսելով Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին` նշենք, որ դրանք ընթացել են ելեւէջներով, սակայն իրականում Թեհրանը ոչ միայն ավելի սերտ կապեր է ունեցել Բաքվի հետ, պաշտպանելով նրա շահերը միջազգային ատյաններում եւ ցանկացած պատեհ առիթով ազատագրված տարածքներն անվանելով գրավյալ, իսլամական՝ պահանջել է վերադարձնել Ադրբեջանին։ Այս մասին խոսում են իրանցի մեկնաբաններն ու ԶԼՄ-ները։ Վերլուծաբան Ահմադ Քազեմին նշել է, որ Իրանը 30 տարի շարունակ Բաքվին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել՝ քաղաքական, ռազմական, մարդասիրական, տնտեսական, տարանցիկության եւ կապի ոլորտներում, իսկ պատեհ առիթներով ամենաբարձր մակարդակով պահանջել է Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները, սակայն 44-օրյա պատերազմից հետո վերջինս երախտապարտության փոխարեն Իրանին կանգնեցրել է նոր մարտահրավերների առջեւ։
Ինչ վերաբերում է հայ-իրանական փոխհարաբերություններին, ապա 30 տարի դրանք բարեկամական գնահատելով` փոխադարձ հաճոյախոսություններից ու օրինակելի համարելուց այն կողմ չեն անցել։ Կողմերը տարբեր դրդապատճառներով երկրորդ պլան են մղել ռազմավարական, ազգային անվտանգության շահերի համընկնման կարեւորագույն գործոնը։ Ավելին` իրանական ԶԼՄ-ներում լուրջ արձագանք էին գտնում Բաքվի տեսակետները։ Վերջինս տարբեր միջոցառումներին անարգելք հակահայ քարոզչություն էր իրականացնում, որոնց տարիներ շարունակ տարբեր առիթներով անդրադարձել ենք։ Իսկ Հայաստանը, թերեւս, 30 տարի շարունակ «ըմբռնումով» էր մոտենում տեղի ունեցածին` տանուլ տալով ընդհանրապես քարոզչական ոլորտում, ինչը շարունակվում է։ 44-օրյա պատերազմի ընթացքում եւս Թեհրանը ոգեւորությամբ էր խոսում Բաքվի հաջողությունների մասին, նման վերաբերմունքից հետո Թեհրանի ակնկալիքները Բաքվի երախտագիտության ու փոխհարաբերությունների սերտացման առնչությամբ ի դերեւ ելան։ «Հաղթանակի» տոնակատարությանը Բաքվում ծածանվեցին Թուրքիայի՝ պատերազմի գլխավոր «հերոսի» ու նախաձեռնողի եւ դրանում լուրջ լումա ունեցող Իսրայելի դրոշները, իսկ Իրանը ոչ միայն լիովին անտեսվեց, երախտիքի խոսք չասվեց նրա հասցեին, որի տարածքով գրոհայիններ էին տեղափոխվել Ադրբեջան, այլեւ Էրդողանի բերանով հնչեցին հավակնություններ Իրանի տարածքային անբողջականության նկատմամբ։ Այլ կերպ ասած` հետպատերազմյան շրջանում Թեհրան-Բաքու փոխհարաբերություններն ավելի հաճախ լարված բնույթ են կրել, մասնավորապես, երբ թուրքերը «Զանգեզուրի միջանցքի» պահանջ ներկայացրին եւ ճնշումները Հայաստանի վրա մեծացրին, թեեւ Երեւանը բազմիցս շեշտել է, որ դա չի լինելու։ Իսկ դա ոչ միայն Հայաստանին զրկում է միջազգային սուբյեկտ լինելուց, այլեւ լուրջ հարված է Իրանի աշխարհաքաղաքական դիրքին ու ազգային անվտանգությանը։
Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, «Զանգեզուրի միջանցքն» ավելի շատ Էրդողանին է հարկավոր, որպես ընտրությունների համար հաղթաքարտ, սակայն հնչեցվում է Ալիեւի շուրթերից։ Մինչդեռ Իրանը տարբեր առիթներով ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ միջազգային սահմանների փոփոխությունն իր «կարմիր գիծն» է, եւ դա թույլ չի տա։ Ապա համաթյուրքական նկրտումներն այդ առնչությամբ զսպելու նպատակով Իրանը երկու խոշոր զորավարժություններ անցկացրեց Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով, ինչն առայսօր եղել է զսպաշապիկ։ Բայց եւ այնպես, Էրդողանը հայտարարեց, թե Իրանը չի համարձակվելու Ադրբեջանի դեմ պատերազմ սկսել, քանի որ Բաքվի թիկունքում Իսրայելն է կանգնած։ Միաժամանակ ձեւավորվել է թուրք-ադրբեջանական ռազմական կոալիցիա՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, եւ ի պատասխան Իրանի, համատեղ զորավարժություններ են անցկացվել, ու պատրաստվում են նորին։