Համալսարանական տարիներին, «տրամաբանություն» առարկայի դասընթացի շրջանակներում, գրեթե մշտապես, սիլլոգիզմի մի օրինակ էր շրջանառվում, որը մոտավորապես հնչում էր այսպես՝ բոլոր ձկները շնչում են խռիկներով, իշխանը ձուկ է, հետեւաբար՝ իշխանը շնչում է խռիկներով: Այս օրինակը ծանոթ էր գրեթե բոլոր կուրսերին, տարբեր տարիներին «տրամաբանություն» առարկան այս կամ այն չափով կամ այս կամ այն կերպ ուսումնասիրածներին:
Չի բացառվում, որ այսօրվա համապատասխան ֆակուլտետների ուսանողները եւս առնչվել են այս օրինակին: Սակայն ավելի հաստատ է մեկ այլ բան՝ այսօրվա եւ երեկվա ոչ միայն ուսանողներն են ամեն օր, օրական մի քանի ժամ կամա թե ակամա շփվում «երկաթյա» տրամաբանության տարբեր օրինակների հետ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ իրադարձությունների հետագա զարգացմանը:
Քաղաքագիտական ու ոչ քաղաքագիտական, քաղաքական ու ոչ քաղաքական, վճարովի եւ անվճար վերլուծություններ, եզրահանգումներ, վերլուծություններ, կանխատեսումներ ու գուշակություններ են հնչում աջից ու ձախից, վերեւից ու ներքեւից, իշխանական ու ոչ իշխանական տեսանկյուններից, մտահոգություններով ու «մտահոգություններով» առլեցուն, ներսից ու դրսից, հյուսիսից ու հարավից… Տպավորություն է, թե շատ շատերը փորձում են օգտվել այն հանգամանքից, որ իր կանխատեսումներով հայտնի Վանգան այլեւս կենդանի չէ, եւ նրա տեղը զբաղեցնելու մրցույթ է…
Իհարկե, կարող ենք մխիթարվել, որ այս միտումը զուտ հայկական չէ: Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ աշխարհի մակարդակով ավելացել են վերլուծաբանները, քաղաքագետները, գուշակները: Բայց այս դեպքում մխիթարությունը մոտավորապես նույնն է, ինչ միջազգային մակարդակով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ հնչող մտահոգություններն ու հորդորները, որոնք այդպես էլ մնում են որպես քաղաքական ժեստեր: Իսկ Արցախը, ինչպես բազմիցս է ասվել, գործնական քայլերի, աջակցության, ի վերջո, փրկության կարիք ունի, ոչ թե բախտ բացողների, կանխատեսողների, իրավիճակն իբր մի կամ մի քանի քայլ առաջ տեսնողների:
Անշուշտ, բոլորի կարծիքները, մտավոր աշխատանքը, մտածելակերպը որեւէ կերպ արժանի են որոշակի հարգանքի: Անշուշտ, բոլորը չէ, որ մտացածին կամ ժամանակավոր ու ժամանակավրեպ քաղաքագետներ են, մոտավոր տրամաչափի քաղաքական գործիչներ եւ տարբեր անհրաժեշտության գործիքներ: Բայց չի կարելի, անիմաստ է գործնական աջակցության, կենսական օգնության փոխարեն ստիպված ածելու սայրի վրայով քայլող մարդկանց հրամցնել այն, ինչի կարիքն այս պահին նրանք այնտեղ՝ Արցախում ամենաքիչն ունեն:
Իհարկե, ոչ միայն հացիւ, այլ նաեւ բանիւ, բայց, կներեք, չի կարելի շարունակ հացի փոխարեն բան՝ խոսք հրամցնել, մինչեւ տեսնենք՝ ինչ է ստացվում: Իսկ հացիւ-ի մեջ ոչ միայն հաց կա, այլեւ՝ գործ, քայլ, աշխատանք, ջանք…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ