Հնդկաստանն ու Ճապոնիան առաջին անգամ կործանիչների համատեղ զորավարժություններ են անցկացնում: Դրանք սկսվել են հունվարի 16-ին: Այդ մասին հայտնել է ճապոնական պաշտպանական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ մանեւրներն ընթանում են Տոկիոյի մերձակայքում գտնվող Հյակուրի ռազմաօդային բազայում եւ կտեւեն 11 օր՝ մինչեւ հունվարի 26-ը: Ճապոնիայի ՌՕՈՒ-ի կողմից դրանց մասնակցում են «F-2» եւ «F-15» կործանիչներ, իսկ Հնդկաստանի կողմից՝ չորս «Su-30MKI», լիցքավորող «IL-78» եւ 150 զինվորական: Երկու երկրները մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը Չինաստանի աճող հզորության լույսի ներքո:
Հնդկաստանը 5-րդ երկիրն է, որը կործանիչներ է ուղարկում Ճապոնիա: Մինչ այդ նույնը արել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրիտանիան ու Գերմանիան: Տոկիոն վստահ չէ, որ ԱՄՆ-ի հետ իր դաշինքն ամուր է, ուստի նոր գործընկերների է փնտրում անվտանգության ոլորտում:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն օդային մարտի հնարքները, եւ դա կօգնի ընդլայնել համագործակցությունը երկու երկրների ռազմաօդային զորքերի միջեւ: Դելիից վերլուծաբան Ռահուլա Բեդիի խոսքով՝ զորավարժությունները Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին կօգնեն ծանոթանալ ռուս-հնդկական արտադրության ինքնաթիռների տեխնիկական նորամուծություններին եւ Չինաստանի հետ առճակատման ժամանակ հնդիկ օդաչուների ձեռք բերած փորձին:
Երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման հարցը որոշվել է անցած տարվա սեպտեմբերին արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների 2+2 ձեւաչափով հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել Հնդկական օվկիանոսում բազմակողմ զորավարժությունների մասշտաբները։ Բանն այն է, որ Ճապոնիան եւ Հնդկաստանը «Quad» խմբի անդամ են: Խմբի կազմում են նաեւ ԱՄՆ-ն եւ Ավստրալիան։ Այս չորս պետությունների նավերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում՝ «Malabar» անունով: Բացի այդ, ինչպես տեղեկացրել է «Japan Times» թերթը, անցյալ տարվա փետրվարին եւ մարտին Ճապոնիան եւ Հնդկաստանը ցամաքային զորքերի ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ են անցկացրել Հնդկաստանում։
Բեդին հիշեցրել է, որ Հնդկաստանը մեծապես կախված է ռուսական զենքի մատակարարումներից եւ, հետեւաբար, կցանկանար մեծացնել ռազմատեխնիկական համագործակցությունը առաջադեմ արդյունաբերական տերությունների հետ։
Տոկիոն ու Դելին շտապում են ընդլայնել ռազմական համագործակցությունն այն պատճառով, որ ուժեղանում է Չինաստանի ազդեցությունն Ասիայում ու ծովում: Հնդկաստանն ու Ճապոնիան տարածքային խնդիրներ ունեն Չինաստանի հետ: Նրանք նաեւ գիտակցում են, որ Չինաստանի դիրքերը տարածաշրջանում ամրապնդվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում նախագծերի իրականացման շնորհիվ:
«Diplomat» ամսագիրը, հենվելով Ճապոնիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իձուցու Շունջիի խոսքերի վրա, ներկայացրել է հնարավոր սցենարները, թե ճապոնա-հնդկական փոխգործակցությունն ինչպես կօգնի հետ մղել Չինաստանի հարձակումը: Եթե Չինաստանը ներխուժի Թայվան կամ Սենկակու կղզի, որոնք վերահսկում է Տոկիոն, ապա իր կործանիչները կկենտրոնացնի Թայվանի ու Ճապոնիայի շուրջ: Բայց քանի որ Ճապոնիան ու Հնդկաստանը կհամագործակցեն, Չինաստանն ստիպված կլինի մտածել Հնդկաստանի հետ իր սահմանի անվտանգությունն ապահովելու մասին: Իսկ եթե Չինաստանը ներխուժի հնդկական տարածք, ապա նախ պետք է մտածի, թե ինչ կանի Ճապոնիան:
Բացի այդ, Շունջիի արտահայտություններից հետեւում է, որ հնդիկների հետ զորավարժությունները ճապոնացի օդաչուներին հնարավորություն կտան յուրացնել ռուսական արտադրության ինքնաթիռներին դիմակայելու հմտությունները:
Քննարկելով Ճապոնիայի ու Հնդկաստանի ամրացող բարեկամությունը՝ Տոկիոյի մեկնաբանները չեն հոգնում հիշեցնել, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմելու համար հիմա հարմար ժամանակներ չեն:
Այս մտքի հետ, անշուշտ, վիճելն անհնար է: Բայց հաշվի առնելով, որ Տոկիոն խոստացել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հարց է առաջանում, թե հնդիկ օդաչուներից ստացված տեղեկատվությունն ու մարտի վարման հնարքներն արդյոք չեն փոխանցվի՞ Ուկրաինային։ Այդ հարցն առայժմ պատասխան չունի: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Միեւնույն ժամանակ «Bloomberg» գործակալությունը նշում է, որ Տոկիոյի՝ Դելիի օգնությունը ստանալու ցանկության հիմքում ընկած է այն, որ նա այնքան էլ վստահ չէ Ճապոնիան պաշտպանելու ամերիկյան հանձնառության հարցում: Ի դեպ, Տոկիոն առաջին հերթին «Մեծ յոթնյակի» անդամների շրջանում է աջակցություն փնտրում Չինաստանի դեմ: Վերջերս Եվրոպա կատարած այցի ընթացքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Եվրոպայի եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունն անբաժանելի են: Նա նաեւ համաձայնագրեր է ստորագրել Բրիտանիայի եւ Իտալիայի առաջնորդների հետ՝ միմյանց զորքեր ուղարկելու փոխադարձ հնարավորության մասին։
Իհարկե, ԱՄՆ-ի հետ դաշինքը՝ գերտերության խոստացած միջուկային հովանոցով, մնում է Տոկիոյի ռազմավարության հիմնաքարը։ Սակայն Ճապոնիայում մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին կփոխարինի Ճապոնիայի նկատմամբ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված մի առաջնորդ, եւ իրավիճակը կտրուկ կփոխվի։ Սինգապուրի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Իվեն Գրեհեմի խոսքով՝ դա ինչ-որ անսովոր բան չի լինի: Չէ՞ որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես բարձրացնում էր այն հարցը, թե արդյոք Ճապոնիան ամբողջությամբ վճարո՞ւմ է ԱՄՆ ռազմական աջակցության համար։
Ճապոնացիները չեն կարող ամբողջությամբ հույսը դնել Ամերիկայի վրա: Այսպիսով, ինչպես պատկերավոր նշել է Գրեհեմը, Տոկիոն այլեւս չի ցանկանում «բոլոր ձվերը մեկ զամբյուղում» պահել: Պեկինում աննկատ չեն մնացել Տոկիոյի՝ պաշտպանական նոր գործընկերների որոնումները: Կոմունիստական կուսակցության կողմից հրատարակվող «Global Times» թերթը զգուշացրել է, որ եթե Ճապոնիան շարունակի դաշինքներ ստեղծել Չինաստանի դեմ, կկիսի Ուկրաինայի ճակատագիրը: