Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում պահպանված բազում պատմաճարտարապետական հուշարձանների շարքում են նաեւ այսպես կոչված մեգալիթյան մշակույթի աշտարակներ՝ կառուցված Ք. ա. 3-2-րդ հազարամյակներում։ Այս հետաքրքիր հուշարձանների գիտական ուսումնասիրմամբ արդեն մի քանի տարի զբաղվում է հնագետ Լեւոն Մկրտչյանը, ով ասաց, որ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում նմանատիպ մոտ 200 աշտարակ է ուսումնասիրել։ Դրանց լավ պահպանված օրինակներ կան նաեւ Արմավիրի ու Արագածոտնի մարզերում։
Օրերս Լեւոնի եւ հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք տարածքում՝ ուսումնասիրելու այդ հուշարձաններից հիմնականում 2 մեգալիթյան մշակույթի ծիսա պաշտամունքային աշտարակներ, որոնց հարեւանությամբ պահպանվել են նաեւ նույն, ավելի վաղ եւ հետագա ժամանակաշրջանի բնակատեղիներ, դամբարանադաշտեր։ Իհարկե, ժամանակն ու մարդկային գործոնը 4-5 եւ ավելի հազար տարիների ընթացքում մեծ վնաս են հասցրել այդ դարաշրջանի՝ տեղի բնիկների կառուցած շինություններին, սակայն պահպանվածներն էլ որոշ տեղեկություններ են տալիս։ Պայմանականորեն «Արշալույս-1» եւ «Հայթաղ-1» անվանումներով հնավայրերն Արմավիրի մարզի Արշալույս եւ Հայթաղ բնակավայրերի վարչական տարածքներում են՝ ոչ բարձր, սակայն քարերով հարուստ, թեքալանջ բլրակների վրա, որոնց հարեւանությամբ այլ նմանատիպ բլուրներ եւս կան։ Ի տարբերություն «Հայթաղ-1»-ի՝ «Արշալույս-1»-ը համեմատաբար ավելի լավ է պահպանվել իր նախկին ձեւով։ Այն մոտ 1000 մ բարձրությամբ է եւ ամբողջովին քարով պատված բլրակի վրա։ «Արշալույս-1» աշտարակի հարավարեւելյան հատվածում կա ավելի ցածր բլուր՝ դարձյալ քարապատ։ Այստեղից ճանապարհ է բացվել դեպի վեր՝ դեպի հիմնական պարիսպներ։
Հյուսիսարեւմտյան կողմում արդեն երկարավուն ցածր բլրաշարք է ձգվում, որի վրա նույնպես կան նշված ժամանակների կառույցների ու ճանապարհի հետքեր։ Աշտարակի վերին հատվածում՝ արեւմտյան կողմում, պահպանվել է հիմնական պատի մոտ 3 մ բարձրությամբ հատված՝ կառուցված միջին մեծությամբ քարերով։ Արեւելյան հատվածի պարսպի պահպանված հատվածներն արդեն մեծ-մեծ քարերով են՝ նման կիկլոպյան դասական շարվածքի։ Վերին հատվածում մոտ 4 քմ մակերեսով կառույցներից մեկի մուտքը լավ երեւում է, ներսում ունի մի մեծ սալաքար։ Աշտարակից մեկ այլ ճանապարհ կա, որը իջել է հյուսիսարեւելյան կողմում գտնվող բլրակների կողմ։ Աշտարակի այս հատվածում՝ վերին մասում, մի մեծ ցից քար կա, համեմատաբար մշակված. Լեւոնի հետ ուսումնասիրեցինք։ Հնարավոր է՝ կուռք է, եւ ժամանակին աստիճաններով են բարձրացել ու երկրպագել կուռքին։ Իհարկե, սա ընդամենը վարկած է։ Աշտարակը պահող բլրի 4 կողմում շատ են արդեն դամբարանները, որոնց մի մասը ձուլվել է առհասարակ քարաշատ տարածքի մնացած քարերի հետ։ Ուշադիր նայելով՝ երեւում են դամբարանների կրոմլեխները։ Սակայն կան մի քանիսը, որ ունեն մոտ 10 մ շառավղով կրոմլեխ եւ պարզ երեւում են։ Որոշները նույնիսկ քանդված են։ Տարածքում գտնվեցին նաեւ խեցու բեկորներ, օբսիդիանի կտորներ։
Ուսումնասիրելով ու լուսանկարելով տարածքը՝ իջանք բլրից եւ շարունակեցինք ճանապարհը դեպի «Հայթաղ-1» աշտարակ։ Ներկայացնելով արդեն ուսումնասիրված հուշարձանը՝ Լ. Մկրտչյանն ասաց. «Համալիրը գտնվում է դեռեւս չուսումնասիրված մեծ բնակավայրի (պահպանվել է կղզյակներով) հյուսիսային մասում՝ շատ խիտ թաղումներով դամբարանադաշտում։ Այն Հին Հայաստանի մեգալիթյան մշակույթի եւ առհասարակ մոնումենտալ ճարտարապետության լավագույն օրինակներից է։ Տեսողական կապի մեջ լինելով հարակից Ծաղկալանջ եւ Արագած գյուղերի տարածքներում պահպանված նմանատիպ այլ աշտարակների հետ՝ այնուամենայնիվ, գերազանցում է դրանց նախ չափերով, ապա նաեւ որպես համալիր՝ ունենալով տարաբնույթ բաղադրատարրեր՝ կցակառույցներ, կուրգաններ, հարթակներ եւ հրապարակներ…»։
Ի տարբերություն «Արշալույս-1»-ի՝ «Հայթաղ-1»-ը ավելի ցածր դիրքում է, սակայն բավականին երկարավուն բլրաշարքի կենտրոնական բլրակի գագաթին։ Այն ժամանակի ընթացքում շատ է վնասվել, այնուամենայնիվ, զգացվում է, որ ունեցել է նույն նշանակությունը։ Բլրաշարքի արեւելյան կողմում 4-5 հազար տարի առաջ գոյություն է ունեցել ժամանակի համար բավականին մեծ բնակավայր։ Հարթ ու սպիտակավուն հողով տարածքում պահպանվել են բնակելի շինությունների հիմքեր, որոշ տեղերում նաեւ պատեր։ Այս հատվածում նույնպես շատ են դամբարանաթմբերը՝ քանդված ու կիսաքանդ, որոշները՝ ծածկված մեծ-մեծ քարերով։ Ըստ հնագետ Գ. Սարգսյանի՝ հարթության մեջ պահպանված համեմատաբար մեծ մակերեսով ու մեծ քարերով կառույցները եղել են անասնափարախներ։
Վերադարձանք քարապատ դաշտամիջյան ճանապարհով, որի 2 կողմերում շատ են դամբարանաթմբերը, շինությունների հիմքերն ու պատերը։ Լինելով ծիսական նպատակների համար՝ այս աշտարակների պատերը կառուցվել են մի քանի շերտով։ Տարածքը, իհարկե, խորհրդային տարիներին ուսումնասիրվել է հնագետների կողմից, սակայն ներկայումս տեխնիկական միջոցներն առավել հնարավորություն են տալիս, որպեսզի լավ ուսումնասիրվեն այս հուշարձանները, կարեւորները պահպանվեն։ Այս հատվածում մի քանի հազար հեկտար տարածք ամբողջությամբ պատված է քարերով ու դամբարանաթմբերով։ Որոշ հատվածներ արդեն այգիներ են դարձել. այլ նպատակով են օգտագործվում։ Իհարկե, ճիշտ չէ այդքան հողատարածք չօգտագործելը, սակայն պետք է դա արվի գիտականորեն՝ համաձայնեցված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների հետ։