Վալենսիայում կայացավ տեղի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սաների Ամանորի տոնական հանդեսը, որի ծրագիրը տարեցտարի լրացվում եւ թարմացվում է յուրօրինակ գեղեցիկ համարներով՝ գումարվելով գրեթե 20 տարիների ընթացքում կուտակված հարուստ փորձին։
Բացելով միջոցառումը՝ «Արարատ» միության նախագահ եւ դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանն իր շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին ու ծնողներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի եւս հնարավոր դարձավ կազմակերպել եւ իրականության վերածել երեկույթը։ Բանախոսի երախտագիտության խոսքը, այդուհանդերձ, նույնությամբ վերաբերում է հենց իրեն՝ նրան, ով իբրեւ համայնքային կառույցի ղեկավար՝ չի խնայում, ինչպես միշտ, իր ժամանակն ու ուժերը՝ մեր մանուկներին հերթական հանդեսին նախապատրաստելու համար։ Երեխաները, ի դեպ, համեմատաբար քիչ ժամանակ ունեին, բայց ամեն անգամվա պես բավականին լավ էին ներկայացել հանդիսատեսին. մեծամասնությունը, բնականաբար, հենց իրենց հարազատներն էին։ Աշակերտներն ուրախացնում էին ներկաներին երգերով, բանաստեղծություններով, գեղարվեստական տարբեր համարներով։ Եվ այն հանգամանքը, որ ձայների տարբեր հաճախականությամբ ու առոգանությամբ իսպանական հողի վրա հնչում է մեր մայրենին, արդեն իսկ բավարար հիմք է՝ ընկալելու համար ձեռնարկի անցկացման ամբողջ կարեւորությունն ու նշանակությունը։ Այս կապակցությամբ էլ անհրաժեշտ է նշել, որ ամեն մի ելույթ յուրովի առիթ էր ունկնդիրների համար, որպեսզի չթաքցնեն համարյա թե երջանիկ ժպիտներն իրենց դեմքերին: Քանզի վալենսիաբնակ յուրաքանչյուր փոքրիկի կամ պատանու շուրթերից անկրկնելիորեն քաղցր էր հնչում մեր հայերենը։ Մեկը բարձր էր արտասանում, մյուսը՝ ցածր, մեկի խոսքը արտահայտիչ էր, մյուսինը՝ դժվար ընկալելի, մեկն իր հայացքը չէր կտրում հատակից, մյուսը թղթից էր կարդում… Եվ բոլորը՝ այդքան լավ, այդչափ սիրելի, ասելիքը տեղ հասցնելու ձգտման մեջ՝ միանգամայն անգերազանցելի։
Անսովոր իրարանցում սկսվեց այն պահից, երբ երկար եւ բարձրաձայն կանչերից հետո Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը ներս մտան, վերջապես, մեծ դահլիճ։ Նրանք, հարկավ, նվերներ էին բերել այստեղ ապրող մանուկների համար, բայց նախքան հանձնելը նրանք ցանկություն հայտնեցին լսել վերջիններիս պատրաստած ողջույնի խոսքերն ու ոտանավորները, ինչպես նաեւ գտնել իրենց հնչեցրած հանելուկների պատասխանները։
Միջոցառման ավարտին հետեւեց ավանդական հյուրասիրությունը։ Մեր հայուհիների ձեռքերով պատրաստած համեղ անուշեղենն ու այլեւայլ ուտեստներն էին։ Ծնողները կենացներ էին ասում՝ մաղթելով առողջություն ամենքին եւ խաղաղ երկինք մեր հայրենիքում ու ամբողջ մոլորակում։ Ի դեպ, հանդեսին ներկա գտնվելուց առաջ հնարավորությունն ունեցա մոտիկից տեսնել եւ շփվել մեր փոքրիկների ծնողների հետ։ Հասկացա, որ նրանք արդեն հասցրել են ճանաչել մեկը մյուսին, գիտեն միասին կատակներ փոխանակել, հարգանքի նշաններ ցուցաբերել միմյանց նկատմամբ։ Մեր կրթական հաստատության դրական արդյունքներից մեկն էլ այն է, որ դասարանի պատերից ներս ընկերացած սաները սովորեցին նաեւ հյուրընկալել իրար եւ տարբեր առիթներով ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպել։ Անշուշտ, հրաշալի սկիզբ, որ եկող ժամանակի մեջ իր շարունակականությունն ու դրսեւորումները կունենա եւ չի կարող չոգեշնչել, չի կարող չուրախացնել, չի կարող որպես օրինակ չծառայել մյուսների համար։ Սփյուռքի պայմաններում մի՞թե դա չէ կարեւորագույն փաստարկներից մեկը հայապահպանման իմաստով, ինչն էլ ապահովվում է, տվյալ դեպքում՝ շնորհիվ կիրակնօրյա դպրոցի։ Եվ մի՞թե այդ ամենը հիմք չի դառնա, որպեսզի եղածը պահպանելու ցանկությամբ զարկ տրվի եկող տարիների ընթացքում ձեռք բերվածին։
Հրաժեշտից առաջ ունկնդիր էի ձեռնարկին ներկա մի քանի նախկին աշակերտների, որոնք կիսվելով ստացած տպավորություններով՝ ընդգծում էին, որ առաջ անհամեմատ փոքրաթիվ էր հայկական դպրոցը, եւ այն տարիներին էլ էին նման միջոցառումներ տեղի ունենում։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար