* «Հարցրեք մեկին, որն աշխատում է որեւէ ընկերության համար, արդյոք ընկերությունը հարյուր տոկոսով օգտագործում եւ զարգացնում է նրա խելքը, ստեղծագործականությունը, եռանդը եւ կարողությունները: Մարդիկ մեծ մասամբ, համարյա միշտ իրենց կարողություններից ինչ-որ բան, կամ նույնիսկ շատ բան թաքցնում են գործատերերից: Դա չի նշանակում, թե նրանք գործից հոգնած չեն տուն գալիս: Բնավ, հոգնած են գալիս, եւ նրանց հոգնության պատճառներից մեկը հենց այդ սահմանափակումն է: Գործին հոգով ու սրտով չնվիրվելը հոգնեցուցիչ է: Գրասենյակային բանսարկություններն ուժասպառ են անում: Աշխատողին ջլատում են իշխանության հիմք ստեղծելու անհրաժեշտությունը, մյուսների հետ դիրքի եւ աշխատավարձի համար մրցակցությունը, գործը նվիրումով կատարելու ժամանակ թիկունքից եկող հարվածի անհանգստությունը: Հիասթափվում ես, երբ ամբողջ էությամբ նվիրում ես քեզ որեւէ գործի կամ ծրագրի իրականացմանը եւ տեսնում, թե ինչպես ուրիշ մեկը պատիվն է վայելու, մեկ ուրիշն էլ՝ եկամուտը» (Փոլ Հոքեն):
* «Երջանիկ է նա, ով կկարողանա այնպիսի ճշգրտությամբ հաշվարկել իր կարիքները, որ իր միջոցները բավականացնեն դրանց առանց ճիգ ու ջանքի: Երջանիկ է նա, ում ունեցվածքի կառավարման կամ բազմապատկման հոգսը չի կտրում նրան իր բնավորությանն ու կերտվածքին ավելի հարմար, ավելի հանգիստ ու հաճելի զբաղմունքներից» (Միշել Մոնտեն):
* «Հարգանք ներշնչեք ձեր հնարավորությունների հանդեպ: Ձեր մասին պատմեք, սակայն մնացեք համեստ (մեկը մյուսին բնավ չի հակասում): Ներշնչեք գործի հաջողության մեջ հավատ, սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ երկխոսության պատրաստակամություն: Ձեր դիրքորոշումն ամրապնդեք՝ պատմելով ձեր բարեհաջող գործարքների մասին, սակայն մի ճնշեք զրուցակցին: Ցուցադրեք արհեստավարժ մարդու հատկություններ. մարդ, որ գիտե, թե ինչի մասին է խոսում» (Վիկտոր Շեյնով):
* «Ձեռնարկատերերի մեծ մասը բավարարության զգացում է ունենում, եթե իրենց աշխատակիցներն ավելի ցածր դրույքներով են վճարվում: Մյուս կողմից՝ շատ բանվորներ գոհ են լինում, երբ պարզվում է, որ իրենք նույն քանակի աշխատանքային ժամանակի համար ավելի շատ են վաստակում, քան իրենց նման այլ աշխատողներ: Իրականում ինչպես ձեռնարկատերը, այնպես էլ բանվորը պիտի որ անհանգստանային այդ վիճակից, քանի որ ժամանակի ընթացքում դա հանգեցնելու է երկուստեք կորուստների» (Ֆրեդերիկ Թեյլոր):
* «Քու արժանիքներուդ ու քու դրամիդ տէրը իսկական դուն չես, այլ իմաստութիւնդ է: Քու կարողութիւններդ ու քու հարստութիւնդ թէ որ մօտդ չգտնեն իրենց տէրը իմաստուն, պիտի գտնեն միշտ իմաստութիւն մը՝ հաւատարմութեամբ ծառայելու անոր» (Նարպէյ Քարաճեան):
* «Կառավարչի աշխատանքի ոճը կարող է կա՛մ դյուրացնել, կա՛մ դժվարացնել ենթակաների ինքնազարգացումը եւ ինքնակատարելագործումը: Կառավարիչը իր ենթականերին կա՛մ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, կա՛մ, ընդհառակը, փակուղի է մտցնում: Նա կայունացնում է արժանավոր անհատ ձեւավորող անձնային հատկությունները կամ էլ, ընդհակառակը, խարխլում է դրանք: Կառավարիչը կա՛մ աջակցում է նրանց սեփական արժանապատվության զգացումը, կա՛մ, ընդհակառակը, ընկճում է նրանց» (Փիթեր Դրաքեր):
* «Արդյունաբերության մեջ մարդկանց հետ աշխատելով՝ մենք հասկացանք, որ նրանք աշխատում են ոչ միայն հանուն փողի, եւ եթե դուք ցանկանում եք նրանց խթանել, ապա փողը չէ դրա առավել արդյունավետ միջոցը: Մարդկանց խթանելու համար հարկավոր է նրանց դարձնել ընտանիքի անդամ եւ նրանց հետ վարվել որպես հարգարժան անդամների» (Ակիո Մորիտա):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ