Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ակադեմիան բանաստեղծների, մանավանդ Հովհաննես Շիրազի տեղը չէ…»

Հունվարի 21, 2023
Մշակույթ
«Ակադեմիան բանաստեղծների, մանավանդ Հովհաննես Շիրազի տեղը չէ…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
382
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շիրազյան թեմաներով մեր ընթերցողի հետ շարունակում ենք զրույցը գրականագետ Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

-Պարոն Մուրադյան, Դուք նշեցիք Գեւորգ Հայրյանին հասցեագրված՝ Շիրազի նամակի մասին՝ «Հայոց դանթեականի» առնչությամբ: Ասացիք, որ այսօր էլ հիշում եք անգիր…

-Այո, իհարկե, եւ հիմա կներկայացնեմ բառացի. «Սիրելի Գեւորգ, մինչեւ հիմա ինչ որ գրել եմ, մի կողմ, այս մեկը՝ մի ուրիշ կողմ: Օգտագործիր բոլոր կապերդ եւ հնարավորություններդ, որ այս գիրքս լուսաշխարհ բերես: Միշտ հիշիր, որ միտք սպանելը ավելի մեծ ոճիր է, քան մարդ սպանելը: Միտք մեռցնողը դժոխքի շան շունն է: Այնպես արա, որ ինքնասպանության մտքի ագռավները գլխիցս դուրս թռչեն…»:

Այս նամակը ինձ տալով` Շիրազն ասաց՝ նախ նամակս կարդա, հետո պոեմս կարդա, հետո կհանձնես Հայրյանին եւ ինձ կասես, որ հանձնել ես: Եվ երբ հաջորդ օրը զանգեցի ու տեղեկացրի, որ հանձնել եմ, հարցրեց՝ է, պոեմս կարդացի՞ր: Ասացի՝ այո: Ինչպե՞ս էր՝ հարցրեց: Ասի՝ հրաշալի, խոսք չեմ գտնում ասելու: Ո՞ր հատվածներն են քեզ դուր եկել, հետաքրքրվեց: Եվ ես սկսում եմ մի գիշերում կարդացածս պոեմն արտասանել Շիրազին: Տուն կանչեց, գնացի: Ասաց՝ էդ ինչըղ ես մի գիշերվա մեջ անգիր արել տասնյակ հազարավոր տողեր կազմող իմ պոեմը: Դե, ասացի, տպավորվել էր, որովհետեւ քո պոեմում նկարագրված դեպքերը, իրադարձությունները ոնց որ մեր գաղթական գյուղացիների պատմածները լինեն: Եղեռնը, ցեղասպանությունը տեսած մարդկանց պատմածները: Դրա համար էլ տպավորվել է, եւ ես հիշում եմ: Եվ երբ ես եղա «Հայոց դանթեականը» հայ իրականության մեջ առաջին տարածողը, բոլորը զարմացան՝ այս ինչ պատմություն է, այս ինչ գեղեցկություն է, այս ինչ հզորություն… Եվ երբ այն ժամանակ պանթեոնի դիմաց գտնվող ավտոճանապարհային տեխնիկումում Շիրազի հետ հանդիպմանը ասմունքեցի «Դանթեականը», միջոցառմանը ներկա Սիրվարդ Մեսրոպյանը մոտեցավ ինձ եւ ապշահար հարցրեց՝ էս ո՞նց ես սովորել էդքանը… Ասացի՝ Շիրազի խորհրդով, նա ինձ ասել էր, որ մի կոմպոզիցիա կազմեմ իրարահաջորդ հատվածներով, որ տրամաբանական կապ ստեղծվի, զարգացման ընթացքում պոեմի տրամաբանությունն ընկալվի: Ես այդպես էլ վարվել էի: Հետագայում Սիրվարդ Մեսրոպյանն արեց նույն բանը, մեկ ես էի կարդում, մեկ՝ ինքը, եւ պոեմն սկսեց տարածվել… Հետո եղավ շատ ցավալի մի դեպք. 1965-ին, եղեռնի 50-ամյակի հիմնադիր ցույցից առաջ բոլորս սպասում էինք, որ «Սովետական գրականություն» ամսագիրը չորրորդ համարում պիտի տպագրի «Հայոց դանթեականը» պոեմի այն կոմպոզիցիան, որ ես էի արել, եւ նայել էր Շիրազը: Սպասում էինք, որ դա պիտի տպագրվի: Լույս տեսավ հանդեսի նշյալ համարը առանց Շիրազի պոեմի. փոխարենը տպագրվել էր Վահագն Դավթյանի «Բայց ծնվեցի» պոեմը… Շատ ավելի հուսահատվել էր Շիրազը, որովհետեւ հույս ուներ, որ իր «Դանթեականն» ինչ-որ կերպ պիտի տպագրվի…

-Իսկ ե՞րբ հրատարակվեց հանճարեղ այս ստեղծագործությունը…

-Այն լույս տեսավ 1989 թ.՝ բանաստեղծի մահից հինգ տարի անց: Շիրազն ինձ ասում էր՝ գիտե՞ք, թե ինձ ինչ են ասում. «Հո չե՞նք ըսե, թե պոեմդ չենք տպե, կտպենք, Շիրազ ջան, անպայման կտպենք, էսպիսի հանճարեղ գործը ո՞նց կարող ենք չտպել…»: Բայց, ասում է, դիտմամբ կձգձգեն, որ ես մեռնեմ, ընձնեն հետո իրենց ուզած ձեւով տպեն, այսինքն՝ կրճատեն, հանեն, հետո տպեն, մտքներինը սա է…

Երբ 1982 թ. Հարություն Ֆելեքյանը դարձավ «Սովետական գրող» հրատարակչության տնօրեն, նրա հետ երկար տարիներ աշխատել էի «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի խմբագրությունում եւ աշխատանքի բերումով մարդկայնորեն մտերմացել էինք, մի օր  զանգահարեց, թե՝ Սամվել, արի «Սովետական գրողի» տնօրենի սենյակ: Ես դեռ չգիտեի, որ նրան արդեն նշանակել են այդ պաշտոնում: Գնացի, տեսնեմ՝ Ֆելեքյանն ու Շիրազը նստած են կողք կողքի: Զարմացա, Ֆելեքյանին թե՝ Դո՞ւք ինչ գործ ունեք այստեղ: Ասաց՝ ինձ են նշանակել հրատարակչության տնօրեն, ես էլ կանչել եմ Շիրազին որ ասեմ՝ Շիրազ, ինչ ունես, պիտի տպեմ, ինձ այդ նպատակով են նշանակել այս պաշտոնին. Կարեն Դեմիրճյանը կանչել եւ ասել է՝ գնա, ու քո գործերից մեկն էլ լինելու է Շիրազի անտիպ գործերի հրատարակումը: Ես էլ ասում եմ՝ Շիրազ, ինչ ունես, պիտի բերես տպենք: Նա էլ ասում է՝ Սամվելը գիտի՝ ինչ ունեմ, ես հիմա չեմ հիշում, Սամվելին հարցրեք՝ թող ասի… Ես շատ ուրախացա, որ նախատեսված է հրատարակել բանաստեղծի հինգ հատորյակը՝ Գեւորգ Հայրյանի ժամանակից սկսած… Ի դեպ, պատեհ է առիթը, որ կրկին հիշեցնեմ. Հայրյանի օրոք որոշված  էր առաջին հատորը տպագրել 60 հազար օրինակով, բայց այն տպագրվել էր 20 հազարով, իսկ մնացած թղթով գլխավոր հրատարակիչը իր վեպն էր լույս աշխարհ բերել: Հիմա էլ շիրազապաշտ ընթերցողը կարող է տեսնել, որ Շիրազի երկրորդ, երրորդ հատորները 60 հազար տպաքանակով են հրատարակված, իսկ առաջինը՝ 20 հազարով, այսինքն՝ 40 հազարի տարբերությամբ: Շարունակեմ. մի օր էլ Ֆելեքյան Հարությունը, անդրադառնալով Շիրազին, չթաքցրեց զարմանքը. «Սամվել, ես գիտեի, որ Շիրազը տաղանդ է, բանաստեղծական հզոր երեւույթ է, բայց որ էսպիսի ահռելի հիշողություն ունի, բայց որ էսքան շրջահայաց մարդ է, բայց որ էսքան հրաշալի գիտի մեր պատմությունը, չէի պատկերացնում…»: Իսկ ես հավելեմ. եղավ այնպես, որ ինձ նշանակեցին «Հայաստանի եւ հարակից շրջանների աշխարհագրական տեղանունների բառարանի» խմբագիր, որը երեսուն տարի շարունակ աշխատելով՝ ստեղծել էին երեք տարբեր խառնվածքների տեր մարդիկ՝ Թադեւոս Հակոբյանը, Ստեփան Մելիք-Բախշյանը եւ Հովհաննես Բարսեղյանը՝ մեկ լեզվաբան, երկու պատմաբան: Ահա այս աշխատանքի ընթացքում մի օր Թադեւոս Հակոբյանը կանչում է ինձ եւ հարցնում. «Շիրազը էդ որտեղի՞ց էդքան խորը հայոց պատմություն գիտի…»: Ասացի, որ Շիրազը նախ հրաշալի գրաբար գիտի եւ հայոց պատմությունը կարդացել է սկզբնաղբյուրներով»: Ասաց՝ հասկացել ենք դա: Եվ պատմեց. «Երեկ երեքով քայլում էինք Օղակաձեւ զբոսայգու ծառուղիներով, քննարկում էինք այսինչ գլխաբառը, այնինչ գլխաբառը, վիճում էինք, թե Խորենացին այս տեղանվան կապակցությամբ ինչ է գրել, տարբեր բաներ ասացինք՝ մեկը Ստեփանոս Մալխասյանի թարգմանությամբ էր հիշում, մեկը՝ գրաբարով, մյուսը՝ չգիտես ինչ մեկնաբանությամբ, երբ պատահաբար հանդիպեցինք Շիրազին: Սա 1983-ի աշնանն էր՝ բանաստեղծի մահվանից մեկ տարի առաջ: Մոտեցավ, բարեւեց եւ ասաց. «Գիտնականիկներ, էդ ի՞նչ կվիճեք…»: Հովհաննես Բարսեղյանը, որ բորբոքուն բնավորություն ուներ, ասաց. «Շիրազ, էս քո խելքի բանը չի, սա ոչ բանաստեղծություն է, ոչ էլ պոեմ, դու գնա քո պոեմներն ու բանաստեղծությունները գրի, մենք գիտական հարցեր ենք քննարկում…»: Մեկ էլ Շիրազը թե՝ չէ՛, չէ՛, հլը անկեղծ ըսեք, ինչի մասին կվիճեք»: Վիճակը մեղմելու համար ասացի՝ Շիրազ ջան, բանավիճում ենք, թե այսինչ տեղանվան մասին Մովսես Խորենացին ինչ է ասում, տարբեր բաներ ենք ասում, չենք համաձայնում: Ասաց. «Է՞դ կուզեիք իմանալ, գիտնականիկներ, դե լսեք՝ այդինչ տեղանվան մասին Խորենացին գրել է այսինչ գրքում եւ այսինչ գլխում, դե լսեք, եւ սկսեց գրաբար արտասանել Խորենացու պատմության այն հատվածները, որոնց մեջ այդ տեղանունը հիշատակվում է…»: Բոլորս ապշած էինք, մենք Շիրազին դրել էինք խենթ բանաստեղծի տեղ, մեզ էլ՝ գիտնականների՞, բայց նա մեզ՝ պատմաբաններիս, այդ ինչպե՞ս ոչնչացրեց եւ բացեց մեր աչքերը»,- ասաց պատմաբանը: Հետո ինձնից հարցրեց, թե ուրիշ ինչ է գրել Շիրազը պատմական թեմաներով: Ասի՝ այնքան: Ասի՝ Շիրազը մեր պատմության գեղարվեստականացման մեջ կատարել է ամենավճռական դերերից մեկը՝ Րաֆֆուց հետո: Դուք, ասի, չեք պատկերացնի, թե ինչ է արել նա: Ասի՝ գրել է «Անի», «Թոնդրակեցիներ», «Մամիկոնյան սուրը» պոեմները, գրել է «Տիգրան Մեծի վիշտը», էլի շատ գործեր, որոնք մեր պատմության գեղարվեստականացումներն են՝ գրված նորագույն ժամանակների համար, որպեսզի նոր սերունդներին սովորեցնի, թե ինչ է հայոց պատմությունը:

-Պարոն Մուրադյան, նախնական մեր զրույցի ժամանակ նշեցիք, որ Շիրազի գրական ժառանգության միայն մի մասն է տպագրվել բանաստեղծի ողջության օրոք, այո՞:

-Այդպես է: Ինքս այդ ժառանգությունն ամբողջությամբ չեմ տեսել, ես նրա ձեռագրերն ստացել եմ մաս-մաս: Ինչո՞ւ: Որովհետեւ Շիրազի մահից հետո դրանք բաժանվել են հարազատների միջեւ՝ կարծելով, թե հարստություն են պահում: Երբ 2011-ին որոշեցինք տպագրել «Անի» պոեմը, մեծապես օգնեց այն ժամանակ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Իսկ Շիրազի պոեմները շա՜տ են ծավալուն: Տեսեք, Թումանյանի պոեմները, որ այդ ժանրի վերջին խոսքն են, ծավալների առումով անհամեմատելի են Շիրազի պոեմների հետ. տեսեք, Թումանյանի ամենամեծ՝ «Անուշ» պոեմը 856 տող է: Ես այստեղ քանակական գերազանցության խնդիր չեմ դնում՝ ասելով, որ Շիրազի «Անին» 11 հազար տող է, «Թոնդրակեցիները»՝ 12 հազար, «Հայոց դանթեականը»՝ 16 հազար: Եվ սա թող ձեզ չսարսափեցնի, որովհետեւ ավելի մեծածավալ պոեմներ էլ կան. 10 հազար տող են Հովհաննես Միրզայան Վանանդեցու «Արդիական Հայաստանի», «Տեսարան հանդիսացն հայկա, արաբա եւ Արայի» պոեմները, իսկ Արսեն Բագրատունու «Հայկ Դյուցազն» պոեմը 22 հազար 332 տող է: Բայց արդյոք սրանք կարո՞ղ են գեղարվեստի առումով համեմատվել թումանյանական պոեմների հետ: Սա բոլորովին ուրիշ խնդիր է: Իսկ Շիրազի պարագայում բոլորովին ուրիշ չափանիշներ պետք է կիրառվեն: Հիմա գալով բուն հարցին, թե շիրազյան ժառանգության որ մասն է տպագրվել իր օրոք, ասեմ տոկոսով՝ 100-ի միայն 40 տոկոսը. 60-ը՝ անտիպ: Ավելին՝ երբ բանաստեղծը դիմել էր ակադեմիա՝ ակադեմիկոս ընտրվելու համար, նրան մերժելու գլխավոր պատճառներից մեկը համարենք սա՝ մի հնագետ ակադեմիկոս բարբաջել էր. «Ինչպե՞ս կարող ենք 60 տոկոսով անտիպ բանաստեղծին ընտրել ակադեմիայի անդամ: Ակադեմիան բանաստեղծների, մանավանդ Հովհաննես Շիրազի տեղը չէ…»: Նույն մարդիկ այդպես ճամարտակելով՝ ակադեմիկոս չընտրեցին նաեւ Պարույր Սեւակին…

Շարունակելի

Թեգեր: Հով­հան­նես Շի­րա­զՍամվել Մուրադյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը

Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist