Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացի համար ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններն ինքնանպատակ կամ պատահականության սկզբունքով չէին ընտրվել: Նրանում ընդգրկված պետությունները ներկայացնում էին մեր տարածաշրջանոււմ ազդեցություն ունեցող երեք հիմնական ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, եւ Ռուսաստանը: Վերջիններս հավասարակշռում էին տարածաշրջանում ուժերն ու շահերը՝ 30 տարի ապահովելով բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ եւ առավելագույնս կանխարգելելով ուժի կիրառման հնարավորությունները:
Սակայն Ադրբեջանն այդ ողջ ժամանակահատվածն օգտագործում էր սպառազինության մեջ Հայաստանին գերազանցելու իր նպատակի իրագործման համար: Այս փաստը խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չէր ցանկանում քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հիմնահարցը, եւ սպառազինության մրցավազքում առաջին իսկ առավելությունն օգտագործեց պատերազմը սանձազերծելու համար:
44-օրյա պատերազմով, սակայն, հիմնահարցը չէր կարող լուծվել, եւ տարածաշրջանում կայունության պահպանման, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար կրկին բանակցություններն առաջնային հարթակ եկան, ինչպես նաեւ դրանց համար անհրաժեշտ կայուն միջավայրի եւ պարբերաբար կազմակերպվող ռազմական ագրեսիայի դրսեւորումների բացառման առարկայական անհրաժեշտություն ծագեց: Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար արտաքին ուժային կենտրոնների լիարժեք ներգրավումն արդեն անխուսափելի դարձավ:
Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն առավելապես հավասարակշռում էր ուժերը տարածաշրջանում եւ կարողանում ազդեցություն գործել կողմերի վրա, այլեւ ուժերի հավասարակշռման բնական գործոն էր դարձել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, իսկ այսօր արդեն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում: Ուկրաինական հակամարտության հետեւանքով Մինսկի խմբի անդամ պետությունները հայտնվել են տարբեր բեւեռներում եւ գրեթե չեն շփվում, սակայն, քանի որ նրանց ներկայությունը տարածաշրջանում արդեն բնական պահանջ է դարձել, շարունակում են իրենց առաքելությունն առանձին-առանձին, բայց՝ նույն նպատակի համար: Այսօր ՌԴ խաղաղապահ զորակազմը խաղաղություն ու կայունություն է ապահովում Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում, իսկ ԵՄ նոր դիտորդական առաքելության նպատակն է զսպել ադրբեջանական ագրեսիան ու սադրանքների փորձերն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում: Պետք է արձանագրել, որ ԵՄ նախկին քաղաքացիական առաքելության երկամսյա ներկայությունն էականորեն զսպեց Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր սադրանքների դիմելու ցանկությունները:
Պատկերի ամբողջականության համար պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային գործընթացներում մեծացավ նաեւ Իրանի՝ տարածաշրջանում անմիջական շահ ունեցող ուժային կենտրոնի դերակատարությունը, բայց տարածաշրջանում գտնվելը թույլ չի տալիս վերջինիս անմիջականորն ներգրավվել կարգավորման՝ արդյունավետ փորձ ունեցող Մինսկի խմբի ձեւաչափում եւ նրա գործողությունների տրամաբանության շրջանակներում: Բոլոր դեպքերում Իրանը շարունակում է ուժեղ գործոն մնալ տարածաշրջանում կայունության պահպանման հարցում:
ԵՄ-ի դիտորդական նոր առաքելության ուղարկմամբ հայտ է ներկայացվում ոչ միայն խաղաղարար դիտորդի, այլեւ կարգավորման բանակցային միջնորդ կողմի գործառույթների համար: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ դիտորդական առաքելությամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում: Տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ առաքելությունը նաեւ կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող կարգավորման բանակցային գործընթացին: