«Որովհետեւ նորանց զօրութիւնն իրանց բերաններումն է, եւ իրանց ագիներումը, որ նորանց ագիներն օձի նման են, որ գլուխներ ունէին եւ նորանցով վնասում էին։ Եւ մնացեալ մարդիկը որ չմեռան այս վէրքերիցը, չապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չերկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են, եւ ոչ լսել, եւ ոչ գնալ»։ Հայտնություն 9։19-20
Մարդու սիրտը շատ խոր ու խորունկ է, եւ այդքան չարչարանքները տրվում են իմաստուններին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել այդ խորխորատների արգելապատնեշները։ Սակայն մարդկանց որոշակի հատվածի համար խստացումներն այն աստիճան են լինելու, որ ոչ մի ողբ այլեւս նրանց չի փրկելու։ Կան չարչարանքներ, որ փրկության են տանում, եւ կան չարչարանքներ, որ տանում են կորստի։ Եթե մարդը չի զղջում եւ դարձի չի գալիս։ Սրանք հայտնություններ են մեր սրտի խորության մասին. ե՛ւ բարին, ե՛ւ չարը չունեն եզրեր։ Հայտնության գիրքը չի բացահայտում միայն Աստծուն, ապագան, պատմությունը, այն նաեւ հայտնություն է մարդու մասին. մարդը կարող է լինել ահավոր, կարող է լինել սատանայի բնակատեղի, չարքի ընկեր, Աստծո թշնամի, կարող է լինել փարավոնից ավելի համառ… Այսինքն՝ սա հայտնություն է մարդու եւ մարդկության մասին։
«Եւ չապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը»։ Հայտնություն 9։21
Ինչո՞ւ է Աստված պատժում եւ չարչարում մեղավոր մարդկությանը. նախ եւ առաջ Նա արձագանքում է սրբերի աղոթքներին, ովքեր պահանջում են հատուցում, իրենց արյան վրեժը։ Սա նույնպես հայտնություն է մեզ համար, որովհետեւ մեր մեջ թյուր կաղապարված կարծիք ու տեսակետ է ձեւավորված սրբերի մասին, թե նրանք միայն բարի հակումներ ունեն։ Սակայն նրանք կարող են հետաքրքրված լինել երկրային կյանքի անարդարություններով։ Դեռ Եսայի մարգարեն էր գրում.
«Վայ քեզ, ով կործանող, որ չկործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չյափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, քեզ պիտի յափշտակեն»։ Եսայի 33։1
Հայտնության գիրքն առավելապես անաստված մարդկանց տանջանքների մասին է, մարդկանց, ում վրա չկա Աստծո կնիքը։ Վերջին օրերին Աստծո մարդիկ պաշտպանված են լինելու։ Իսկ ինչո՞ւ են ներկայումս առավելապես վշտանում արդարները, անմեղները, հավատացյալները։ Սրբության իրագործման, արդարության իրագործման համար։ Չէ՞ որ չարչարանքի խորհուրդն իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում, որտեղ չարչարվում էին Արդարը-Անմեղը, զղջացած մեղավորը եւ չզղջացած մեղավորը։ Այսինքն՝ այստեղ ներկա է չարչարվողների ողջ ներկապնակը։
Այնպես որ, չարչարանքների խորհուրդը մարդկության հավերժ խնդիրներից է, որի գագաթնակետը Գողգոթան է եւ միակ անմեղ չարչարվողը։ Այստեղ է ողջ աշխարհի չարչարանքների էպիկենտրոնը։
Ով չի հասկացել այս ճշմարտությունը, դա նրա «աշխարհի վերջն» է։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ