Մինչ Արցախն արդեն ավելի քան 40 օր մաքառում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախն ու Հայաստանը կապող միակ՝ Լաչինի ճանապարհը փակած Ադրբեջանի հատուկ պատվիրակները՝ կեղծ բնապահպանները, բույն են դրել այդ ճանապարհին, Կենտրոնական Իտալիայի Կաստել դի Սանգրո քաղաքին մերձակա լեռնային ճանապարհին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Խուան Կարիտոյին: Նա մահացել է:
Ինչպես գրել են լրատվամիջոցները, Իտալիայում սգում են նրա մահը: «Բառեր չկան` արտահայտելու մեր տխրությունը տեղի ունեցածի համար»,- «Instagram»-ի իր էջում մասնավորապես այսպիսի սրտառուչ գրառում է արել Աբրուցցոյի, Լացիոյի եւ Մոլիզեի ազգային պարկը:
Իսկ ո՞վ էր Խուան Կարիտոն, որի մահից այդպես ցնցվել են Եվրոպայում, եւ ինչո՞վ էր նա հայտնի: Պարզվում է, որ Խուան Կարիտոն… արջ էր, որին անցյալ տարի, հացի փուռ ներխուժելուց հետո, բռնել եւ տեղափոխել էին հատուկ տարածք: «Խուան Կարիտոն խնդրահարույց արջ էր, բայց այգում մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի նրա համար պայմաններ ստեղծենք եւ թույլ տանք, որ նա ազատ մնա»,- ասել էին վերոհիշյալ ազգային պարկում…
Մինչ Եվրամիության անդամ երկրում դեռ ուշքի չեն եկել բնապահպանական ծանր հարվածից՝ 150 ֆունտ կշռող արջի մահից, ադրբեջանցի «զտարյուն բնապահպանները» նույնիսկ ցավակցություն չեն հայտնել այդ կապակցությամբ: Մասնավորապես, լուռ է Լաչինի ճանապարհը փակած «երդվյալ բնապահպան», Սեֆարդի հրեաների ադրբեջանա-վրացական համայնքի նախագահ, Բաքվի հրեական դպրոցի տնօրեն, ռաբբի Զամիր Իսաեւը, լուռ են նրա վրանային գործընկեր- «բնապահպանության մագիստրոսները»՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։ Տեսնես միջազգային բնապահպանական համայնքը ինչպե՞ս է հանդուրժելու այս հանցավոր լռությունը, որն ադրբեջանցի բնապահպանները դրսեւորում են Խուան Կարիտո անվանյալ արջի մահվան պարագայում:
Միջազգային բնապահպանական կազմակերպությունները միջազգային հանրույթի անքակտելի մասն են, որոնց համար Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ըստ ամենայնի, այնքան էլ կարեւոր չէ: Համենայնդեպս, նրանց գործողություններն այդպիսին են՝ ոչ գործնական, ոչ արդյունավետ, ոչ սրտացավ, կարծես խոսքը մարդկանց, այն էլ շուրջ 120 հազար մարդկանց մասին չէ: Մինչդեռ տրամաբանորեն նրանց գործողությունների վերջնական շահառուն պետք է որ մարդիկ լինեն:
Բայց միջազգային բնապահպաններին թողնենք մի կողմ ու դարձյալ վերադառնանք միջազգային հանրությանը, որի հավաքական կերպարի մասն էլ Իտալիայում է: Այնպիսի տպավորություն է, որ նրա սիրտն ավելի շատ ցավում է արջի, քան՝ մարդու համար: Որքան էլ բնապահպանական առումով ցավալի երեւույթ է, որ Իտալիայում ընդամենը մոտ 50 ապենինյան արջ է մնացել, սակայն, բնականաբար, մեզ համար շատ ավելի ցավալի է, թե ինչպիսի աննախադեպ հումանիտար աղետի մեջ են արցախցիները, աղետ, որի հետեւանքով կան նաեւ մարդկային զոհեր:
Հայկական Արցախում պայմանական արջի կորստյան եւ նույն պահին Եվրոպայում տեղի ունեցող պայմանական հումանիտար աղետի պարագայում արցախցու արձագանքը հաստատ այդպիսին՝ պրոկենդանական եւ անմարդկային չէր լինի, ինչպիսին այսօր լսվում է քաղաքակրթություն դավանողներից: Միեւնույն ժամանակ անտարբերության միջազգային ճգնաժամի եւ Արցախում հումանիտար աղետի, այդ թվում՝ սննդի բացակայության պարագայում, որից տուժում են մասնավորապես երեխաներ, արցախցին իրավունք ունի, մեղմ ասած, անտեսել որեւէ բնապահպանական կանոն ու հանգիստ արջի որս անել: Արցախյան արջը պակաս արժեք չունի, քան ապենինյանն է, իսկ արցախցու կյանքը հաստատ պակաս թանկ չէ աշխարհի որեւէ այլ տարածքում ապրող որեւէ մարդու կյանքից…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ