Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերն Իրանի վրա տեղի ունեցած հարձակման ընթացքում 20-ից ավելի հարված է հասցվել երկրի քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ ռազմաբազաներին ու խոշորագույն օդանավակայաններից մեկին՝ մեծությամբ Իրանի երրորդ քաղաքի՝ Սպահանի ռազմական գործարանին, երկրի նավթավերամշակող ձեռնարկություններին, Դիզֆուլ քաղաքում տեղակայված Իրանի ռազմաօդային ուժերի ավիաբազային, Համադանի ու Քարաջի ռազմաբազաներին, Ռեշտի գործարանին, ինչպես նաեւ Իրանի մայրաքաղաքին՝ Թեհրանին: Օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը խփվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
«Անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ անհաջող հարձակում է կատարվել Սպահանում պաշտպանության նախարարության արտադրամասերից մեկի վրա: Մեկ անօդաչու խոցվել է ՀՕՊ-ի կրակից, իսկ երկուսն ընկել են շենքի տանիքին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Չնչին վնաս է հասցվել արտադրամասի տանիքին, սարքավորումներն անձեռնմխելի են մնացել»,- մասնավորապես՝ նշված է Իրանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Հարկ է նշել, որ իրանական Ատրպատականի Շահիդ Սալինի շրջանի Ազարշահր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել շարժիչների յուղի արտադրության ձեռնարկությունում: Այրվել են վառելիքի մի քանի պահեստարաններ: Այս հարձակումից առաջ «ահաբեկչական հարձակում» էր կատարվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Իրանի իշխանությունները ձերբակալել են հարձակվողին եւ հանդես եկել հայտարարությամբ, որ «ահաբեկիչը» գործել է ընտանեկան պատճառներով: Սակայն ադրբեջանական կողմը չափազանց սուր արձագանքեց տեղի ունեցածին՝ օգտագործելով այնպիսի հտետորաբանություն, որը բնորոշ չէ նման իրավիճակներին: Այս փաստն արդեն իսկ ստիպում է ենթադրել, որ այստեղ ամեն բան այնքան էլ պարզ չէ: Ադրբեջանը նաեւ իր դեսպանատան աշխատակիցներին է տարհանել Իրանից, ինչը կասկածներ է առաջացնում, որ առնվազն տեղյակ էր այն ամենին, ինչ հետո պիտի տեղի ունենար:
Ավելի ուշ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է օգտագործել միջազգային համապատասխան մեխանիզմները դիվանագիտական առաքելության դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության համար: Նա նշել է. «Իրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի դադարեցման մասին որոշումը չի ներառում Թավրիզի գլխավոր հյուպատոսության աշխատանքը: Իրանական կողմի պնդումը, որ հարձակումը կատարվել է ընտանեկան պատճառներով, աբսուրդ է: Որպես երկիր՝ Իրանը պատասխանատվություն է կրում այդ ահաբեկչական ակտի եւ նրա ծանր հետեւանքների համար»: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, չի վստահում իրանական կողմին Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ապահովման գործում:
Փաստորեն, այդ բացառիկ «ահաբեկիչը» հրաշալի ժամանակ էր ընտրել, որպեսզի դեսպանության աշխատակիցներին հնարավորություն տա տարհանվել մինչեւ Իրանի վրա հարձակումը, որը լիովին համապատասխանում է կեղծ Ադրբեջանի կեղծ շահերին՝ կապված Ատրպատականին ներկայացվող կեղծ պահանջների հետ: Բաքուն նաեւ չի դադարեցնում Ատրպատականում իր հյուպատոսության աշխատանքը, բայց «ահաբեկչի» շնորհիվ թաքցնում է իր մասնակցության չափը՝ հանդես գալով մեղադրյալի դիրքերից:
Համաշխարհային լրատվամիջոցներում կարծիքներ հնչեցին, որ հարձակվել են ԱՄՆ-ն ու «եւս մեկ երկիր»: Շեշտվեց, որ, իբր, Վաշինգտոնը փորձում է ուկրաինական սցենարը զարգացնել «ոչ միայն Եվրոպայում, այլեւ մնացյալ ողջ աշխարհում»՝ մնալով կայունության միակ կղզին մոլորակի վրա, միակ երկիրը, որն ուղղակիորեն չի մասնակցում գլոբալ ուժային դիմակայությանը:
Մեկնաբանելով Իրանի վրա կատարված հարձակումը՝ ամերիկյան ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հարվածների հասցման հետ ոչ մի կապ չունի»: Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը շեշտել է. «Միացյալ Նահանգներն իրանական տարածքի օբյեկտներին հասցված հարվածների մասնակից չէ»:
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը կատարյան իր գործընկերոջ հետ թեհրանյան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում իրանական տարածքին հասցված հարվածներն անվանել է «վախկոտ քայլ նրանց կողմից, ովքեր նույնիսկ քաջություն չունեն՝ խոստովանելու իրենց արածը»:
«Նպատակն Իրանում խուճապ առաջացնելն էր: Ես ուզում եմ ասել, որ այդ առումով նրանք իրենց նպատակին չհասան: Նաեւ կավելացնեմ, որ այդ գրոհները հաստատ մեզ չեն ստիպի հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից՝ կապված մեր երկրի պաշտպանության հետ»,- ասել է նա:
Կասկածների տակ է հայտնվել նաեւ Իսրայելը, որը սովորաբար չի մեկնաբանում Իրանի դեմ իր հարձակումները: Արաբական «Al Arabiya»-ն գրել է, որ Իսրայելը ռազմական հատուկ գործողություն է սկսել Իրանի դեմ: Շատ ԶԼՄ-ներ են խոսել այդ մասին՝ ընդգծելով, որ Իսրայելը հարվածներ է հասցրել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին, հատուկ ծառայության ուժերի «Քուդս» բազային: Վերլուծաբաններից շատերը համոզված են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ում նրա ընդդիմադիրներն անվանում են «Պուտինի եւ Էրդողանի պես բռնակալ», նման քայլ է կատարել երկրում ծայր առած անկարգություններին վերջ դնելու նպատակով: Ստեղծված իրավիճակում Իրանին հասցված հարվածը, ըստ փորձագետների, պետք է լինի այն իրադարձությունը, որն իր շուրջ կհամախմբի ազգին, իսկ նրան համախմբել կարող է միայն արտաքին թշնամու գործոնը: Հակառակ դեպքում «սառը քաղաքացիական պատերազմը», ինչպես անկարգությունները բնութագրում են Իսրայելում, մասերի կբաժանի երկիրը:
Ակնհայտ է նաեւ, որ «իսրայելական հետքի բացահայտման» ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարում ռուսաստանյան վերլուծական, փորձագիտական ու քարոզչական շրջանակները: Իսկ «Al Hadath» հեռուստաալիքը, հենվելով իր աղբյուրների վրա, նշել է, որ հարձակման հետեւում կանգնած է ոչ թե Իսրայելը, այլ հենց «ԱՄՆ-ն ու եւս մի երկիր», իսկ հարվածի նպատակը բալիստիկ հրթիռների պահեստի ոչնչացումն է եղել:
Չպետք է մոռանալ, որ Թուրքիան տարածաշրջանում ներկայացնում է Հյուսիսատլանտյան դաշինքը, իսկ առաջիկա ընտրությունների ֆոնին վերջերս Վաշինգտոն էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Չպետք է մոռանալ նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի ու Իսրայելի հատուկ հարաբերությունների մասին: «ՀՀ»-ի հաջորդ համարում ավելի մանրամասն կանդրադառնանք թուրք-ադրբեջանա-իսրայելական հետքի հնարավորության հարցին՝ փորձելով հասկանալ նրանց դերն ու Հայաստանին սպառնացող մարտահրավերները: