«Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ է շրջանառության մեջ դրվել երեկ։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր եւ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.):
«Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գեղաթերթիկի վրա պատկերված են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը եւ «150-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն եւ անգլերեն: Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: