Նախորդ տարվա փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ավելին է, քան պարզապես սահմանային կամ տարածքային խնդիր. հակամարտությունը նաեւ գաղափարախոսական եւ հոգեբանական արմատներ ունի: Այդ վաղեմի հակամարտությունն անչափելի շատ տրավմատիկ հետեւանքներ է թողել ու շարունակում թողնել ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների վրա:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական հակամարտության մեջ մինչ այժմ փաստացի ներգրավված են եղել միայն այդ երկու երկրները: Սակայն միջազգային հանրությունը՝ ի դեմս Արեւմուտքի, անխուսափելիորեն հակամարտության կողմ է դարձել: ՆԱՏՕ-ն հարձակվողական կեցվածք է ընդունում՝ նյութատեխնիկական եւ այլ ռազմական աջակցություն ցուցաբերելով Կիեւին։ ՆԱՏՕ-ի արեւելյան անդամների սահմանները, մասնավորապես՝ բալթյան երեք երկրների եւ Լեհաստանի, Դաշինքի նոր առաջնագիծն են դարձել: Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք գործնականում մոտ են ՆԱՏՕ-ին եւ նույնիսկ մտածում են անդամակցության մասին, նույնպես դիրքավորվել են: Տրամաբանությունը կլինի ժամանակ եւ տարածություն տալ քաղաքական, եւ գուցե նաեւ տարածքային ճշգրտումների համար, որոնք հիմք կստեղծեն եւ՛ ներքաղաքական, եւ՛ միջազգային երկարաժամկետ կայունության համար, քանի որ բոլորն են հասկանում, որ պատերազմից հետո աշխարհն այլեւս առաջվանը չի լինի։
Հաշվի առնելով պատերազմի ինտենսիվությունն ու դրա ծանր հետեւանքները՝ հակամարտությունը միանշանակ չունի ռազմական լուծում։ Ուստի պահանջվում է պետական այրերի եւ դիվանագետների ակտիվ միջամտությունը ոչ միայն երկու երկրներից, այլեւ միջազգային հանրությունից։ Հրատապ խնդիր է այդ միջամտությունն արդյունավետ դարձնելը, այսինքն՝ ոչ միայն կազմակերպել հանդիպումներ, այլեւ դրանց ընթացքում ամեն գնով խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղիներ որոնել։ Հակամարտությունը ոչ միայն քաղաքական է, այլեւ հոգեբանական։ Խոսում ենք խնդիրը դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու մասին, սակայն մի շատ կարեւոր հանգամանք դուրս է մնում վերլուծական խոշորացույցից. ուշադրություն պետք է դարձնել առաջնորդների, դիվանագետների, գործընկերների հոգեկան վիճակներին եւ տրամադրվածությանը: Ընդլայնված սոցիալական մակարդակում բռնությունից անմիջականորեն տուժած բնակչության մեջ սոցիալական եւ տարածքային խաթարման հոգեբանական իրողությունների հատուկ իրազեկում է պահանջվում: Սոցիումի մասնատման պատճառով նման դիվանագիտական ռազմավարությունը, որը պահանջվում է՝ ի լրումն ավանդական պաշտոնական դիվանագիտության, պետք է ցույց տա հասարակությունը «բուժելու» նշաններ: Դիվանագիտության տարեգրությունը ներառում է բաղադրիչներ, որոնք ցույց են տալիս հասարակության ընդհանուր հոգեկան վիճակի կայունության կարեւորությունը, ինչն այս դեպքում կկոչվի դիվանագիտական թերապիա:
Դիվանագիտական տեսության շրջանակներում այս հայեցակարգը դեռեւս արժանի է մշակման։ Հասկանալն ու կարեկցանքը համբերության հետ մեկտեղ միշտ ճանաչվել են որպես դիվանագիտական բարձրագույն հատկանիշներ։ Պատկերացնել, թե ինչպես է հակառակորդը տեսնում իրերը՝ թափանցելով դիմացինի մտքի ու միջավայրի մեջ եւ նկատի ունենալով երկարատեւ շարունակական երկխոսություն ընդհանուր հեռանկար ձեւավորելու համար։ Թերապեւտիկ գիտակցված դիվանագիտությունը ենթադրում է բուժիչ գործառույթների կիրառում: Նման գործառույթ կարող է ունենալ «խաղաղեցումը»։ Հատկանշական է, որ այդ երեւույթն առաջին անգամ հանդիպել է կենդանական աշխարհում, երբ որեւէ կենդանատեսակ փորձել է խաղաղեցնել իր նույն տեսակի կենդանու ագրեսիան: Միջազգային հարաբերություններում «խաղաղեցնելու» գործընթացը, ցավոք, բարոյապես եւ քաղաքականապես վարկաբեկվեց 1930-ականների վերջին բրիտանական արտաքին քաղաքականության ձախողման պատճառով, եւ այդ բառն այդ ժամանակվանից օգտագործվել է որպես հռետորական զենք: Օրինակ՝ նախագահ Զելենսկին այն օգտագործեց 2022 թ. Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալիս՝ հանդիմանելով արեւմտյան ուժերին դեռեւս 2014-ից «ռուսական էքսպանսիային» ավելի արդյունավետորեն չհակազդելու համար։ Ի՞նչ պատասխանեց աշխարհը՝ խաղաղեցում։
Նմանատիպ եզրույթը ավելի լավ է նկարագրում մարտավարական ջանքերը՝ նվազեցնելու «հարձակվող» կողմի ագրեսիվությունը եւ խաղաղեցնելու «տուժող» կողմին: Վերլուծաբաններն ու պատմաբաններն ուսումնասիրում են այն, թե արդյոք Վլադիմիր Պուտինի դժգոհություններն իրականում հիմքեր ունե՞ն, արդյոք ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները միտում ունե՞ն ընդլայնելու ՆԱՏՕ-ն, արդյոք արդարացվա՞ծ է կարծելու, թե Ռուսաստանի անվտանգությունը վտանգված է: Առաջանում է նաեւ այլ հարց՝ իրականում Արեւմուտքի նպատակը Ռուսաստանի ագրեսիան նվազեցնե՞լն է, թե՞ ավելի բորբոքելը։ Ուստի, եթե դրանք միտք ունեն «խաղաղեցնել» կողմերին, ապա ողջունելի է։ Սակայն, եթե դրանց միակ նպատակը Ռուսաստանին ավելի ագրեսիվ կերպարի մեջ դնելն է, ապա պետք է բացառել Արեւմուտքի ցանկացած գործողություն։ Այդ դեպքում, գուցե, հակամարտող կողմերը պատրաստակամությամբ կընդունեն պատասխանատվություն, որի արդյունքում կձեւավորվի երկխոսություն՝ ուղղված ընդհանուր փոխըմբռնմանն ու համագործակցության ձեւավորմանը։
Թեեւ երկրների հարաբերությունների «ապաքինումն» ինքնին կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ հակառակորդներն իրենք են կարողանում ինչ-որ կերպ խաղաղություն հաստատել, այնուամենայնիվ, դիվանագետների միջամտությունը՝ որպես երրորդ կողմ (ներկայացնում են նաեւ առանձին ազգեր եւ միջազգային կազմակերպություններ), կարող են նպաստել դրան: Հետեւաբար, այդ ներգրավվածությունը պետք է լինի ընդունելի կողմերի համար։
Այսպիսով՝ հակամարտության հոգեբանական կողմը նույնպես կարեւոր է վերլուծությունների համար, քանի որ հենց այդտեղ են պատերազմի հանգուցալուծման արմատները։ Հետեւաբար, դիվանագիտական քայլերի հաջորդականությունը վճռորոշ է խաղաղություն հաստատելու տեսանկյունից։ Եթե դրանք ընդունվեն հակամարտող կողմերի կողմից, միջազգային հանրության ինստիտուտները, հիմնականում ՄԱԿ-ը եւ նրան առընթեր դոնոր կազմակերպությունները՝ անդամ-պետությունների ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ, կարող են նպաստել անհրաժեշտ երկխոսության հաստատմանը։ Կարեւոր է առանց խտրության աջակցել երկրների տնտեսական զարգացմանը եւ վերակառուցմանը հետպատերազմյան շրջանում: