Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժը երեկվանից միջազգային լրահոսի գլխավոր լուրերից մեկն է։ 7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում եւ Սիրիայում խլել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնց թիվը շարունակում է աճել։ Երկրաշարժը նաեւ մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ Փլուզվել է պատմական Այնթափ ամրոցը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հունաստանում, Իսրայելում, Իրաքում, Լիբանանում, Կիպրոսում, Իրանում, Վրաստանում եւ Հայաստանում։ Անկարային օգնության առաջարկներ են ստացվել աշխարհի արդեն 45 երկրներից, ինչպես նաեւ ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից։ Եվրոպական միությունը արդեն իսկ փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներն ունեն նաեւ քաղաքական բաղադրիչ, որն իր ազդեցությունը կունենա ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործընթացների վրա։ Եթե մինչ երկրաշարժը թվում էր, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը ձեռնտու է իշխող քաղաքական ուժի եւ մասնավորապես նախագահ Էրդողանի համար, ապա ներկա իրողություններում այն բավականին լուրջ մարտահրավեր է դառնում։ Հարցն այն է, որ տնտեսական եւ սոցիալական առկա խնդիրներին գումարվելու են երկրաշարժի հետեւանքով առաջացածները։ Երկրաշարժի գոտում աշխատանքներն անձամբ համակարգելու նպատակով Էրդողանն արդեն իսկ այցելել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակ։ Թե ինչ արագությամբ եւ որակով կկարողանան իշխանությունները վերացնել կամ առնվազն նվազագույնի հասցնել երկրաշարժի հետեւանքները, կազդեն ընտրությունների արդյունքների եւ հատկապես Էրդողանի վարկանիշի վրա։ Ստեղծված իրավիճակում ընդդիմությունը կփորձի քաղաքական շահաբաժիններ հավաքել։
Երկրաշարժի հետեւանքով լրջորեն վնասվել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի խոսքով, վնասներ կան թե՛ էլեկտրահաղորդման գծերի, թե՛ գազատարների մասով, ամենամեծ վնասը կրել է այն գազատարը, որը բնական գազի փոխադրման հիմնական գիծն է դեպի Մարաշ, Այնթափ, Հաթա եւ Քիլիս։ Էներգետիկ ենթակառուցվածքին հասցված վնասը նույնպես եթե ոչ ուղղակիորեն, ապա միջնորդավորված կերպով բացասական քաղաքական ազդեցություն կունենա։ «Գազային հանգույց» լինելու հայտ ներկայացրած Թուրքիայի համար ստեղծված դրությունը խոցելի է դարձնում նման հեռանկարն առնվազն «հոգեբանական» մակարդակում։ Այստեղ եւս ամեն ինչ պայմանավորված կլինի հետեւանքները վերացնելու ուղղությամբ իշխանությունների իրականացրած քայլերի արագությունից եւ որակից։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բաղադրիչին, ապա մի շարք արեւելագետներ բնական աղետը հարմար առիթ են համարում Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ունենալու համար, որի առիթը երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքներն են։ Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման թեմային առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի հետ Դամասկոսում կայացած բանակցությունների ընթացքում։ «Թուրքիայի հետ բանակցությունները պետք է միտված լինեն Սիրիայի տարածքի դեօկուպացիային եւ ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցմանը»,- «Reuters»-ի փոխանցմամբ` հայտարարել էր Ասադը։ Հավելենք, որ Էրդողանն իր հերթին խոսել էր Ասադի հետ հանդիպելու ցանկության մասին 2022 թ. կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Եթե, այնուամենայնիվ, երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա, այն կլինի առաջին ուղիղ շփումը 11 տարվա ընթացքում։
Այս համատեքստում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հեռանկարն ավելի առարկայական է թվում։ Սակայն չմոռանանք, որ Էրդողանի համար այդ հնարավորությունը կարող է ընդամենը մարտավարական քայլ լինել նախընտրական շրջանում։ Այն թույլ կտա առկախել հակամարտությունը, ինչն իր հերթին կթուլացնի տարածաշրջանային տուրբուլենտությունն ու դրա ազդեցությունը Թուրքիայի ներքին քաղաքական գործընթացների վրա։ Փորձագետները նշում են, որ ժամանակին՝ 1999 թ. Թրակիայում տեղի ունեցած երկրաշարժը նպաստել էր Թուրքիայի եւ Հունաստանի հաշտեցմանը Էգեյան ծովում նրանց միջեւ լարվածությունից հետո: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ «հաշտեցման» գնացող Թուրքիան սպասարկում է միայն սեփական օրակարգից բխող շահերը։