Աստծո գաղտնիքը աշխարհի վերջի գաղտնիքն է, որովհետեւ երբ վերջանում է մի աշխարհը եւ սկսվում այլ աշխարհ, մենք ոչինչ չգիտենք այդ այլ աշխարհի մասին։
Ե՞րբ է մարդը այս կյանքում զգալու հավերժությունը։ Երբ նրա միտքը բացարձակ մերկ է տարաբնույթ ուղղություններից ու մտածումներից եւ ունի մե՛կ, միայն մե՛կ միտք, որն ուղղված է Միակին։ Այդ ժամանակ է, որ մարդը կորցնում է ժամանակի զգացողությունը։
Աստծո խորհուրդը հայտնի է լինելու, երբ հնչի յոթերորդ փողը. եւ այդ հայտնին այն է, ինչին Աստված մեզ ուղղորդել է մարդկության ողջ պատմության ընթացքում։ Աստծո խորհրդին հակադրվում են անօրենության խորհուրդը, գաղտնիքը։ Անօրենին գործելու հնարավորություն է տրվում, սակայն երբեմն նրա խորհուրդը, նրա գաղտնին դառնում է ակնհայտ. ասենք՝ նախկինում ոչ ոք սեռափոխության բացահայտ կոչ չէր անում, անսեռ պետքարաններ չէին կառուցում, ծնողներից մեկին չէին դատում այն բանի համար, որ հրաժարվում է ընդունել տասնմեկ տարեկան իր երեխայի սեռափոխության որոշումը…
«Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց»։ Ծննդոց 1։27
Այսօր որոշ երկրներ մուտք գործելիս անգամ վավերաթղթերի վրա են նշում երեք սեռ։ Նախկինում դա գաղտնի էր, այսօր՝ ակնհայտ ու բացահայտ։ Որոշակի կարծիք կա, որ անօրենի ծրագրերով զբաղվում են այս կամ այն գաղտնի միությունները։ Մենք պետք է վախենանք ոչ թե գաղտնի միություններից, այլ ակնհայտ ու բացահայտ այլասերություններից։
«Եւ այն ձայնն որ երկնքիցը լսեցի դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. Գնա առ այն բաց գրքոյկը, որ ծովի եւ ցամաքի վերայ կանգնած հրեշտակի ձեռքին է։ Եւ ես գնացի հրեշտակի մօտ եւ ասացի նորան. Տուր ինձ այդ գրքոյկը. եւ նա ասեց ինձ. Առ եւ կեր սորան, եւ սա կդառնանայ փորումդ, բայց բերանումդ քաղցր կլինի մեղրի պէս»։ Հայտնություն 10։8-9
Գրվածը ավելի հասկանալի է դառնում, քանզի այս մասին կա գրված նաեւ Եզեկիել մարգարեի գրքում։ Աստծո խոսքը քաղցր է շուրթերին, եւ մարդիկ շատ հաճախ միայն դրանով էլ բավարարվում են։ Կանգ են առնում։ Այնինչ այն հարկավոր է ներս ընդունել, որտեղ Խոսքը պետք է գործի դեղահաբի նման, որը հաճախ դառնահամ է։ Երբ այն սկսում է գործել մարդու մեջ, ապա հյուծում է մեղքերը… եւ դա ցավոտ գործընթաց է։ Շատ բարդ է ե՛ւ քաղցրությունն զգալ, ե՛ւ դառը ներգործությունն ընդունել։ Թեպետ սրբերի օրինակը ցույց է տալիս, որ անհնար չէ, նրանք ե՛ւ մեկն են հաճույքով կատարել, ե՛ւ երկրորդն են սիրով ընդունել։
Հովհաննես առաքյալը, ում տրված էր ճանաչելու եւ փոխանցելու ամենախորհրդավորը, հաստատ սովորական մարդ չէր եւ նա ցույց է տալիս նաեւ քաղցրության ու դառնության մեղքի կողմը. մեղքը կատարելիս թյուր ըմբռնում կա, թե քաղցր պտուղներ են ճաշակվում, սակայն արդյունքն ու հետեւանքները շատ դառն են լինում։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ