Ուկրաինան եւ Գերմանիան շատ առումներով ռազմավարական դաշնակիցներ են. նրանք ակտիվորեն համագործակցում են, եւ Գերմանիայի աջակցությունը չափազանց կարեւոր է Ուկրաինայի համար: Մյուս կողմից՝ Կիեւը եւ Բեռլինը հաճախ հրապարակայնարոն տարաձայնություններ են ունենում մի շարք հարցերի շուրջ: Այս հակասությունն առաջին հերթին բխում է Ռուսաստանի նկատմամբ երկրների դիրքորոշումների տարբերությունից։ Թեեւ մոտեցումները զգալիորեն կամրջվեցին 2022 թ.՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, սակայն դրանք չվերացան։ Շատ հարցերում դեռ շոշափելի իրարամերժ դիրքորոշումներ կան, օրինակ, թե ինչպիսին կլինի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքը:
Պատերազմին նախորդող տարիներին Ուկրաինան եւ Գերմանիան շատ տարբեր մոտեցումներ ունեին Ռուսաստանից եկող սպառնալիքի նկատմամբ։ Դոնբասում ռազմական գործողություններից հետո ԵՄ-ի հետ իր քննարկումներում Կիեւը ձգտում էր կենտրոնանալ անվտանգության եւ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման վրա: Բեռլինն այլ առաջնահերթություններ ուներ՝ շեշտը դնելով Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Գերմանացի առաջնորդները ցանկանում էին, որ Ուկրաինան հաջողությամբ կատարի արեւմտամետ փոփոխություններ, «անջատվի» Ռուսաստանից եւ ընտրի եվրոպականացվելու ուղին:
Գերմանացիները ռուսական կողմից պատերազմի գրեթե ոչ մի սպառնալիք չէին տեսնում: Նախկին կանցլեր Ա. Մերկելը շատ գերմանացիների համոզեց, որ իրենց երկիրը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ: Ուստի Ռուսաստանի գործողություններն ու սպառնալիքներն ընկալվում էին որպես սեփական շահերը պաշտպանելու փորձեր: Ֆրանսիան եւ Գերմանիան հետեւողականորեն աջակցում էին Ռուսաստանի ներգրավմանը եվրոպական անվտանգությանը։ Մասամբ սա էր պատճառը, որ եվրոպացիները թերահավատորեն էին վերաբերվում ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմին։ Ուկրաինացիներն այս դիրքորոշումը համարում էին թուլության, անվճռականության եւ նույնիսկ կոռուպցիայի նշան։ Իր հերթին՝ Բեռլինը կարծում էր, որ Ուկրաինան ուռճացնում էր ռուսական սպառնալիքը:
2013-2014 թթ. իրադարձությունները որոշակիորեն թուլացրին Գերմանիայի հավատը Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության նկատմամբ։ Բեռլինը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց եւ կրճատեց իր քաղաքական հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այդուհանդերձ, Մերկելը փորձում էր ստիպել Ռուսաստանին շտկել իր քայլերը իրավիճակային համագործակցության միջոցով, օրինակ՝ աշխատեց սառեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը Մինսկի համաձայնագրի շրջանակներում: 2016-2020 թթ. Եվրոպան՝ ի դեմս Գերմանիայի, փորձեց վերադառնալ Ռուսաստանի հետ բնականոն համագործակցությանը. եղան պատժամիջոցները թուլացնելու կոչեր ու համագործակցության առաջարկներ:
Գերմանիայի վերաբերմունքի այս փոփոխությունը որոշ չափով բխում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։ Եվրոպացիներին արդեն հյուծել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով առաջացած տնտեսական կորուստները, որոնք զգացնել տվեցին հատկապես Գերմանիայում։ Սա մի շարք հասարակական տարաձայնություններ առաջացրեց Գերմանիայի եւ Ուկրաինայի միջեւ, օրինակ՝ 2017-2021 թթ. «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման շուրջ: Ուկրաինացիները Գերմանիային պատասխանել են «գերմանական դավաճանություն» պիտակով, ինչը վրդովմունք է առաջացրել գերմանացի հասարակության շրջանում։ Գերմանիայում շատերն Ուկրաինան միշտ համարել են Ռուսաստանի ազդեցության գոտու մաս։ Հետեւաբար, նրանք պատրաստակամ չէին քննարկել դրա լայնամասշտաբ եվրաատլանտյան ինտեգրումը։ Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա 2009 թ. մեկնարկած «Արեւելյան գործընկերության» նախագիծը ծառայեց որպես ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության փոխարինող:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Գերմանիան այլեւս չէր կարող իրեն թույլ տալ «ձեռքերը ծալած» սպասել, մինչ եւս մեկ հարձակում էր իրականացվում եվրոպական անվտանգության ճարտարապետության դեմ՝ այս անգամ ուղղակիորեն: Դա կտրուկ շրջեց Մերկելի երկարամյա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանի ներխուժումն ամրապնդեց Կիեւի դիրքերը Բեռլինի հետ հակասություններում՝ թույլ տալով Ուկրաինային սուր քննադատության ենթարկել Գերմանիային իր դանդաղկոտության եւ չափից ավելի զգուշավորության համար: Այժմ Ուկրաինան վայելում է հսկայական լոբբիստական աջակցություն ԵՄ երկրներում՝ ձեռք բերելով «իրավունք»՝ ճնշում գործադրելու Գերմանիայի կառավարության վրա: Շատ ուկրաինացիներ նախկին կանցլեր Մերկելին մասամբ պատասխանատու են համարում պատերազմի մեկնարկի համար: Նրան մեղադրում են «Հյուսիսային հոսք» նախագծերի, հակառուսական պատժամիջոցների վերացման կոչերի եւ Ուկրաինային մինսկյան անբարենպաստ համաձայնագրերի ստորագրման մղելու փորձերի մեջ: Սակայն Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու վերջին կոչերը չեն բարելավել նրա հեղինակությունը:
Հենց այս քննադատություններն են դրդել Գերմանիային սովորականից ավելի ակտիվ աջակցել Ուկրաինային՝ երբեմն իրենց կամքին հակառակ: Քանի որ, բնականաբար, Ուկրաինան կենտրոնացած է պաշտպանության եւ ավելի քիչ՝ իր տնտեսությունը զարգացնելու եւ այլ բարեփոխումների վրա, պատերազմը նեղացրել է երկրների հարաբերությունների շրջանակն անվտանգության եւ ռազմական ոլորտներում: Երկկողմ հարաբերություններն այս պահին չեն կարող բարելավվել, քանի որ երկու երկրներն սկզբունքորեն տարբեր հայացքներ ունեն պատերազմի արդյունքների վերաբերյալ։ Կիեւը կարծում է, որ ժամանակ չպետք է վատնի. իր ռեսուրսներն արագորեն սպառվում են պատերազմի պատճառով, եւ հումանիտար ճգնաժամն ավելի է սրվում, մինչդեռ Արեւմուտքը «հոգնում» է ձգձգվող հակամարտությունից ու հավանական է, որ շուտով ավելի կոպտորեն ստիպի երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Սրան հակառակ՝ Ուկրաինան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ ռազմական աջակցություն, որպեսզի կարողանա ռուսական զորքերը դուրս մղել փետրվարի 24-ից ի վեր օկուպացված տարածքներից։ Եվ Եվրոպան դա չի դիտարկում որպես պատերազմն ավարտին հասցնելու միտում։
Գերմանիան, անշուշտ, չի կարող կատարել Ուկրաինայի բոլոր պահանջները. որոշ էլիտաներ ընդհանրապես չեն ցանկանում դա անել՝ վախենալով Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հակամարտությունից կամ, ավելի վատ, Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումից: Այնուամենայնիվ, պատերազմը դրդեց Գերմանիային վերագնահատել իր դերը ԵՄ-ում: Երկար ժամանակ լինելով նրա տնտեսական առաջատարը՝ նա այժմ ձգտում է լինել նաեւ անվտանգության եւ պաշտպանության երաշխավորը։ Քանի որ Ռուսաստանի հետ Եվրասիայի անվտանգության ճարտարապետության շուրջ համագործակցություն հնարավոր չէ, Բեռլինը կենտրոնանում է ակտիվ զսպման ռազմավարությունների վրա։ Քանզի Ռուսաստանի ցանկացած զսպումն անհնար է առանց Ուկրաինայի ակտիվ մասնակցության, դա նշանակում է, որ Կիեւն ինչ-որ ձեւով ինտեգրվելու է արեւմտյան կառույցներին։ Այնուամենայնիվ, ուկրաինացիները որոշ ժամանակ դեռեւս կհիշեն 2014-2022 թթ. Գերմանիայի մոտեցումը, ինչը կդժվարացնի Ուկրաինայի լիակատար վստահությունը վաստակելը: Բացի այդ, եթե Ուկրաինան չվերականգնի իր տնտեսությունը հետպատերազմյան շրջանում, Գերմանիայի հետ նրա հարաբերությունները կսահմանափակվեն ռազմական եւ ֆինանսական աջակցությամբ։
Թեեւ Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը կշարունակի լինել արեւմտամետ եւ կենտրոնանալ եվրաատլանտյան կազմակերպություններին միանալու վրա, երկիրը կձգտի նաեւ ամրապնդել տարածաշրջանային գործընկերությունը Թուրքիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների եւ Մեծ Բրիտանիայի հետ՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ազդեցությանը հակակշռելու համար: Այսպիսով՝ երկկողմ հարաբերություններում խնդիրները դժվար թե շուտափույթ լուծում ստանան։ Ուկրաինան չի ցանկանա դառնալ Ռուսաստանը եւ Արեւմուտքը բաժանող եւս մեկ բուֆերային գոտի, բայց դա այն սցենարն է, որը Գերմանիան լրջորեն ցանկանում է իրականացնել՝ վախենալով նոր պատերազմից կամ Մոսկվայի միջուկային սպառնալիքներից: