Ուկրաինական ճգնաժամից դուրս գալու համար ելքեր ու սցենարներ են մշակվում։ Հրապարակայնացված տարբերակներն առավելապես հանրային տրամադրություններն ստուգելու, ինչպես նաեւ դրանք ուղղորդելու համար են։
Հունվարի կեսերին արեւմտյան մամուլը գրում էր Վաշինգտոնի առաջարկով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հաշտություն կնքելու մասին, ըստ որի՝ ռուսական կողմին առաջարկվել է զիջել Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը, սակայն կողմերը հրաժարվել են։ Հակամարտության վերջը դեռ չի երեւում, մինչդեռ ռազմական ծախսերը խնդիրներ են ստեղծում կողմերի համար։ Ֆինանսական դժվարությունները, սակայն, չեն ավարտվելու միայն ռազմականով, քանի որ, անկախ պատերազմական գործողությունների ելքից, այդ տարածքների վերականգնման համար նույնպես միջոցներ են պահանջվելու։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Չինաստանի հետ առճակատման ֆոնին, ինչպես նաեւ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձ է արվում նվազագույն «կորուստներով» լուծումներ ստանալ։
Տարածքային զիջման հարցն է շոշափում նաեւ Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի (Gallup) սոցիոլոգիական հետազոտությունը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական կուսակցության 41 տոկոսը համաձայն է, որ «Ռուսաստանը ստանա ուկրաինական տարածքներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար»։ Ինչպես գրում է «Washington Post»-ը հանրապետականների զգալի մասը դեմ է նաեւ Ուկրաինային հատկացվող ֆինանսական եւ ռազմական աջակցության ավելացմանը։ Ավելին՝ նրանցից շատերը հակամարտության շուտափույթ ավարտի կողմնակից են, նույնիսկ եթե դրա համար պահանջվի ուկրաինական տարածքների մի մասը փոխանցել Ռուսաստանին։ 41 տոկոսը բավական մեծ տեղաշարժ է, 2022 թ. ապրիլին այն 18 տոկոս էր։ Հարցումները նաեւ արձանագրել են, որ շատերը չեն հավատում Ուկրաինայի հաղթանակին։ Հանրապետականների միայն 15 տոկոսը, իսկ դեմոկրատների 34 տոկոսն է կարծում, որ Ուկրաինան կմնա ազատ երկիր։ Հանրապետականներն օգտագործում են ցուցաբերվող ֆինանսական աջակցության հանգամանքը՝ համարելով, որ դեմոկրատները բավարար վերահսկողություն չեն իրականացնում այդ ծախսերի նկատմամբ։ Հանրապետականների մոտեցումը հազիվ թե ազդեցություն ունենա Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա, սակայն ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ քննադատությունը կարող է ավելի սուր բնույթ ստանալ։ Նշենք, որ 60-րդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թ. նոյեմբերի 5-ին։
Ուշագրավ է նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը երկրի հնարավոր մասնատման վերաբերյալ։ «Strana» խմբագրությանը տված հարցազրույցում նա խոսել է «կորեական սցենարի» հավանականության մասին։ Եթե ռազմական գործողությունների մեկնարկին Ռուսաստանը խոսում էր «ապանացիֆիկացման», այսինքն՝ ամբողջ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը վերահաստատելու մասին, ապա հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ակտիվ հակամարտության փուլը ռուսական կողմին զրկեց քաղաքակրթական, գաղափարական, մշակութային, լեզվական, անգամ կրոնական հարթությունում որոշակի դիրքեր ունենալու հեռանկարից։ Ստեղծված իրավիճակում կողմերը փորձում են հաշվարկել ուժերն ու ռեսուրսները՝ հետագա գործողություններն իրականացնելու համար։
Ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի, որոնք դեմ չեն ստատուս քվոյի պահպանմանը, Մեծ Բրիտանիան՝ ի դեմս Լեհաստանի, նախընտրում է Ռուսաստանի վերջնական կործանումը։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին այդ պատերազմում միայն մեկ ելք է տեսնում՝ Ուկրաինայի հաղթանակը, հակառակ դեպքում՝ կործանվելու է ամբողջ Եվրոպան։ Մորավիեցկին նաեւ չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ դառնալ։ Նման տրամադրվածությունը հուշում է, որ կողմերից մեկը «խաղասեղանին» է դրել ամեն ինչ՝ առավելագույնին հասնելու համար։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, բնականաբար, շտկումներ է մտցնելու նաեւ համաշխարհային խաղի մեջ, միջնորդի կարգավիճակում գտնվող երկիրն այսօր ինքն է օգնություն, աջակցություն եւ ցավակցություններ ստանում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը փոխելու, համաշխարհային գերտերություն դառնալու, «Մեծ Թուրան» եւ թյուրքական քաղաքակակրթության վերածնունդ երազող Էրդողանն առնվազն մոտակա ժամանակաշրջանում ուրիշ խնդիր ունի լուծելու։ Ներքին աղետալի վիճակով զբաղված երկրի իշխանությունները հազիվ թե նույն ոգեւորությամբ զբաղվեն Ռուսաստան-Ուկրաինա եւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորմամբ, այնինչ ներկայումս տեղի է ունենում «թխվածքաբլիթի»՝ ռեսուրսներ, ազդեցություն եւ այլն, բաժանման գործընթացը, իսկ մեծ բաժին ստանալու համար պետք է «առաջին շարքում» լինել։ Ի վերջո, պատերազմներն ավարտվում են ոչ թե ռազմի դաշտում, այլ սեղանի շուրջ։