Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանի շինարարական կապալառուները երկրաշարժից հետո իրենց մարդկանց ու տեխնիկան ուղարկել են փլուզումների գոտի՝ փլատակները մաքրելու համար: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» նախագծային «Ակկույու Նուկլեար» ընկերությունը: Տարերային աղետից տուժած շրջաններ են ուղարկվել ավելի քան 200 մարդ եւ 80 միավոր տեխնիկա՝ ամբարձիչներ, տրակտորներ, էքսկավատորներ, ինքնաթափներ:
Բացի այդ, տուժածների համար տաք հագուստի եւ առաջին անհրաժեշտության պարագաների հավաք է կազմակերպվել Սիլիֆկե, Կում Մահալեսսի եւ Թաշուջու քաղաքներում, որտեղ ապրում է ատոմակայանի աշխատակիցների մեծ մասը: Ծրագրի աշխատակիցներն ու մարզի բնակիչներն իրենց հետ վերնահագուստ, կոշիկներ, վերմակներ, տաքացուցիչներ ու քնապարկեր են տարել: Փետրվարի 7-ի երեկոյան առնվազն 4 տոննա մարդասիրական օգնություն է հավաքվել ու փոխանցվել Սիլիֆկեի քաղաքապետարան: Հավաքը շարունակվել է մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ:
Ավելի քան 60 ավտոբուս է ուղարկվել Ադանայի օդանավակայան՝ տուժածներին օդային ճանապարհով օգնության շտապած բժիշկներին տեղափոխելու համար։ Բացի արյան դոնորության առկա կետերից, այլ կետեր են բացվել Սիլիֆկեի Կարմիր մահիկի մասնաճյուղում եւ Բույուքեջելիի բանվորական ճամբարում։
Բացի այդ, «Ակկույու Նուկլեարի» Անկարայի եւ Մոսկվայի գրասենյակներում միջոցներ են հավաքվում տուժածներին օգնելու համար։
«Անհնար է անտարբեր մնալ նման աղետի նկատմամբ, եւ մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին ու շինհրապարակի բոլոր աշխատողներին իրենց մասնակցության համար: Այն պայմաններում, երբ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է, ուժերն ու ռեսուրսներն ակնթարթորեն են մոբիլիզացվում»,- ասել է «Ակկույու Նուկլեարի» գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեեւան, որի խոսքերը մեջբերված են հաղորդագրության մեջ:
«Իհարկե, մենք չենք սահմանափակվի ձեռնարկած միջոցներով եւ տուժածներին հնարավոր աջակցություն կցուցաբերենք, քանի դեռ դա անհրաժեշտ է: Մենք սգում ենք Թուրքիայի ժողովրդի հետ, խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում եւ, իհարկե, հուսով ենք, որ փլատակների տակ մնացածները կփրկվեն»,- հավելել է նա։
Թուրքիայում այսօր ողջ ուշադրությունը կենտրոնացված է բնական աղետի հետեւանքների վերացման վրա, բայց ատոմակայանի աշխատակազմի՝ այդ ուղղությամբ գործողությունները տեղավորվում են ոչ միայն նշված տրամաբանության մեջ: Իսկ որքանո՞վ է անվտանգ թուրքական Մերսինում կառուցվող ատոմակայանը հնարավոր նոր երկրաշարժների դեպքում: Այն կառուցվում է Թուրքիայի հարավում ռուսական «Ռոսատոմի» կողմից՝ նման նախագծերի համար ոչ տիպիկ BOO (Build-Own -Operate) սխեմայով, այսինքն՝ «կառուցել-տիրել-շահագործել», երբ արտասահմանում կայանի սեփականատերը 100 տոկոսով ռուսական «Ռոսատոմն» է, որին ամբողջությամբ պատկանում է «Ակկույու Նուկլեարը»։ Այժմ ընկերությունը պնդում է, որ ատոմակայանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը գործնականում չի ազդել նրա վրա։ Բայց, ընդհանուր առմամբ, հայեցակարգային առումով նման շինարարությունը չի կարող կասկածներ չառաջացնել: Ռուսական կողմը վստահեցնում է, որ շինհրապարակում 3 բալ է գրանցվել, սակայն մասնագետների գերաշիռ մեծամասնությունը կասկածում է այդ տվյալի ճշմարտացիությանը, որովհետեւ սեյսմիկ կայանները, որոնք գտնվում են նույն անկյան տակ, շատ ավելի մեծ երկրաշարժ են արձանագրել, քան հայտարարվում է ռուսական կողմից։ Ամբողջ երկիրը սեյսմիկ վտանգավոր գոտում է: Չնայած դրան, որոշում է կայացվում նման օբյեկտի շինարարության մասին։ Կայանը, իհարկե, ունի որոշակի պաշտպանվածություն նման բնական երեւույթներից, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան (Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայան), այս առումով ոչինչ կանխատեսել չի կարելի։ Ամենաճիշտ որոշումը նման օբյեկտ չկառուցելն է։ Ընդ որում՝ այս տեսակետին հակված է մասնագետների գերակշիռ մասը՝ շեշտելով, որ «Ակկույու» ատոմակայանը կվտանգի ողջ տարածաշրջանը, եւ նրա շինարարությունը պետք է դադարեցնել:
Ատոմակայանների անվտանգության համար սովորաբար օգտագործվում են նույնիսկ եռակի համակարգեր։ Բայց ճապոնական «Ֆուկուսիմայի» դեպքում դրանք չաշխատեցին։ Այնտեղ գործում էր դիզելային էներգիայի արտադրության երկակի ռեզերվային համակարգ, որն արտակարգ իրավիճակում պետք է աշխատեր ակտիվ գոտու հովացման համակարգի համար։ Սակայն այս երկու էլեկտրակայաններն էլ ցունամիի հետեւանքով հեղեղվել էին։ «Atominfo.ru»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ուվարովը կարծում է, որ Թուրքիայում դժվար թե ցունամի լինի:
«Ցանկացած ատոմակայանի կառուցման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում սեյսմիկությանը: Կոնկրետ «Ակկույուն» նախատեսված է 9 բալանոց երկրաշարժի համար։ Այս հաշվարկային առավելագույն երկրաշարժը տեղի է ունենում 10 հազար տարին մեկ անգամ։ Իսկ 9 բալի դեպքում «Ակկույուն» կարող է որոշ ժամանակով կորցնել իր աշխատունակությունը, բայց, միեւնույն է, կմնա անվտանգ։ Ի դեպ, չարաբաստիկ «Ֆուկուսիման» հիանալի է դիմացել երկրաշարժին. գործնականում լուրջ վնասվածքներ չեն եղել։ Ցունամին խեղդել է այն։ Իսկ «Ակկույու» ատոմակայանն օվկիանոսի ափին չէ»,- նշել է Ուվարովը:
Հիմա հայտարարվում է, որ «Ակկույու» ատոմակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին, երբ կնշվի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Նախագծի քննադատներն ասում են, որ տարածաշրջանում բավարար քանակությամբ սպառողներ չկան, որոնց համար կայանն էլեկտրաէներգիա կարտադրի: Եվ որ այն միեւնույն ժամանակ մրցակից կդառնա «Գազպրոմի» համար, որը ռուսական գազ է առաքում Թուրքիա:
«Express UK»-ը, հենվելով Սասեքսի համալսարանից Փոլ Դորֆմանի խոսքերի վրա, նշում է, որ «Ակկույուն» կարող է հայտնվել սպառնալիքի տակ:
«Այսպիսով՝ առայժմ մենք գիտենք, որ կայանը երկրաշարժից չի տուժել։ Երկրաշարժն զգացվել է այս կայանում, սակայն մինչ այժմ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։ «Ակկույուն» կառուցվող ատոմակայան է, ուստի բեռնված չէ, չունի բարձրակտիվ ռադիոակտիվ նյութ։ Ես չեմ կարծում, որ ռուսական ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը կամ «Ռոսատոմն» ասում են, թե ամեն ինչ անվտանգ է: Վստահ չեմ, որ նրանք լիովին ազնիվ են… Կարծում եմ, որ «Ռոսատոմը» պետք է պատժամիջոցների ենթարկվի, եւ նրան չպետք է թույլատրվի աշխատել Ռուսաստանից դուրս: Իսկ ամենակարեւորն այն է, որ կատարյալ խելագարություն է նոր ատոմակայան կառուցել երկրաշարժի գոտում, որը գտնվում է սեյսմիկ խզվածքի գծից 26 մղոն հեռավորության վրա»,- նշել է Դորֆմանը: