Փետրվարի 10-ի երեկոյան տվյալներով, որոնք ներկայացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը, զոհվել է 18342, վիրավորվել 74242 մարդ: Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ կա ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է: Զոհերի քանակն օրեցօր ավելանում է, եւ այն պահին, երբ այս հոդվածն արդեն տպագրված կլինի, կորուստների միանգամայն այլ թիվ կնշվի:
Շատ պետություններ խոստացել են օգնել եւ արդեն ուղարկել են իրենց օգնությունը, առաջին հերթին՝ Թուրքիային։ Բացահայտ հակահումանիզմն ակնհայտ է որոշ արեւմտյան առաջնորդների խոսքերում, որոնք ակնհայտորեն միտումնավոր կերպով չեն ցանկանում նշել սիրիական կողմի ողբերգությունը քաղաքական նկատառումներով։ Ահա մի կատարյալ օրինակ, թե ինչպես է քաղաքականությունը բարձր դասվում մարդկային կյանքերից…
Այն երկրները, որոնք օգնություն են ուղարկում տարածաշրջան, բախվում են այնպիսի խնդիրների, որոնք դժվարացնում են տուժածների փրկությունը: Այս տարի բավական ցուրտ եղանակ է, իսկ այն փաստը, որ կործանարար առաջին երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, երբ մարդիկ քնած էին, խորացրել է թուրք-սիրիական հանրության մեջ ամրացած անհուսությունը, քանի որ վայրկյան առ վայրկյան մարում է փլատակների տակ մնացածներին ողջ գտնելու հույսը:
Խորվաթական «Advance»-ը գրում է, որ Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժները, որոնք ուժեղագույնն են վերջին տասնամյակների ընթացքում, անպայման աշխարհաքաղաքական հետեւանքներ կունենան:
Հյուսիսարեւմտյան Սիրիան, որը շատ է տուժել, արդեն ապաստան է դարձել մոտ 4 մլն մարդու համար, որոնք ապրում են հումանիտար օգնության հաշվին: Սրանք ՄԱԿ-ի տվյալներն են: Այնտեղ շատ են կանայք ու երեխաները, որոնք վաղուց են տառապում եղանակային ծանր պայմաններից ու խոլերայի բռնկումից:
Իրավիճակը, իհարկե, լրացուցիչ բարդացնում է այն փաստը, որ Սիրիան պաշտոնապես դեռ մնում է պատերազմական դրության մեջ, եւ իշխանություններն ազատ ճանապարհ չեն բացի դեպի Իդլիբ, որովհետեւ այնտեղ կենտրոնացել են անջատողական ուժերը՝ շրջանը վերածելով ամրոցի՝ ընդդեմ սիրիական կենտրոնական իշխանությունների: Շատերն Իդլիբում արդեն մի քանի տարի անձնական ողբերգություն են ապրում: Այնտեղ, անկասկած, խաղաղ շատ բնակիչներ կան, որոնք դարձել են պատերազմական շրջապտույտի զոհերը, հայտնվել են պարտված կողմից առայժմ վերահսկվող տարածքում եւ ապրում են այն խմբավորումների իշխանության տակ, որոնց կարելի է վստահաբար անվանել ահաբեկչական ուժեր:
Բացառված չէ, որ նոր Իդլիբի տարածքում փլուզումները ռազմական նոր գործողության առիթ կդառնան, քանզի Դամասկոսը վաղուց առիթի է սպասում երկրի ամբողջ տարածքի վրա իր վերահսկողությունը վերականգնելու համար, եւ Իդլիբը գլխավոր նպատակներից մեկն է:
Անցած տարիներին թուրքական իշխանություններն ուշադրություն չեն դարձրել սեյսմիկ խնդիրներին, եւ այժմ, երբ առջեւում համընդհանուր ընտրություններն են, նրանք ստիպված են լինելու մարդկանց բացատրել, թե ինչու արձանագրված երկրաշարժներն այսպիսի հետեւանքներ ունեցան, ինչու ժամանակին, չնայած խորհրդարանական ընդդիմության ու գիտական շրջանակների ջանքերին, ոչինչ չի արվել՝ կանխելու տարերային աղետի այսպիսի հետեւանքները: Եվ այդ պատասխանները մեծ նշանակություն կունենան ընտրությունների արդյունքների տեսանկյունից:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսին: Ըստ վերլուծաբանների՝ դրանք լրջագույն քաղաքական մարտահրավեր են երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն արդեն երկար տարիներ իշխանության ղեկին է: Ընտրությունների արդյունքները շատ բանով կախված կլինեն այն հանգամանքից, թե պետությունն այսօր ինչպես կարձագանքի ստեղծված իրավիճակին եւ որքանով արագ կկարողանա օգնություն ցուցաբերել տուժածներին: Հիմա ժողովուրդը գործողություններ է սպասում իշխանություններից, եւ, ինչպես հայտնի է, նման դրամատիկ իրադարձությունները կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահության վրա: Երբ «փոշին նստի գետնին», անխուսափելիորեն հարցեր կծագեն: Այսպես, այժմյան տվյալներով՝ Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների պատճառով քանդվել է մոտ 6000 շինություն: Դա հսկայական թիվ է: Մասնագետները նշում են, որ դրա պատճառը շինարարության վատ կազմակերպումն է եւ սեյսմիկ նորմերի պահպանման գործում անբավարար վերահսկողությունը: Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանը հայտնի է երկրաշարժներով, եւ նման ցնցումներ, թեկուզ ոչ այսպիսի բացառիկ ուժի, լիովին կարելի էր սպասել:
Սեյսմիկ ծառայությունների տեղեկություններով՝ այժմյան երկրաշարժն ամենահզորն է վերջին գրեթե 100 տարում: 1939 թ. տեղի ունեցած սարսափելի ցնցումը 30 հազար մարդու մահվան պատճառ դարձավ: Վերջին քառորդ հարյուրամյակում Թուրքիայում ավելի քան 7 բալ ուժգնությամբ մոտ 7 երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայում որոշ ընդդիմադիր աղբյուրներ պնդում են, որ իշխանությունները բավարար չափով արագ չեն գործում, որ միջոցներ չունեն՝ նման ծավալի աղետի հետեւանքները վերացնելու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական տուժած 10 շրջաններն անվանել է աղետի գոտի եւ արտակարգ դրություն մտցրել 3 ամսով: Դա իշխանություններին հնարավորություն կտա շրջանցել խորհրդարանը նոր օրենքներ ընդունելիս եւ սահմանափակել կամ վերացնել իրավունքներն ու ազատությունները:
Ինչպես էլ որ մարդիկ ընդունեն իշխանությունների գործողությունները, այդ թվում՝ նաեւ այն, որ մինչ օրս դեռ չեն խստացվել շինարարության կանոնները՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգը, դա ուղղակիորեն կանդրադառնա մայիսին կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:
Հասկանալի է, որ ընդդիմությունը կփորձի օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, Էրդողանն էլ, բնականաբար, նման ցանկության պակաս չունի: Առավել եւս, որ անցյալում երկրաշարժների, հրդեհների ու բնական շատ աղետների դեպքում նրան հաջողվել է դրանք իր օգտին շրջել ազգայնական հռետորաբանության շնորհիվ: Այդ իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանը ամեն պահի մատնանշում է որեւէ արտաքին հորինված պատճառ ու իր շուրջը համախմբում հասարակությանը: Այժմ էլ Թուրքիայի ԶԼՄ-ները սկսել են դավադրության տեսություններ հորինել, որ գրանցված երկրաշարժներն արհեստական էին՝ իրականացված ԱՄՆ-ի կողմից: Այս կեղծ թեզը, չնայած գիտնականների միանգամայն այլ հայտարարություններին, ակտիվորեն տարածում են նաեւ ռուսական քարոզչական շրջանակները:
Բուն երկրաշարժը, ավելի ճիշտ՝ մի քանի ժամ տարբերությամբ գրանցված նույն ուժգնության երկու երկրաշարժները տեղի են ունեցել Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրման շրջանում։ Հասկանալի է, որ այժմ լարվածությունը որոշ ժամանակով կմոռացվի, քանի որ ողբերգության պահին դրանք հրապարակայնացնելը տեղին չէ։ Սակայն սարսափելի երկրաշարժից մեկ օր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում ասել էր, որ Արեւմուտքը «կհատուցի» Թուրքիայի հանդեպ իր մոտեցման համար։
Ինչի՞ մասին է խոսքը։ Արեւմտյան դեսպանություններն ու հյուպատոսություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս, ավելի լավ է՝ ընդհանրապես չայցելել այնտեղ անկարգությունների եւ հարձակումների սպառնալիքի պատճառով։ Այսպես է Արեւմուտքն արձագանքել Շվեդիայում եւ այլուր Ղուրանի այրման դեմ թուրքական ցույցերին։ Նման սադրանքներն սկսվել են այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց համաձայնել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն։ Այս ամենը միասին վերցրած՝ ավելի լայն համատեքստում կապված է Ուկրաինայի հակամարտության եւ այն փաստի հետ, որ Էրդողանին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կապում են, ինչպես թվում է Արեւմուտքում Ուկրաինայի շատ դաշնակիցների, չափազանց լավ հարաբերությունները:
Այլ խոսքով՝ տարերային աղետ ու ողբերգություն է տեղի ունեցել, բայց՝ «աշխարհաքաղաքական ցնցումների» պահին, ինչն առավել դրամատիկ է դարձնում կատարվածը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տարիներ շարունակ ամրապնդում է իր ավտորիտար իշխանությունը Թուրքիայում, դարձել է շատերի աչքի փուշն Արեւմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում, որտեղ արհամարհում են «վերահսկողությունից դուրս եկած» ցանկացած դաշնակցի: Ուստի զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում մարդիկ հույս ունեն, թե բնական աղետը կտապալի Էրդողանին։
Բացի այդ, երկրաշարժը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խոսվում էր Թուրքիայի եւ Սիրիայի հնարավոր հաշտեցման մասին։ Արդյոք ընդհանուր ողբերգությունը կարո՞ղ է նրանց մղել դեպի հաշտեցում։ Եթե այո, ապա հաշտեցումը կլինի միակ լուսավոր կետն այս պատմության մեջ:
Եվ վերջում՝ եւս մեկ փաստ: Թուրքիայում, ըստ գիտնականների զեկույցների, առաջիկա տարիներին նվազագույնը եւս մեկ՝ շատ ավելի ուժեղ երկրաշարժ է սպասվում: Հետազոտողների կարծիքով՝ բնական աղետից այս անգամ կտուժի 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլը: Նրանց կարծիքով՝ 65 տոկոս հավանականությամբ Ստամբուլում մինչեւ 2030 թ. կարձանագրվի 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ…