Հրեշտակն ասում է Հովհաննես մարգարեին, ավետարանիչին. «Եւ ասեց ինձ. Պէտք է դու դարձեալ մարգարէանաս ժողովուրդների եւ ազգերի եւ լեզուների եւ շատ թագաւորների վերայ»։ Հայտնություն 10։11
Դարձյալ մարգարեանալը շատերի ընկալմամբ հավաստումն է, որ Հովհաննես մարգարեն դեռեւս ողջ է, քայլում է երկրի վրա, բայց մեզ համար ոչ տեսանելի։ Իրականում Հովհաննեսը բացառիկ մարգարե է, բացառիկ ավետարանիչ, բացառիկ առաքյալ, Հայտնության գրքի բացառիկ հեղինակ-շարադրող։ Նա ամենակրտսեր եւ ամենաերկարակյաց աշակերտն էր։ Նրա բնակության տարիներին Պոդմոս կղզում չմկրտված մարդ չէր մնացել, եւ բոլորը հավատում էին, որ նա ապրելու է մինչեւ Հիսուսի երկրորդ գալուստը։ Երբ Հովհաննեսը մահացավ, նրա խնդրանքով գերեզմանը փորեցին խաչաձեւ, դեմքը ծածկեցին տախտակով։ Սակայն, երբ հետագայում քանդեցին շիրիմը, նրան այնտեղ չգտան։ Նրա աճյունի տեղը ընդամենը նուրբ փոշի են հայտնաբերել։ Հովհաննեսի առումով կարող ենք ակնկալել ինչ ասես։ Չէ՞ որ նա Մարիամ Աստվածածնի որդեգրյալ զավակն էր, նրա պահապանն ու սպասարկուն, Հիսուսի խաչյալ տառապանքների մասին խորհրդածողն ու իր ներսով անցկացնողը, Հիսուսի մտերիմ բարեկամն ու հարազատը…
Դիտարկենք, թե ե՞րբ է իրականում սկսվում Հայտնությունը։ Իրականում այն սկսվում է խորհրդավոր ընթրիքի ժամանակ, երբ Հովհաննեսը գլուխը դնում է Հիսուսի կրծքին եւ լսում, ականջալուր լինում Նրա սրտի զարկերին ու բաբախյանը։ Իսկ այդ պահին Հիսուսն արդեն պատրաստ էր անցնելու տառապանքի ուղին։ Մինչ այդ եւ այնուհետեւ այդպիսի բան որեւէ մեկի հետ չի եղել։ Նա արդեն գիտեր, որ իր արյունը հեղվելու է մարդկության մեղքերի համար։
«Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէք կերէք, այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց»։ Մատթեոս 26։26
Հենց այնտեղ է սկսվում Հայտնությունը, երբ Հովհաննեսը լսում է այն, ինչ չի լսել ուրիշ ոչ ոք. Տիրոջ սրտի բաբախյունը։ Այնպես որ, եթե ուրիշների պարագայում դա հնարավոր չէ, ապա Հովհաննեսի պարագայում լիովին հնարավոր է, որ նա ողջերի մեջ լինի։ Մանավանդ որ չկան նրա մասունքները, ինչպես եւ Մարիամ Աստվածածնի պարագայում։ Հուղարկավորության տեղերը կան, մասունքները չկան։
Նախապատրաստելով հրեշտակի ձեռքին յոթերորդ փողի հնչելուն, Հովհաննեսին վերափոխելով, գիրքն ուտելու տեսարանից հետո կարծես կերպարանափոխելով նրան, Տերը հաջորդ գլխից սկսած կսկսի նրա եւ մեզ համար բացել Հայտնության գագաթնակետը, կուլմինացիան։ Աստծո գաղտնիքը։ Եւ կթվա, որ այն ամենը, ինչ եղել է մինչ այդ, սարսափելի արհավիրքներից, մինչեւ ահազդու զենքերն ու մահաբեր մորեխները, դեռեւս նախերգանքն էին այն ամենի, ինչ դեռ պիտի տեղի ունենա։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ