«Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. եւ սուրբ քաղաքը կոխ կտան քառասունեւերկու ամիս»։ Հայտնություն 11։2
Երբ դեռ կանգուն էր Երուսաղեմի տաճարը, նրա արտաքին բակը հասու էր հեթանոսների, անհավատների համար, իսկ տաճարի ներսը իրավունք չկար մտնելու։
Հովհաննեսի ժամանակ Երուսաղեմի տաճարն արդեն վաղուց ավերված էր։ Տաճարից դուրս գավիթի հեթանոսներին տրված լինելն ավելի շուտ հոգեւոր իմաստ ունի։ Պետք է անկեղծ հավատքով մոտենալ Աստծո տաճարին, այլապես նրա դռները փակ կլինեն։ Հայտնության այս խոսքերը կարող են նշանակել, որ վերջ, վերջին օրերին, այլեւս փակ են լինելու Աստծո տաճարի դռները, Ավետարանն այլեւս քարոզված է լինելու աշխարի բոլոր ծագերում, բոլոր ժողովուրդներին, եւ ով դուրս մնաց, այլեւս փակ են լինելու ներս մտնելու դարպասները։
Ներսում եղածների համար բացարձակապես էական չպետք է լինի դրսում մնացածների քանակը. հարյուրավո՞ր են, միլիոնավո՞ր, թե՞ շատ ավելին։ Ինչպես, օրինակ դա եղավ Նոյի ժամանակ. մենք հստակ գիտենք, որ տապան մտան ութ մարդ եւ կենդանիներից զույգ-զույգ։ Թե որքա՞ն մարդ մնաց տապանից դուրս, ոչ ոք չգիտի, որովհետեւ այլեւս դա էական չէր։ Նույնը լինելու է աշխարհի վերջին օրերին. թե որքա՞ն մարդ կմնա Տաճարից դուրս, ներսինների համար բացարձակ էական չի լինելու։ Ցուցումը, որ Տաճարից դուս գտնվող հեթանոսների գավիթը պետք չէ չափել, խոսում է հենց այդ մասին, որ էական չէ մակերեսային մարդկանց քանակը։ Այսինքն՝ եթե դու տապանի մեջ ես, ապա քեզ ոչ միայն չի հետաքրքրում դրսում եղածների քանակն ու վիճակը, այլեւ դու չես էլ տեսնում նրանց. չէ՞ որ տապանը չուներ լուսամուտներ… Սա չի նշանակում, թե մենք անհույս ու անելանելի վիճակում ենք, պարզապես, քանի դեռ ունենք ժամանակ, հարկավոր է այն օգտագործել ճիշտ եւ արդյունավետ. հատկապես որ ոչ մեկս չգիտի, թե երբ կընկնի ավազե ժամացույցի վերջին ավազահատիկը։ Եվ, ընդհանրապես, վաղվա օրը հիպոթետիկ հասկացություն է, երեկը կար, այսօրը կա՛, վաղը՞… Երբ ժամացույցի վերեւի հատվածում այլեւս ավազահատիկ չմնա, անիմաստ է դուռը թակել։
Աստվածաբանները Տաճարից դուրս գտնվող գավիթի տիրակալների կողմից քաղաքը քառասուներկու ամիս կոխ տալը բացատրում են քրիստոնյաների եւ քրիստոնեության դեմ հալածանքների մեծ ալիքի սպասումով։ Սակայն Տաճարի ներսը նրանք չեն կարող դիպչել։ Իրական տաճարը հավատացյալ մարդիկ են։ Ավետարանում է գրված, որ դուք եք Աստծո տաճարը, եւ Աստծո հոգին ապրում է ձեր մեջ։ Եվ Քրիստոսն իր մասին է ասում՝ քանդեք տաճարը, եւ ես այն երեք օրում կվերականգնեմ։ Նա նկատի ուներ, որ մահվանից երեք օր հետո հարություն պիտի առներ՝ վերականգնելով իր մարմնի տաճարը։ Իսկ արտաքին բակը, դրսի գավիթը, որը պետք չէ գնահատել, չափել, այն հեթանոսներն են, այն կասկածողները, ովքեր այդպես էլ մնացին Եկեղեցու պատերից դուրս։ Թեպետ արտաքին բակը շատ մոտ է Եկեղեցուն, սակայն այն, այնուամենայնիվ, տաճար չէ։ Այնտեղի «բնակիչները» այդպես էլ չմտան Նոր Կտակարանի եկեղեցի։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ