Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակին ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, խոսելով Հայաստանի վրա 2021 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակմանը քաղաքական գնահատական տալու եւ դրա հետեւանքների վերացման անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի պահանջի մասին, դրսեւորեց ոչ դաշնակցային բացառիկ «ընկալում»: Մինչ այդ մի առիթով նա ասել էր, որ Հայաստանը ոչ մեկի պետք չէ, եւ «Նիկոլ Վովաեւիչն էլ գիտի այդ մասին»: Հետո էլ հայտարարեց, թե Ալիեւը «մեր մարդն է», հայկական կողմին էլ կոչ արեց կատարել նրա պահանջները, այլապես Հայաստանի համար ավելի վատ կլինի: Այսպիսի հայտարարությունից հետո, որը, բնականաբար, չի կարող բխել որեւէ փաստաթղթից, քանզի այդպիսիք պարզապես չկան, նա կորցրեց նաեւ մեր երկրի այն հատուկենտ ներկայացուցիչներին, ովքեր դեռեւս պահպանում էին հարգանքի փշրանքներն այդ մարդու նկատմամբ: Ոչ միայն այն պատճառով, որ դեմ էր արտահայտվել մեզ, այլ որովհետեւ դա արել էր՝ թքած ունենալով սեփական պայմանագրային պարտավորությունների վրա:
Եվ ահա Լուկաշենկոն կրկին հիշեցրել է իր մասին, այս անգամ՝ ՀԱՊԿ-ի անդամներին կոչ անելով համախմբվել Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Նա ակնհայտորեն վախ է զգում եւ հիշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համախմբման դեպքում կարող է իր համար հարցեր լուծել, այդ թվում՝ փրկել իր կաշին: Ահա թե ինչ է նա ասել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ:
«Բավական մարտահրավերներ կան: Մենք համարձակվեցինք մեր նախագահության ժամանակ ծրագրում նշել, որ պետք է փորձենք լուծել այդ բոլոր խնդիրները, որոնք ունենք: Հատկապես ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում ձեր փորձի մասին: Դուք հիանալի հիշողություն ունեք: Լավ գիտեք եւ Կովկասը, եւ Կենտրոնական Ասիան: Այնտեղ մենք խնդիրներ ունենք: Եկեք փորձենք լուծել դրանք եւ, որքան հնարավոր է, համախմբենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այս դժվարին ժամանակներում:
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, ոչ մի նման բան, այդպես չի լինի: Ժամանակը (այն հեռու չէ, բառացիորեն վաղը) կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում որդեգրել: Ես չեմ ասում՝ ի վնաս ազգային հետաքրքրությունների եւ այլն: Սակայն մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ՝ մենք պետք է հստակ որոշենք մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք: Միասին միշտ հեշտ է ու թեթեւ:
Մենք պետք է փոխզիջումներ գտնենք: Չնայած ՀԱՊԿ-ում այն վաղուց ենք գտել եւ գործում ենք որպես միասնական կազմակերպություն: Կարծում եմ՝ պետք է անցնենք հենց այդ ծանր ուղին, որն առավել կհամախմբի մեր կազմակերպությանն այն սկզբունքներում, որոնք պետք են ու հնարավոր կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության համար: Եկեք միասին մտածենք այդ մասին»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը ենթադրաբար փետրվարի 17-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դատելով ամեն ինչից՝ լուրջ իրադարձություններ են սպասվում, եւ Բելառուսի նախագահն անհանգստացած է:
Ռուս-բելառուսական փորձագիտական շրջանակները փորձում են Լուկաշենկոյի հայտարարությունը ներկայացնել որպես նախազգուշացում դաշնակիցներին: Իբր, չարժե փորձել նստել երկու աթոռի վրա, չեզոքություն ցուցադրել, խաղալ ամերիկացիների հետ՝ ռուսատյացություն ու ատելություն քարոզելով «ագրեսիվ» Ռուսաստանի նկատմամբ՝ հովանավորություն ու ներդրումներ ստանալու համար: Պատկերացնո՞ւմ եք, փոխարենը ռուս-բելառուսական տանդեմը կարող է «հնարավորություն տալ»՝ միասին կառուցելու Միութենական պետություն:
Լուկաշենկոն մոռանում է նշել, որ ռազմաքաղաքական կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամները միմյանց պարտավոր են օգնության շտապել, եթե նրանց ինքնիշխան տարածքի վրա հարձակվել են: Իսկ ՀԱՊԿ-ի անդամի վրա հարձակում չի եղել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ն չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հարձակման դեպքում, ավելին՝ անգամ քաղաքական գնահատական չի տվել մի պետության գործողությունների, որը կազմակերպության անդամ չէ: Եվ ի՞նչ միասնության մասին է խոսում Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ իր ողջ էությամբ մինչ օրս հակամիասնականություն է ցուցադրել: Դա հասկանալու համար վերհիշենք ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում Բելառուսի նախագահի «ինքնահավան» խոսքը: Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա ասում է. «Դուք մեր առջեւ երկու հարց եք բարձրացրել: Առաջինը կարդում եմ՝ «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք մեզանից պահանջում եք կողմնորոշվել մեր դիրքորոշման հարցում: Դուք, ինչ է, մեր դիրքորոշումը չգիտե՞ք: Մենք ուզում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ միանգամից կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին, եւ որոշում կայացրեք: Այսօր չկայացնեք, ավելի վատ կլինի, դուք ինքներդ դա հասկանում եք:
…Եվ հետո՝ մի՞թե Ադրբեջանն այստեղ գտնվող պետությունների առաջնորդների համար ինչ-որ թշնամի է կամ հակառակորդ: Ոչ: Ես ասում եմ այն, ինչը հաստատվել է նախագահ Պուտինի կողմից, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեզ հարազատ պետություններ են: Եվ դրանում է իրավիճակի յուրահատկությունը: Դա մենք չենք կարող հաշվի չառնել:
…Ադրբեջանը գլխավորում է մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Ուստի այդ սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաեւիչը, պետք է, իրոք, լուծել հենց հիմա՝ Ադրբեջանի այժմյան ղեկավարության օրոք: Ով էլ որ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքում: Ասում են՝ Թուրքիան այնտեղ է եւ այլն: Եվ ի՞նչ: Սա քաղաքականություն է: Թուրքերն աջակցում են Ադրբեջանին այն պատճառով, որ նրանք մերձավորներ են եւ հարազատներ…»:
Ըստ Լուկաշենկոյի «անգերազանցելի իմաստության»՝ Հայաստանի «թիկունքում» ոչ ոք չպետք է լինի, Մոսկվայից բացի: «Պատերազմն ավարտվել է Ռուսաստանի օգնությամբ, էլ ի՞նչ այլ եւ նոր ձեւաչափեր: Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռյակը պետք է պայմանավորվի: Եվ Բելառուսը կաջակցի նրանց բոլոր որոշումներին»,- ասել էր նա:
Հիմա՝ ինչ միասնություն է ուզում Լուկաշենկոն: ՀԱՊԿ-ն թղթի վրա կառույց է, կիսափլված մի կառույց, որը վերականգնելու փորձը, ըստ էության, ժամանակի անտեղի վատնում է: Բելառուսի նախագահը Հայաստանին վերաբերող հայտարարությամբ դրել է կազմակերպության փլուզման հիմքերը՝ փաստելով, որ կարեւորը ոչ թե հավատարմությունն է ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, այլ մյուս պետությունների ղեկավարների հետ անձնական հարաբերությունները: Ակնհայտ է, որ Լուկաշենկոն կառավարման հարցերում ոչ թե օրենքի գերակայության, այլ ինչ-ինչ անդրկուլիսային պայմանավորվածությունների կողմնակից է: Իսկ ՀԱՊԿ-ն, չճանաչելով իր անդամների սահմանները, միայն վկայել է, որ փաստացի գոյություն չունի: Հիմա Բելառուսի նախագահն ասում է, որ ՀԱՊԿ-ն վաղուց է գործում որպես միասնական կազմակերպություն: Հետաքրքիր է՝ ուրիշների՞ն է խաբում, թե՞ ինքն իրեն խաբել-հանգստացնելու կարիք ունի:
Ժամանակը, ըստ Լուկաշենկոյի, կպահանջի կողմնորոշվել, որոշակի դիրքորոշում որդեգրել: Եվ ժամանակը ուրիշների փոխարեն կպատասխանի Բելառուսի նախագահին՝ իսկ ի՞նչ է, դուք մեր դիրքորոշումը չգիտե՞ք… Միշտ այդպես է լինում, երբ ստանձնած պարտավորությունները մղվում են վերջին պլան…