Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 69 օր շարունակ խախտվում են Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաների կրթության եւ այլ հիմնարար իրավունքները։ Թվում է՝ 21-րդ «առաջադեմ եւ լուսավոր» դարում նման խնդիրները պետք է հրատապ լուծում ստանային միջազգային հանրության, ինչպես նաեւ մարդու իրավունքների համար պատասխանատու կազմակերպությունների ու կառույցների ճնշման արդյունքում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ընդունված կոնվենցիաները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թ. նոյեմբերի 20-ին ընդունված եւ ամենալայն միջազգային ընդունումն ստացած փաստաթուղթը (այն վավերացվել է աշխարհի բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ երկուսի) շրջանցում է Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այլ կերպ ասած՝ դրանք բավարար չեն արցախցիների հիմնարար իրավունքները պաշտպանելու համար, եւ դա՝ այն պարագայում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ եւ անհատներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ կոչ անելով վերացնել շրջափակումը:
Շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը, ներառյալ խոցելի խմբերը՝ շուրջ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ, բազմաթիվ զրկանքներ է կրում։ Ինչպես նշվում է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում, ի թիվս այլ իրավունքների խախտման, մեր հայրենակիցները կանգնած են թերսնման եւ ցրտահարման վտանգի առջեւ: Շրջափակման պայմաններում օրեցօր սրացող սննդի սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի են աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ըստ տեղեկագրի՝ 6828 երեխա այլեւս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն եւ խնամք ստանալու հնարավորությունից: Այդպիսով՝ Բաքվի հանցագործ իշխանությունների գործողությունների հետեւանքով խախտվում են երեխաների՝ կրթություն ստանալու, ապահով միջավայրում մեծանալու անօտարելի եւ այլ հիմնարար իրավունքները։
Դեռեւս հունվարի կեսերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին եւ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին՝ բարձրացնելով Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Ինչպես տեսնում ենք, գործնական քայլեր չեն արվում ստեղծված իրավիճակում Բաքվի իշխանությունների ցեղասպանական գործողությունների դեմն առնելու համար։
Շրջափակման հետեւանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, մասնավորապես՝ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը, սրվել են սոցիալական, առողջապահական խնդիրները, որոնք, բնականաբար, ազդում են նաեւ երեխաների վրա։ Երեխաներն ունեն նաեւ հատուկ կարիքներ՝ պայմանավորված տարիքով: Բոլոր երեխաներն աճող օրգանիզմներ են եւ լավ սնման, համապատասխան բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, նրանց օրգանիզմն առավել զգայուն է եւ խոցելի, հետեւաբար՝ այդ ամենի ոչ բավարար լինելը շատ ավելի վտանգավոր եւ վնասակար է երեխաների օրգանիզմի, քան հասուն մարդու համար:
Արցախի կառավարության տվյալներով՝ ավելի քան 26 հազար տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը։ Այս ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Համեմատության համար նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արդեն իսկ սկսել է օգնություն տրամադրել փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած խոցելի ընտանիքներին, մինչդեռ ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները զրկված են մարդասիրական նման հնարավորությունից։ Նշենք, որ Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է եւ համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի եւ պարենի անվտանգության առաջամարտիկը։
Այո, գեղեցիկ է հնչում, բայց դրանից կենսական անհրաժեշտության ապրանքները չեն անցնում «բնապահպանների» փակած ճանապարհով։ Եվ ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանում կառույցի միակ գրասենյակը Հայաստանում է։ Հասկանալի է, որ շրջափակման մեջ մնացած Արցախի բնակչությանն աջակցելով մեկ անգամ եւս կփաստվի Ադրբեջանի կողմից հակամարդկային, հակահայկական քաղաքականության հանգամանքը, եւ կխախտվի «խաղաղության» առաջամարտիկ ներկայացող Բաքվի բռնապետի կերպարը։ Այստեղ մեծ անելիք ունենք մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն։ Օրերն անցնում են, Արցախում անվտանգային եւ հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում, իսկ մենք կարծես թե համակերպվել, հարմարվել ենք մեզ պարտադրվող իրողությանը։ Արցախի գոյաբանական կռիվը, որը շաղկապված է ամբողջ հայության շահերին, պետք է յուրաքանչյուր հայի համար կենսական հարցերի լուծման առաջին հորիզոնականում լինի։