«Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա»,- այսպիսի բովանդակությամբ լուրերը լույսի արագությամբ տարածվեցին աշխարհի բոլոր անկյուններում: Շեշտվում է, որ հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից՝ իսրայելական «F-16» կործանիչների կողմից: Զոհվել է 5, վիրավորվել 15 մարդ: Հարկ է նշել, որ Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ զոհվածների թիվը հասնում է 15-ի: Հրթիռային հարվածի թիրախը Դամասկոսի կենտրոնն է՝ խիտ բնակեցված Քաֆր-Սուսայի շրջանը, որտեղ տեղակայված են օբյեկտներ, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Ի դեպ, հենց այստեղ է 2008 թ. սպանվել «Հեզբոլլահի» ղեկավարներից մեկը՝ Իմադ Մուգնիեն, ով հայտնի է Բորենի մականունով: Հրթիռների մեծ մասը հարվածել են Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցներին: Իսրայելի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել այդ հարձակումը:
«Reuters» գործակալության տվյալներով՝ գրոհի է ենթարկվել լավ պաշտպանված մի օբյեկտ, որում տեղակայված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք հաստատություններ, այդ թվում՝ անվտանգության ծառայության շտաբը: Սիրիական ԶԼՄ-ները հայտարարել են, որ որսացել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել են Գոլանի բարձունքների կողմից: Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդած տեղեկություններում շրջանառվում է այն փաստը, որ «օդային գրոհի ժամանակ խաղաղ քաղաքացիներ են զոհվել»:
Սիրիական բանակի աղբյուրներից մեկը հաղորդել է, որ գրոհն սկսվել է փետրվարի 19-ին, ժամը 00:22-ին՝ միանգամից դամասկոսյան ու արվարձանային մի շարք նպատակակետերի, նաեւ բնակեցված թաղամասերի ուղղությամբ: Հավանաբար, օգտագործվել են «խելացի ռումբեր», որոնք կարող են թիրախների կետային խոցումներ կատարել:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը, իր հերթին, հայտարարել է. «Փետրվարի 19-ին, ժամը 00:22-00:27-ը Իսրայելի ռազմաօդային ուժերի «F-16» մարտավարական չորս կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Գոլանի բարձունքներից, ինչի արդյունքում ավերվել են Դամասկոսի Քաֆր-Սուսայի շրջանում գտնվող կիրառական արվեստի տեխնիկական եւ հնագիտության ինստիտուտների շենքերը, մշակութային կենտրոնը»:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ ահաբեկիչների կողմից արձակված անօդաչու թռչող սարքի մասին, որը հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին Մաշարիա բնակավայրի շրջանում: Արդյունքում տուժել է չորս զինծառայող։
Իսրայելի հարձակումը դատապարտել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունները, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել զինված սադրանքները Սիրիայի դեմ եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետեւանքներով ողջ տարածաշրջանի համար: Մենք ելնում ենք նրանից, որ այդպիսի արատավոր գործելակերպի շարունակությունը բացարձակապես անընդունելի է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են Սիրիային՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետեւանքները՝ այնտեղ ուղարկելով իրենց փրկարարներին, բժիշկներին եւ հումանիտար բեռներ»։
Նույն աղբյուրը հայտարարել է, որ գրոհի ժամանակ փլուզվել են «քաղաքացիական նշանակության մի շարք շինություններ», որոշներն էլ պարզապես վնասվել են: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը, իր հերթին, հայտնել է, որ բոլոր խոցված շենքերը պատկանել են «Հեզբոլլահին» կամ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Այն վայրերում, որտեղ ընկել են հրթիռները, հրդեհ է բռնկվել, հնչել են պայթյուններ:
Միջազգային լրատվական գործակալություններում այդ հարձակումն անվանել են «անսովոր», քանզի Իսրայելի գրոհները սովորաբար չեն թիրախավորում սիրիական մայրաքաղաքի կենտրոնը: Բացի այդ, հարվածը հասցվել է Սիրիայում ու Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որը հսկայական մարդկային ու նյութական կորուստներ է պատճառել այդ երկրներին: Իսկ որ ամենահավանականն է, հարվածի «անսովոր» բնույթը կոչված է վերլուծական շրջանակներին «գցել» սխալ հետքի վրա, որովհետեւ պարզ է, որ երկրաշարժից անմիջապես հետո նման հարձակումը չի կարող չդատապարտվել համաշխարհային հանրության կողմից:
Սաուդյան աղբյուրները, հենվելով երուսաղեմյան բարձրաստիճան աղբյուրներից մեկի վրա, ավելի քան մեկ շաբաթ առաջ զգուշացրել էին, որ «Իսրայելը չի լռի, եթե Իրանը փորձի օգտվել Սիրիայի ողբերգությունից՝ իր նպատակներին հասնելու համար»: «Մենք առանց երկմտելու կկանխենք նման ցանկացած փորձ»,- Իսրայելի ներկայացուցչի խոսքերը մեջբերել են ԶԼՄ-ները: Նա միեւնույն ժամանակ հասկացրել է, որ Իսրայելի հետախուզությունը տեղեկություններ ունի Իրանի այդպիսի մտադրությունների մասին. իբր, Իրանը հումանիտար օգնության պատրվակով զենք է տեղափոխում Սիրիա: Այդուհանդերձ, չի նշվել, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո Իսրայելը հարձակվել է Թեհրանի վրա, եւ երկրաշարժի պես ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնելը պատմության մեջ կմնա որպես իսրայելական ձեռագիր: Դրա վկայությունն է նաեւ Սիրիայի կենտրոնի հրթիռակոծումը այն ժամանակ, երբ երկիրը դեռ չի էլ հասցրել թաղել երկրաշարժի հազարավոր զոհերին:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին փետրվարի 19-ին հայտարարել է, որ սիրիական տարածքի վրա Իսրայելի հարձակումը խորացնում է արաբական հանրապետության ժողովրդի տառապանքները: Նրա ելույթի տեքստը հրապարակված է իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության տելեգրամյան ալիքում:
Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ Դամասկոսին ու նրա արվարձաններին Իսրայելի ավիահարվածների եւ այսպես կոչված «Իսլամական պետության» հարձակումների միջեւ կա «անբաժանելի ու բնական կապ»: Նա շեշտել է, որ ագրեսիայի բոլոր ակտերն «ուղղված են Սիրիայի քաղաքացիների դեմ, որոնք բախվել են երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների հետ», եւ «խորացնում են սիրիական ժողովրդի ցավն ու տառապանքը»:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաեւ միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «անհապաղ, լուրջ եւ արդյունավետ արձագանքել ՄԱԿ-ի անդամ երկրի դեմ Իսրայելի ագրեսիային»:
Հարկ է ավելացնել, որ, ինչպես հաղորդել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը, Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել են Իսրայելի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման հարցերը, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Իհարկե, Իրանին դուր չի գալիս Բաքվի ու Թել Ավիվի մերձեցումը, եւ մի շարք փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի տարածքը, հատկապես՝ Իրանի հետ սահմանային շրջանները, իսրայելցիների կողմից կարող են օգտագործվել կամ արդեն օգտագործվում են Թեհրանի դեմ հետախուզական ու դիվերսիոն նպատակներով:
Այս բոլոր իրադարձությունները միմյանց հետ անքակտելի կապ ունեն: Եվ եթե Սիրիայի դեմ հարձակումն Իրանի դեմ պլանավորված ռազմական ներխուժման պլանի բաղկացուցիչ մասերից մեկն է, ապա պետք է շեշտել, որ Թեհրանից ադրբեջանական դեսպանատան դուրսբերումը լիովին բխում է իսրայելական քաղաքականության տրամաբանությունից: Թուրքիայում տեղի ունեցած հսկայական ողբերգությունից հետո Ադրբեջանը մի տեսակ «որբացել» է եւ արագ նետվում է ցանկացած «գիրկ»՝ առանց հաշվի առնելու հետեւանքները…