«Սերնդի ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր առողջությունը պետության ապագան կանխորոշող գործոններից կարեւորագույնն է»:
Սեւակ Խոյեցի
Երեւանում՝ «Աշխատանք» մարզադպրոցում («ՀԱՅԱՍՏԱՆ» մարզական միություն), տեղի ունեցավ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի կազմակերպած ազգային մարտարվեստի մրցաշարը՝ նվիրված նույն ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, մանկավարժ, մերօրյա անմահ հերոս Սեւակ Խոյեցու(Մնացականյան) հիշատակին։ Մինչ «Շվաքի» սաների ելույթները՝ հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ արցախյան բոլոր գոյամարտերում եւ ՀՀ սահմաններին նահատակված հայոց քաջորդիների։ Այնուհետեւ մշակութային մասով հանդես եկավ Ռուդիկ Հարոյանի անվան «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթը՝ Հայարփի Անանյանի եւ Լուսինե Մկրտչյանի գլխավորությամբ։ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Սեւակ Խոյեցու եղբայր եւ գործի շարունակող Մասիս Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ու շնորհակալագիր շնորհեց «Մասունք» խմբին, որի կազմում ժամանակին հանդես էր եկել նաեւ անմահության ճամփորդ Սեւակ եղբայրը։ Իրենց ելույթով ներկաներին ողջունեցին նաեւ «Շվաքի» մարմնամարզության խմբակի աղջիկ-սաները (գեղարվեստական ղեկավար՝ Ռիմա Մաթեւոսյան): Խմբակը ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պատվոգրի՝ «Լավագույն ցուցադրական ներկայացմամբ հանդես գալու համար»։ Ցուցադրական ելույթ ունեցան նաեւ ֆեդերացիայի ազգային մարտարվեստի ավագ խմբի մարզիկները՝ արժանանալով ներկաների ծափողջույններին ու հիացական խոսքերին։ Ընթացքում Մ. Մնացականյանի կողմից պատվոգրով ու համապատասխան տեղերի մեդալներով պարգեւատրվեցին փոքր տարիքային խմբի՝ նախօրոք կայացած մրցույթում հաղթող տղաները եւ նրանց մարզիչ Արմեն Աբրահամյանը։ «Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Մեծ աշխատանք եք կատարել, եւ հավատում եմ՝ կլինի շարունակական ու առավել արդյունավետ»,- խմբակի մարզչին ու սաներին դիմեց Մ. Մնացականյանը։ Մարզիչ Արմենը նույնպես շնորհակալություն հայտնեց իր սաներին՝ լավ ներկայանալու համար, նրանց ծնողներին, որ վստահում են իրենց։ Հիշեց «Շվաքի» հիմնադիր Սեւակի խոսքերը. «Օտար մարտարվեստի ճյուղերը չեն կարող դաստիարակել եւ արդյունավետ փոխանցել իրենց դավանած աշխարհընկալումը: Մարտարվեստի գաղափարներն ու դավանած արժեքներն ընդունելու համար անհրաժեշտ է այդ ամենին հոգեհարազատ լինել: Հակառակ դեպքում բոլոր մարտարվեստները կդառնան «կռվելու արհեստ» եւ ոչ միայն չեն կատարի դաստիարակչական գործ, այլ նաեւ կվտանգեն մարդկային առողջ ու քաղաքակիրթ փոխհարաբերությունները»: Այնուհետեւ նա խմբի պատրաստած արձանիկ- հուշանվերը հանձնեց Մասիս Մնացականյանին՝ ի երախտագիտություն Սեւակի գործը շարունակելու եւ հարյուրավոր մեր երեխաներին մարզվելու հնարավորություն ընձեռելու համար։ Մասիսը հուշանվերը բարձր գնահատեց՝ համարելով այն բոլորի միասնական աշխատանքի արդյունք։
Հանդիսավոր մասից, ցուցադրական ելույթներից հետո սկսվեց բուն մրցույթը, որը տեւեց մի քանի ժամ։ Սկզբում հանդես եկան ցածր տարիքային խմբերի սաները՝ կարմիր եւ կապույտ սաղավարտներով ու ձեռնոցներով (մրցավար՝ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի մարզիչ Ալբերտ Գասպարյան)։ Մրցաշարի ավարտին ֆեդերացիայի կողմից պատվոգրեր հանձնվեցին աջակիցներին։ Մրցումները վարեցին նաեւ «Շվաքի» այլ մարզիչներ, նշված մարզաձեւի գիտակներ։
Սեւակ Խոյեցին ծնվել է 1988 թ. փետրվարի 6-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Հարազատների, ընկերների, ծանոթների շրջանում հայտնի էր իր մարզական ու ազգային մշակութային հաջողություններով, հայրենանվեր գործունեությամբ։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Հարություն Ստեփանյանը, Սեւակ Մնացականյանը (Սեւակ Խոյեցի) եւ Տիգրան Ավագյանը, ով մինչ պատերազմը բնակվում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում եւ ուսուցչուհի մոր միակ զավակն էր: Մեր ժամանակների՝ ազգային ու պետական մտածողության երիտասարդներից էր Սեւակ Բախշիի Մնացականյանը, ով կամավոր մեկնել էր առաջնագիծ եւ նահատակվելուց օրեր առաջ տեսաուղերձ էր հղել մեր ժողովրդին՝ նախազգուշացնելով՝ այսօրվան կհասնենք, եթե չլինի կազմակերպված ու համախմբված պայքար ընդդեմ թշնամու։
Մրցաշարին ներկա էին բազմաթիվ հյուրեր տարբեր բնագավառներից։ «Եղբորս՝ Սեւակ Մնացականյանի գերակա նպատակն էր բացահայտել եւ համախմբել ուժեղագույն մարզիկների ազգային ոգու, մտքի, գաղափարի եւ մշակույթի շուրջ,- զրույցի ընթացքում ասաց Մ. Մնացականյանը,- եւ մեր պարտքն է՝ իրագործել հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսի երազանք-նպատակ-ծրագիրը»: Դահլիճում հանդիպեցի քաշաթաղցի Նարեկ Աղախանյանին, որը մինչեւ վերջերս ընտանիքով բնակվում էր Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում եւ ստիպված տեղափոխվել է Երեւան։ Որդին՝ այժմ Երեւանի թիվ 11 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Հրայրը, նույնպես մասնակցեց մրցաշարին եւ 45 կգ քաշային կարգում գրավեց երրորդ տեղը։ Հայրն ասաց՝ Հրայրն ընդամենը 3 ամիս է, ինչ մասնակցում է պարապմունքներին եւ արդեն ունի հաջողություն։ Շնորհակալություն հայտնեց «Շվաք» ֆեդերացիայի նախագահին, մարզիչներին։ Մրցույթին ներկա Վլադիմիր Նիկողոսյանը, որը մշտապես հետեւում է «Շվաքի» գործունեությանը, նշեց. «Ոգեպնդիչ ու կատարյալ աշխատանք է կատարվում»: «Շվաքը» համագործակցում է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի եւ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի (նախագահ՝ արցախյան պատերազմի հերոս Ոսկան Մարգարյան) հետ: Հիրավի, մեծ աշխատանք է կատարվում։ «Շվաքի» սաները հաճախ են նաեւ մասնակցում հայրենագիտական արշավների։ Ամենակարեւորը՝ հասակ են առնում, սնվում մերօրյա հերոսների ոգով։