«Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։ Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով»։ Հայտնություն 11։13-14
Միանգամից նշենք, որ որոշ լեզուներով թարգմանություններում նշված է ոչ թե յոթ հազար մարդ, այլ յոթ հազար անուն։ Իսկ դա կարող է շատ մեծ թիվ լինել, եւ եթե աստվածաշնչյան իմաստով հասկանանք, որ այդքան մարդկանց անուն ջնջվելու է կյանքի գրքից, ապա իսկապես դա մեծ աղետ է այդ մարդկանց համար։ Այստեղ նույնպես յոթ թվին ենք հանդիպում, որը աստվածաշնչյան իմաստաբանությամբ խորհրդանշում է ամբողջություն։ Յոթ հազար անունը կարող ենք ընկալել իրենց ամենաբազմազան ազգանուններով, տոհմերով, սերունդներով։
Ինչ վերաբերում է երկրային Երուսաղեմին, որն անվանված է Սոդոմ եւ Եգիպտոս, ապա այն դառնալու է հաղթանակած մեղքի թագավորություն։
Այսօր Թել Ավիվում եւ Երուսաղեմի արվարձաններում ստեղծված են ամենատարբեր մեղքային կենտրոններ, եւ տարվա մեջ այնտեղ են հավաքվում մեղքի սիրահարներն աշխարհի տարբեր ծայրերից։ Հետո նույն այդ մեղսագործները գնում են Երուսաղեմ՝ Տիրոջ սրբավայրերում խոնարհության կամ պարզապես էքսկուրսիայի։ Ի վերջո, Երուսաղեմը ողողվելու է մեղավորների օվկիանոսով, ովքեր ուխտագնացությունը վերածել են տուրիզմի։ Մենք, իհարկե, աղոթում ենք Երուսաղեմի համար, սակայն, պատմականորեն, գնալով ավելի քիչ ենք մտահոգվում երկրային Երուսաղեմի համար եւ ավելի շատ ենք մտածում երկնային Երուսաղեմի մասին։ Վաղ թե ուշ երկրային Երուսաղեմը դառնալու է մեղքի կենտրոն, սակայն, բարեբախտաբար, մեզ սպասում է երկնային Երուսաղեմը։
Նախկին գլուխներում, երբ հրեշտակները հնչեցնում էին փողերը, մենք ականատես էինք լինում ահավոր ցնցումների ու արհավիրքների, երկնային լուսատուների դրսեւորումների շեղումների, բնական աղետների, ահավոր զենքերի, որոնք Հովհաննես մարգարեն զուգահեռում էր մեկ մորեխների, մեկ՝ ձիերի հետ։
Վերջին փողի հնչելուց առաջ կարծես դադար է վերցվում։ Եվ միայն հիմա, երկու մարգարեների կողմից զղջալու ու ապաշխարելու վերջին քարոզից հետո միայն հնչում է յոթերորդ փողը։ Եվ սկսվում է աշխարհի վերջի հայտնության կուլմինացիան։