Բանաստեղծ, հրապարակախոս, երգիծաբան, Արցախում՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակից Դավիթ Միքայելյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին էր նվիրված Արցախի գրողների միության եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ցերեկույթը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառումը մեկնարկվեց լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակված հայորդիների:
Արժեւորելով Դավիթ Միքայելյանի գրական վաստակը՝ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մասնավորապես նշեց. «Նա գրական ընտանիքի իր սերնդի առաջատարներից է, ավանդապահ օջախի արժանավոր ներկայացուցիչներից մեկը, ով իր հայրենիքի, Արցախ աշխարհի նվիրյալն է, նրա հոգու երգիչը: Դավիթ Միքայելյանն իր նկարագրի մեջ գեղեցկամարդու այնքան հատկանիշներ է ամփոփում, որ, ինչպես ասում են, բարու եւ լավի դեֆիցիտի մեր ժամանակներում կհերիքեին միանգամից մի քանի մարդու: Դավիթը երբեք չի ձեւանում, գրում է, երբ պիտի գրի, կատակում է, երբ պիտի կատակի, երգում է, երբ պիտի երգի: Իսկ այդ «երգի» սահմանադիրն ինքը՝ Աստվածն է ամենակարող»:
ԳՄ ղեկավարը, հոբելյարին շնորհավորելով նաեւ վերջերս լույս տեսած «Հայացք ձմեռնամուտի» գրքի առիթով, որն արժանացել է ՀԳՄ մրցանակին, նրան հանձնեց «Նարեկացի» մեդալ եւ հուշանվերներ: Վարդան Հակոբյանը միաժամանակ Դավիթ Միքայելյանին հանձնեց ՀԳՄ Ոսկե մեդալը՝ «Գրական վաստակի համար»՝ նրան հաղորդելով Էդվարդ Միլիտոնյանի շնորհավորանքները:
Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով հոբելյարի կյանքի եւ գրական գործունեության համառոտ ժամանակագրությունը՝ ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը, մասնավորապես, ասաց. «Դավիթ Միքայելյանը նվիրյալ արցախցու կերպար է՝ զուլալ բարությամբ: Նա գրական, քաղաքական դաշտի մշտարթուն գործիչ է, ում մատը դրված է ժամանակի զարկերակին: Դավիթ Միքայելյան քնարերգուն ունի տոհմիկ պոետական հոգետարածք, որտեղ կերպավորումներ են ստացել արցախցի թանձրացյալ հոգով հողագործը` ապուպապերի նիստ ու կացով շաղախված, արարող էությամբ շնչող՝ լի ազգապահպան խորհուրդներով, ապա՝ շինարարը, երգահանն ու մարտավարը, սահմանապահ քաջորդիները»: Զ. Բալայանի համոզմամբ՝ նրա ձայնադարանը արցախցու աշխարհայացքի երգեցիկ, արարող ելեւէջներն են` ցավի, կարոտների, վիրավոր հոգու, որդեկորույս մայրերի ողբն ու զայրույթը, «հայրենյաց անհաշիվ կորուստների վիպախճանկարի ամբողջացումը»:
Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն այսպես սկսեց իր ելույթը գրչընկերոջ մասին. «Աստված բանաստեղծներին ընտրել է որպես իր քարտուղարը երկրի վրա: Այդ առումով Դավիթ Միքայելյանն ի ծնե բանաստեղծ է՝ հոգու երգիչ, ու նա միշտ ջահել է մնում երազով, երգով, հոգով: Նրա համար Արցախը կենսաբեր պատկերների կոնկրետ համաձուլվածք է, հայաշունչ, հայակերտ, հայապահպան: Դավիթ Միքայելյանի երգերում արցախայգու ծառերը մշտարթուն են, որոնք իրենց բներին «ծալ-ծալ կնճիռներ ունեն», եւ ամեն մեկը «դալար շյուղերին կրում է պապի հայկյան մատնահետքերը»… Ս. Խանյանի կարծիքով՝ Դ. Միքայելյանի համար արցախյան թթենին ժողովրդի երկարակեցության եւ հավերժության խորհրդանիշն է, որ սրբորեն պահվում, պահպանվում է սերունդների կողմից՝ ամուր արմատ ձգելով մայր հողում…
Գրական ցերեկույթին, բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ հոբելյարի՝ վերջերս լույս տեսած «Հայացք ձմեռնամուտի» բանաստեղծական ժողովածուին, որի մեջ հեղինակն ընդգրկել է արցախյան երեք պատերազմների ընթացքում իր տեսածը, ապրածն ու զգացածն ամփոփող գործերը: Անսփոփ խոհերով ծանրացած գեղագետը, լավատես լինելով, միաժամանակ տագնապում է, որ Արցախում լուսածագն ուշանում է.
Այս ի՞նչ սատանա է փակել տան դուռն իմ,
Որ գիշերս չի լուսանում…
Հիշարժան օրվա առիթով հոբելյարին ողջունեցին եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեցին համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, հանրապետության վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Տաթեւ Սողոմոնյանը եւ ուրիշներ: Հեռավոր Լիբանանից Դավիթ Միքայելյանին ողջույն էր հղել «Վարանդա» երգչախմբի ղեկավար եւ խմբավար, ճանաչված երաժիշտ, Համազգայինի ատենապետ Զաքար Քեշիշյանը, ով իր խոսքում մասնավորապես ընդգծել է. «Սիրելի՛ Դավիթ, հեռավոր Լիբանանում ինձ համար անսահման ուրախություն է իմանալ, որ Արցախում քո հեղինակությամբ նոր երգեր են ծնվում: Շատ եմ ցավում, որ անձամբ ներկա չեմ միջոցառմանը: Սակայն մտովի չեմ կարող չվերապրել այն ամենը, ինչ տեղի է ունենում պաշարված Արցախում: Սրտովս արյուն է ծորում, որ ձեզ հետ չեմ»:
Միջոցառմանը հնչեցին Դավիթ Միքայելյանի հեղինակած երգերից՝ նվիրված Հայաստանին, Արցախ աշխարհին, արցախյան ազատամարտում նահատակված հերոսներին: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը՝ պաշարված Արցախում խորհրդանշական համարելով գրական միջոցառման կազմակերպումը: Ներկաներին ընթերցելով իր նոր ստեղծագործություններից՝ Դավիթ Միքայելյանը խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, հայ ժողովրդին:
Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր