Թուրքիայում տարերային աղետի հետեւանքների չեզոքացման AFAD վարչությունը հաղորդել է, որ միլիոնանոց Կահրամանմարաշ եւ Հաթայ քաղաքներում երկրաշարժներից հետո գրանցվել է 7242 հետցնցում, այդ թվում 41-ը՝ 5-6 մագնիտուդ հզորությամբ: Բայց, ինչպես կարծում են սեյսմոլոգները, այդ թվում՝ թուրքական, սա դեռ վերջը չէ. ստորգետնյա նոր ցնցումներ են սպասվում Ադանայում, Բինգյոլում, Ստամբուլում ու Կիպրոսում:
Որքան մտահոգիչ են տվյալները, այնքան շատ են պնդումները, որ այս ամենը հենց այնպես չի տեղի ունենում: Արտահայտվում են տարբեր վարկածներ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դավադրությունից, ընտրություններից, որոնք պետք է տեղի ունենան մոտ ժամանակներս, մինչեւ Թուրքիայի նկատմամբ տեկտոնիկ զենքի օգտագործում: Խոսակցություններ կան նաեւ «Բարձրյալի պատժի» ու այլմոլորակայինների մեքենայությունների մասին:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ու նրա հարեւան Սիրիան սեյսմիկ վտանգավոր գոտում են, ոչ ոք այսպիսի մասշտաբի ավերածություններ ու մահեր չէր սպասում: Փետրվարի 6-ից սկսած՝ զոհվել է ավելի քան 47 հազար մարդ, 26 միլիոնը բժշկական ու հոգեբանական օգնության կարիք ունի, հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում: Քանդվել է 385 հազար տուն, ավելի քան 1 մլն մարդ մնացել է առանց ապաստանի: Մարդիկ սկսել են մեղադրել իշխանություններին, որ Էրդողանն ու նրա շրջապատը տեղյակ էին սեյսմիկ վտանգին եւ պետք է ամեն բան անեին՝ ողբերգությունը կանխելու համար: Իսկ անձամբ Էրդողանին մեղադրում են նաեւ նրանում, որ շինարարական բիզնեսը երկրում պատկանել է նրա որդուն ու հարազատներին, եւ այնտեղ «օտար» մարդիկ հայտնվել չէին կարող, ուստի անորակ շինարարության ամբողջ պատասխանատվությունն ընկած է երկրի ղեկավարի վրա: Ի պատասխան դրա՝ իշխանություններն սկսել են ձերբակալել շինարարներին, շինարարական հատվածում կոռուպցիայի եւ պաշտոնյաների անփութության բացահայտմանը միտված հետաքննություն անցկացնել: Արդեն տասնյակ ձերբակալվածներ կան:
Թուրքական հասարակության մեջ խոսում են նաեւ թուրք ժողովրդի նկատմամբ դավադրության մասին: Հենց այստեղից էլ ի հայտ է եկել սեյսմոլոգիական զենքի կիրառման վարկածը: Մի շարք փորձագետներ միանգամայն լրջորեն քննարկում են այդ վարկածը: Իսկ որոշ մասնագետներ հիշել են ամերիկյան HAARP նախագծի մասին՝ փորձելով «բացատրել», թե Վաշինգտոնն ինչու է Ալյասկայում հսկայական հաստատություն հիմնել՝ ալեհավաքներով:
Երկրաշարժի հնարավոր ծագման մասին իր կարծիքն է հայտնել Բուլղարիայում հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախագահի նախկին թեկնածու Պլամեն Պասկովը: Նա նշել է, որ երկրաշարժն ունի բնական պատճառներ, բայց այն, որ Արաբական սալը, որի վրա Թուրքիան ու Սիրիան են, տեղաշարժվել է միանգամից երեք մետրով, ինչ-ինչ կասկածներ, այնուամենայնիվ, հարուցում է. չէ՞ որ սեյսմիկ ակտիվության պատճառով սալի տարեկան տեղաշարժը կատարվում է 2-3 սմ-ի սահմաններում: Քաղաքական գործչին կասկածելի է թվում նաեւ այն փաստը, որ որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, երկրաշարժից մեկ օր առաջ հետ են կանչել իրենց դեսպաններին ու հյուպատոսներին եւ փակել դեսպանատները:
Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունները, որոնք կորցրել են ժողովրդի վստահությունը, արդյունքում՝ նաեւ առաջիկա ընտրություններում վերընտրվելու հույսը, փորձում են դավադրության պատկեր ստեղծել եւ միավորել թուրք ժողովրդին Էրդողանի շուրջ՝ ընդդեմ երկրին սպառնացող արտաքին մարտահրավերների: Նրանց այդ գործում լրջորեն օգնում է ռուսական ողջ քարոզչամեքենան: Եվ դա հասկանալի է. Մոսկվան ոչ միայն ցանկանում է ապահովել իր դաշնակից Էրդողանի վերընտրությունը, այլեւ թուրք ժողովրդի մեջ ստեղծել տպավորություն, որ հարձակման հետեւում կանգնած է Միացյալ Նահանգները, եւ նրա նպատակը Թուրքիան կործանելն է:
Աֆղան մաթեմատիկոս Մոհամմեդ Սիդիկ Աֆղանը կարծում է, որ ռումբերի պայթյունները կարող են երկրաշարժներ առաջացնել: Նա միեւնույն ժամանակ հերքել է համացանցի որոշ օգտատերերի ենթադրությունները, թե երկրաշարժը այլմոլորակայիններն են սադրել: Աֆղանը պնդում է, որ այլմոլորակայիններ չկան, իսկ մարդիկ միակ բանական արարածներն են տիեզերքում:
Երկրաշարժների պատճառների փնտրտուքում իրենց լուման են ներդրել նաեւ կրոնական գործիչները: Տեղի ունեցածի մեջ նրանք Աստծո ձեռքն են տեսնում եւ կարծում են, որ դա Բարձրյալի կողմից ազդանշան է եւ յուրահատուկ նախազգուշացում: Ոմանք էլ պնդում են, որ թուրքերը պատժվում են իրենց գործած նախկին ու ներկա հանցագործությունների, մեղքերի համար: Նրանք, ովքեր այսպես են մտածում, ոմանց կարծիքով՝ հասարակության առողջացման միտումներ ու ձգտումներ են ցուցադրում:
Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի Հաթայ նահանգում երկու նոր հուժկու երկրաշարժ գրանցվեց: Ականատեսները վկայում են, որ ստորգետնյա ցնցումների ժամանակ երկնքում կապույտ բռնկում են տեսել, ինչը բացատրություն չունի: Մառախուղի պատճառով հնարավոր չի եղել պարզել դրա պատճառը: Երեւույթի մասին պատմել են նաեւ սիրիական Լաթաքիայի բնակիչները, որտեղ նույնպես երկրաշարժ է արձանագրվել: Ավելի ուշ հրապարակվել են կադրեր, որոնցում նկատելի է կապույտ լույսի սյունը, որը երկնքից իջնում է երկրի վրա:
Դամասկոսի համալսարանին կից սեյսմիկ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը հայտարարել է, որ դա, այո, բացատրություն չունի, սական նշել է նաեւ, որ ստորգետնյա ցնցումներից առաջ մթնոլորտում տեղի են ունենում էլեկտրական ու մագնիսական դաշտերի փոփոխություններ:
Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Հուսեյն Յիլդիրիմը, իր հերթին, պնդում է, որ սեյսմիկ զենքով հարվածի հավանականությունն իսկապես գոյություն ունի: Նա վստահեցնում է, որ արդեն նման համակարգեր տեսել է եւ ծանոթ է դրանց աշխատանքային սկզբունքներին: Դրանք տիտանի համաձուլվածքից պատրաստված տասը մետրանոց դատարկ սյուներ են, որոնք տեղադրում են հատուկ արբանյակների մեջ եւ ուղարկում Երկիր:
«Երբ դրանք հասնում են երկրին, իջնում են 5 կմ խորությամբ: Դա շատ արագ է տեղի ունենում եւ առաջացնում է երկրաշարժ 7-8 մագնիտուդ հզորությամբ: Հարվածի արդյունքում այնտեղ գտնվող ամեն բան ոչնչանում է»,- հայտարարել է թուրք մասնագետը՝ ավելացնելով, որ առայժմ ոչ մի երկիր նման գրոհներից պաշտպանվելու միջոցներ չունի:
Ըստ հոգեբանների՝ մարդկանց մեծ մասին պետք է, որ իրենց կյանքում որոշակիություն ու պարզություն լինի: Երբ մարդիկ հասկանում են երեւույթի պատճառը, հնարավորություն են ունենում վերահսկել իրադարձությունները: Իսկ ավելի ճիշտ՝ տպավորություն ունեն, որ վերահսկում են: Անորոշությունը, իրադարձությունները բացատրելու անհնարինությունը, ապագան տեսնելու անկարողությունը, սեփական կյանքը պլանավորելու հնարավորության բացակայությունը մարդու մեջ անընդհատ ավելացնում են վախերն ու տագնապները: Նման դեպքերում մարդը ժամանակավոր, ինտելեկտուալ ու տեղեկատվական ռեսուրսներ չունի, իսկ բացատրություն ցանկանում է գտնել: Ահա հենց այսպիսի իրավիճակում ի հայտ են գալիս տարբեր տեսություններ: Միեւնույն ժամանակ ճիշտ պատասխանները մարդու համար բացարձակապես կարեւոր չեն: Նրանք չեն ստուգում տեսության ճշմարտացիությունը, քանզի բավարարվում են նրանով, ինչ գտնում են, որպեսզի հնարավորինս շուտ հանգստություն զգան եւ վերադարձնեն վստահությունը:
Թուրք հասարակությունը, սակայն, այսօր ապրում է տագնապի մեջ. մասնագետները չեն դադարում կրկնել, որ մեծ է նոր՝ առավել հզոր երկրաշարժների հավանականությունը: Դա հեռացնում է պատասխան գտնելու հնարավորությունից եւ խորացնում անհուսությունը…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ