2022 թ. հոկտեմբերի 31-ին Իսրայելում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում հաղթեց Բենիամին Նաթանյահուի գլխավորած աջ եւ ծայրահեղ կրոնական կուսակցությունների «Լիկուդ» դաշինքը՝ բավական համոզիչ արդյունքներով: Այսպիսով Նաթանյահուն՝ 6-րդ անգամ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը 16-ամսյա ընդմիջումից հետո։ Հաշվի առնելով, որ 120 անդամ ունեցող խորհրդարանում (Քնեսեթ) Նաթանյահուի գլխավորած դաշինքը 64 ձայն ունի, փորձագետները նշում են, որ այս անգամ հազիվ թե կրկին արտահերթ ընտրություններ լինեն։
Նոր կառավարությունը, որը բնութագրվում է որպես Իսրայելի 70-ամյա պատմության ընթացքում ամենածայրահեղն ու կրոնականը, ունենալով ամուր մեծամասնություն՝ շատ արագ ձեւավորվեց ու աշխատանքի անցավ։ Այն հունվարին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել դատական իշխանությունում փոփոխությունների օրինագիծ, ըստ որի՝ խորհրդարանն իրավասու է դառնում գերագույն դատարանի որոշումների վրա վետո դնել։ Օրինագծի հակառակորդները շեշտում են, որ այն հարցականի տակ է դնում դատական իշխանության անկախությունը, արգելակում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը։ Նման փոփոխություններին դեմ են նաեւ գերագույն դատարանի նախագահն ու գլխավոր դատախազը։ Հունվարի 14-ին Իսրայելի երեք խոշոր քաղաքներ Թել Ավիվում, Հայֆայում ու Երուսաղեմում ընդդեմ օրինագծի ավելի քան 100 հազար մարդ էր փողոց դուրս եկել։ Ցույցերի կազմակերպիչներից ընդդիմադիր քաղաքական գործիչ Բենի Գանցն այդ առիթով նշել է, որ օրինագիծը երկիրը մղում է դեպի ներքին բախումներ։
Դատական համակարգի փոփոխությունների նախագիծն ընդհանրապես գնահատվում է որպես հարված ժողովրդավարությանը, ինչպեսեւ դատական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների անկախությանը։ Օրինագիծը ոչ միայն գերագույն դատարանի իրավասություններն է սահմանափակում՝ ընդունված օրենքները չեղարկելու, խորհրդարանին դատարանի մերժած օրենքները կրկին հաստատել թույլատրելու առումներով, այլեւ գործադիրը հնարավորություն է ստանում վերահսկել դատավորների նշանակումը։ Օրինագիծը խիստ քննադատողների շարքում են հայտնի դեմքեր, ինչպես, օրինակ, գերագույն դատարանի նախկին դատավորներ, գլխավոր դատախազներ եւ Նոբելյան մի քանի մրցանակակիրներ, այդ թվում՝ տնտեսագետ Դանիել Քաթմանը, ով շեշտել է, թե օրինագիծը զգալիորեն սահմանափակում է դատական իշխանության վերահսկողությունը գործադիրի գործունեության վրա։ Նախկին գլխավոր դատախազ Ավիխայ Մենդգբիլթի կարծիքով էլ՝ Նաթանյահուի փոփոխությունները ոչ թե բարեփոխում են, այլ՝ հեղաշրջում։ Առ այսօր շարունակվող ցույցերին մասնակցում են ՏՏ ոլորտի աշխատողներ, դպրոցականներ, ուսանողներ եւ զինվորականներ։ Բացի այդ, երկրի համալսարանների գիտական կազմի 4 հազար անդամ, հանդես գալով հայտարարությամբ, խիստ քննադատել է հնարավոր փոփոխությունները, շեշտել, որ դրանք մահացու հարված են Իսրայելի ժողովրդավարությանը։ Վարչապետին ու փոփոխությունների ճարտարապետ համարվող արդարադատության նախարարին ուղղված նման բովանդակությամբ բաց նամակներ են հղել նաեւ արվեստագետների ու դերասանների արհմիությունները։ Հարյուրավոր տնտեսագետներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, թերեւս, նմանօրինակ բովանդակությամբ փաթեթ են հրապարակել, նախազգուշացրել, որ դա կարող է բացասական լուրջ ազդեցություն ունենալ տեխնոլոգիաների արտադրության վրա։ Հատկանշական է նաեւ, որ փոփոխություններին դեմ են արտահայտվել նաեւ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը։
Փետրվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին հավաքվել էին Քնեսեթի առաջ, այսուհանդերձ, հաջորդ օրն արդեն 63 կողմ, 47 դեմ ձայներով խորհրդարանը հաստատել է «դատական համակարգի բարեփոխումների» օրինագիծը։ Ցույցերը շարունակվել են նույն գիշեր եւ հաջորդ առավոտ, մինչդեռ իշխող դաշինքի անդամները հայտարարել են, թե մինչեւ գարնանային արձակուրդներ այն կհաստատվի նաեւ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ։
Ավելի քան 5 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերը, անշուշտ, լուրջ մարտահրավեր են Նաթանյահուի կառավարության համար։ Վերջինս երկրում ստեղծված նման իրավիճակում օրակարգի հրատապ հարց է դարձրել Իրանի՝ միջուկային զենք արտադրելու եւ Իսրայելին սպառնալու հարցը՝ շեշտելով, թե Թել Ավիվը առանց որեւէ այլ երկրի աջակցության պատրաստ է հարձակվելու եւ ոչնչացնելու Իրանի միջուկային օբյեկտները։ Դա նշանակում է ռուս-ուկրաինականից ավելի վտանգավոր ու ընդգրկուն պատերազմ, սակայն եթե չասենք, որ Իսրայելը երբեք նման քայլի չի դիմի՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, ապա դրա հավանականությունն աննշան է։ Նաթանյահուի ու կառավարության այդօրինակ սպառնալիքներ հնչեցնելու դրդապատճառը, ըստ երեւույթին, իսրայելցիների ուշադրությունը շեղելն է. հնարք, ինչը կիրառում են շատ քաղաքական ղեկավարներ, երբ ներքին լուրջ խնդիրների առաջ են հայտնվում։ Խոսելով Իրան-Իսրայել, թերեւս, թշնամական փոխհարաբերությունների մասին՝ կարելի է նշել, որ կողմերը մշտապես միմյանց հասցեին փոխադարձ սպառնալիքներ հնչեցնելը դարձրել են սովորական երեւույթ, բայց դրանք երբեք այսպես կոշտ ու լուրջ բնույթ չեն կրել։ Թեեւ Նաթանյահուի, որպես աջ պահպանողական, հակաիրանական դիրքորոշումն առավել խիստ բնույթ է կրել՝ հայտարարելով, մասնավորապես, թե Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք արտադրել։ Ավելին՝ նրա իշխանության օրոք բազմիցս Իրանում թիրախ են դարձել միջուկային օբյեկտներն ու այդ ոլորտի գիտնականներ, ինչպեսեւ Սիրիայում իրանական կենտրոնները։ Սակայն Իրանի վրա հարձակվելու այսպիսի հաստատակամություն ու սպառնալիքներ չեն եղել։
Ահավասիկ, Իսրայելի բանակի հայտնի գեներալ Ամիր Ավյեւին «Ֆաքս նյուսին» հայտնել է, թե եթե Իրանն անարգել զենք արտադրելու մակարդակի ուրան է հարստացնում, ապա Իսրայելն ընդդեմ այդ երկրի պատրաստ է կյանքի կոչել ռազմական տարբերակը։ Նշենք, որ փետրվարի 24-ին «Ֆաքս նյուսը», հենվելով գաղտնի տեղեկությունների վրա, գրել է, թե Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա։ Ըստ նշյալ աղբյուրի՝ Նաթանյահուն նման որոշում է ընդունել պաշտպանության նախարարության պատասխանատուների ու գաղտնի ծառայությունների հետ մի քանի գաղտնի խորհրդակցություններից հետո։ Այս մասին Իսրայելի «12» հեռուսատալիքը, առանց որեւէ աղբյուր մատնանշելու, հայտնել է, թե Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու առնչությամբ վարչապետի, զինված ուժերի, գաղտնի ծառայությունների, բարձրաստիճան պաշտոնյաների ու Մոսադի տնօրենի մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել։ Թեեւ միջազգային ԶԼՄ-ները շեշտում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների գերլարվածությունը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարի 29-ին Իրանի Սպահան քաղաքի զինվորական համալիրի վրա ԱԹՍ-ների հարձակումով, ինչի համար Իրանը մեղադրում է Իսրայելին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, դա ավելի շուտ պետք է մեկնաբանել Իսրայելում ներքաղաքական իրավիճակի սրմամբ։