Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմն արդյունավետորեն ապահովում է ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանումը: Վերջիններիս գործողություններում մեծ տեղ ունի հումանիտար բաղադրիչը, որի շրջանակներում Արցախի բնակչությանը տրամադրվում է սոցիալական, բժշկական, կրթական եւ մշակութային աջակցություն: Թյուրքական ագրեսիայից հետո Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի մեջ է՝ բոլոր առումներով: Այսօր ռուս խաղաղապահների հովանու ներքո տեղի բնակչությանը տրամադրվում է նաեւ հոգեբանական աջակցության ծառայություն:
Արցախում բացված է խաղաղապահների դիտարկման 27 կետ, որոնցում ռուս զինծառայողները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում: Ակնհայտ է, որ մոտ 400 կմ շփման գծի երկայնքով այդ քանակությամբ դիտարկման կետերը բավարար չեն առաքելությունը լիարժեք իրականացնելու համար, եւ հրադադարի հաստատումից հետո ադրբեջանցիների կողմից արձանագրված հրադադարի խախտման 2-3 դեպքն օրինաչափ է: Որպեսզի ապահովվի խաղաղապահների միջդիտակետային հատվածի վերահսկողությունը, նրանց զորակազմում ընդգրկված են ռազմական ոստիկանության շարժական ստորաբաժանումները, որոնցից յուրաքանչյուրը օրական մոտ 200 կմ է տեղաշարժվում պարեկային ծառայություն իրականացնելու համար:
Արցախում խաղաղապահների ներկայությունն ամենեւին չի նշանակում, թե Արցախի պաշտպանության բանակի առաքելությունը պետք է մղվի հետին պլան: Ընդհակառակը՝ խաղաղապահների ներկայությունը պետք է օգտագործել պաշտպանության բանակը եւ Արցախի մյուս ուժային կառույցները համալրելու, վերակազմավորելու եւ հզորացնելու համար: Արցախի շուրջ թուրքական եւ ադրբեջանական ռազմական ներկայության ծավալների աննախադեպ եւ արագ աճը հրամայական են դարձնում Արցախում խաղաղապահների զորակազմի եւ պաշտպանության բանակի ուժեղացումն ու ժամանակակից սպառազինությամբ համալրումը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխարգելել հնարավոր սադրանքները եւ հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Արցախում մեծ աշխատանք են տանում նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը, որոնք օրական մաքրում են 2,5 հեկտար տարածք: 2020-ի նոյեմբերի 23-ից հետո այս ստորաբաժանումը չպայթած զինամթերքից մաքրել է 2,130,2 հեկտար տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1,860 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել են 25,621 չպայթած ռազմամթերք, ականներ եւ այլ պայթուցիկ առարկաներ:
Հազարավոր արցախցիներ են տարբեր հարցերով դիմում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ: Այն նաեւ ունի «թեժ գիծ», որի միջոցով նույնպես ստացվում են դիմումներ: Դրանց հիմնական մասը վերաբերում է անհետ կորած զինծառայողների որոնման հարցին: Խաղաղապահները հավաքագրում են տվյալները եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու հակամարտող կողմերի համապատասխան կառույցների հետ համագործակցության միջոցով որոնողական աշխատանքներ իրականացնում:
Արցախցիները մարդասիրական արձագանքման կենտրոն դիմում են նաեւ շփման գծի հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում աշխատանքներ իրականացնելու համար իրենց անվտանգությունն ապահովելու, սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման հարցերում օժանդակություն ստանալու նպատակով: Հրադադարի հաստատումից ի վեր ավելի քան 3600 մարդ օգնության համար դիմել է կենտրոն, որից «թեժ գծի» միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ: Հատկանշական է, որ կենտրոնին դիմում են նաեւ աֆղանական պատերազմի վետերանները, որոնք ցանկանում են ստանալ այդ պատերազմին մասնակցելու համար նախատեսված վճարները:
Խաղաղապահ գործունեության մեջ հատկապես տեսանելի են բարեգործական եւ կրթական բաղադրիչները: Այս ընթացքում խաղաղապահները ռուսական բարեգործական կազմակերպությունների միջոցով ընդհանուր առմամբ Արցախի բնակիչներին են փոխանցել ավելի քան 155 տոննա հումանիտար պարագաներ՝ ներառյալ բժշկական սարքավորումներ եւ առաջնային ախտորոշիչ միջոցներ: Արցախի դպրոցներում իրականացվում են կրթական միջոցառումներ՝ ռուսաց լեզվի ուսուցման, հայ եւ ռուս ժողովուրդների միասնական պատմությանը ծանոթանալու թեմաներով:
Նկատենք, որ հատկապես բարեգործական ծրագրերի առումով ահռելի մեծ անելիք ունեն հայկական բարեգործական, կրթական եւ բժշկական կազմակերպությունները: Արցախցուն իր հողի վրա պահելու, պատերազմի հետեւանքով ստեղծված հոգեբանական վիճակը եւ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար այդ ուղղությամբ հասարակական նախաձեռնություններն առաջնային անհրաժեշտություն են: Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրների լուծումը ոչ միայն պետական մարմինների գործառույթը պետք է լինի, եթե ուզում ենք հայ ժողովրդին գոհացնող իրավիճակ ունենալ: