«Եւ նա մի արու զավակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ»։ Հայտնություն 12։5
Ինչո՞ւ երկաթե գավազանով. որովհետեւ մեր կավե շինվածքը գավազանով է հնարավոր ջարդել։ Դեռ սաղմոսներում է գրված. «Երկաթի գաւազանով կջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կփշրես նորանց»։ Սաղմոս 2։9
Սա մեսիական սաղմոս է. արու զավակ, ով գավազանով կհովվե։ Նա, անշուշտ, Քրիստոսն է։
Պորտուգալիան տիրապետել է հսկայական տարածքների, փոքրիկ Անգլիան իշխել է գրեթե մոլորակի կեսին։ Նպատակը եղել է աշխարհի քրիստոնեականացումը։ Սակայն նրանք այդ հնարավորությունը մասամբ օգտագործեցին քրիստոնեության տարածման, մասամբ էլ՝ շահադիտական նպատակներով։ Աշխարհի մեծագույն նվաճումները արարվել են քրիստոնեական աշխարհում։ Որովհետեւ ուրիշներին չէին կարող բացվել դրանք։ Մեծ հայտնությունները բացվում են քրիստոնեական խոնարհություն ունեցողներին եւ նրանց, ովքեր գաղտնիքները չեն օգտագործի չար նպատակներով։ Սակայն, քրիստոնյաները աստիճանաբար հրաժարվեցին խոնարհությունից եւ քիչ-քիչ զիջում են դիրքերը։ Սակայն Քրիստոսը հովվեց բոլոր ազգերը քրիստոնեական քաղաքակրթության օգնությամբ։ Այսօր եվրոպական շատ երկրների եկեղեցիներում բացվում են գարեջրասրահներ, ժամանցի վայրեր, հյուրանոցներ, պատկերասրահներ, ռեստորաններ, սրճարաններ, գրախանութներ, վարսավիրանոցներ…
Եկեղեցին հնարավոր չէ հաղթել, որովհետեւ այն Աստծո արարած օրգանիզմ է։ Չարն իշխանություն չունի Աստծո առաջ եւ նրա ստեղծագործ Եկեղեցու նկատմամբ։ Նրանք, անշուշտ, մեծ ցանկություն ունեն ոչնչացնելու Եկեղեցին, բայց դա նրանց ուժերից վեր է։ «Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր»։ Հայտնություն 12։6
Երբ Եկեղեցին հեռանա աշխարհից, դադարելու է այն ամենը, ինչ սովորական է բոլորի համար. եկեղեցու թշնամիները կզգան, որ հացն անհամ է, արեւը չի լուսավորում, ջուրը չի թարմանում, նարկոտիկները չեն ազդում, ֆիլմերը հետաքրքիր չեն… Մի խոսքով, մեղավորները կհասկանան, որ կյանքն ավարտված է։ Աշխարհն իմաստավորված է, քանի դեռ այնտեղ է Եկեղեցին։ Վաղ թե ուշ այն կհեռանա, որովհետեւ կգա ժամանակ, որ այն բացի Աստծուց ոչ ոքի պետք չի լինի։
Աստված կպահի, կպահպանի, կկերակրի կնոջը՝ հարս եկեղեցուն հազար երկու հարյուր վաթսուն օր։ Ճիշտ այսքան օր աշխարհին իշխելու է հակաքրիստոսը, այդքան օր տիրելու է խավարի իշխանությունը, ճիշտ այդքան օր են ունենալու մարդիկ ապաշխարելու համար, վերջին հնարավորությունը, երկու վկաները՝ Եղիան ու Ենովքը վերջին քարոզն են անելու, վերջին կոչերը։ Քառասուներկուսը Աբրահամից մինչեւ Քրիստոս սերունդների թիվն է, այդքան ժամանակ է տրված չարի իշխանությանը, այդքան վերջին ժամանակ է տրված դարձի գալու համար… Այսինքն դա ճշմարտությանը սպասելու ժամանակահատվածն է, վերջին սպասման, ամենածանր սպասման, երբ վայրկյանները դանդաղ են հոսելու, օրերը ձգվելու են անասելի։ Սա լուսաբացից առաջ սպասման լիարժեքությունն է։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ