* «Երբ մարդը նախապես իր համար ինչ-որ վճիռ է կայացնում, պնդելով, թե դա լավագույնն է կամ միակը, ապա դրանով փակվում է հիմնախնդրի ստեղծագործական լուծման ճանապարհը: Կարող է պարզվել, որ լավագույն եղանակն ակնհայտ է, սակայն կանխակալ վերաբերմունքի պատճառով մարդը կա՛մ չի կարողանում տեսնել, կա՛մ, ինչն ավելի վատ է, դիտավորյալ անտեսում է ստեղծագործական այլընտրանքները» (Ջերարդ Նիրենբերգ):
* «Ինքն իրեն լրջորեն վերաբերվելը դեռ ոչ մեկի համար օգտակար չի եղել: Իմ տեսակետը հետեւյալն է՝ լրջորեն վերաբերվեք աշխատանքին եւ ոչ այդքան լրջորեն ինքներդ ձեզ: Սա լավ խորհուրդ է հրաշալի հանգստի եւ հաճելի հիշողությունների համար» (Դոնալդ Թրամպ):
* «Անկախ այն բանից, թե որ բնագավառում է գործում առաջնորդը, նա բախվելու է հիմնախնդիրների, որոնք անխուսափելի են հետեւյալ երեք պատճառով: Առաջին՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որին հատուկ են հարատեւ աճող բարդությունը եւ բազմազանությունը: Երկրորդ՝ մենք փոխհարաբերության մեջ ենք ամենատարբեր մարդկանց հետ: Երրորդ՝ մենք ի վիճակի չենք կառավարելու բոլոր այն իրավիճակները, որոնցում մեզ հարկ է լինում գործել» (Ջոն Մաքսվել):
* «Թեյլորը բնութագրում էր կառավարումը հետեւյալ բառերով՝ «պլանավորիր-արա-տես»: Ի՞նչ է նշանակում «տես»: Հասկանալու համար Թեյլորի միտքը՝ ձեւափոխենք նրա բանաձեւը հետեւյալ կերպ. «պլանավորիր-կատարիր-ստուգիր-ներազդիր»: Սա այն է, ինչը մենք անվանում ենք «կառավարման շրջան»: Կառավարումը հարկավոր է կազմակերպել միջոցառումների վեց համալիրի ձեւով. 1. Նպատակների եւ խնդիրների ճշտում: 2. Նպատակների իրականացման եղանակների ճշտում: 3. Կադրերի ուսուցում եւ պատրաստում: 4. Աշխատանքների կատարում: 5. Կատարման արդյունքների ստուգում: 6. Կառավարչական համապատասխան ներազդեցության իրականացում» (Քաորու Իշիկավա):
* «Երեւակայականի անհագ տենդագին հետապնդումն արժեզրկում է առկա իրողությունը եւ հարկադրում անտեսել այն. հենց որ ձեռք է բերվում մոտակա նպատակը եւ նախկինում միայն ցանկալին ու հավանականը դառնում են կայացած փաստ, իսկույն նորանոր հնարավորությունների անզուսպ կիրքը մղում է մարդուն ավելի ու ավելի առաջ» (Էմիլ Դյուրկհեյմ):
* «Ոչ մի դեպքում հիմք մի տվեք ձեր ենթակային իրեն զգալու լոկ որպես «մեքենա», որից պահանջվում է առավելագույն հատույց: Ցույց տվեք նրան, որ ձեզ հավասարապես հետաքրքրում են ինչպես իր արտադրական հաջողությունները, այնպես էլ անհատական բարգավաճումը, իր ապագան, ընտանեկան կյանքը, հետաքրքրությունները եւ պահանջմունքները: Առանց ենթակայի հանդեպ նման հոգատարության դժվար է նրանից ակնկալել առավելագույն ջանքեր հանուն ձեր սեփական գործարար նպատակների իրականացման» (Հանս Ալթման):
* «Ապահովագոյն է, որ նոյնիսկ ամենաթեթեւ հարցերու մէջ՝ որոշումներդ ըլլան ծանրակշիռ. վա˜յ քեզի սակայն՝ որ միակ ծանրակշիռ հարցի մը մէջ ամենաթեթեւ որոշում կայացնելու չափ ըլլաս թեթեւամիտ» (Նարպէյ Քարաճեան):
* «Երբ ինձ մոտ է գալիս իմ աշխատակիցներից մեկը եւ մի նոր գաղափար առաջարկում, ապա ես խնդրում եմ դա շարադրել գրավոր: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ գաղափար վզիս փաթաթեն՝ օգտվելով միայն հաճելի ձայնից կամ պատկառելի տեսքից: Պարզապես նման բան չպետք է թույլ տաս…. Խոսակցության ընթացքում, հաճախ նույնիսկ ինքդ քեզ հաշիվ չտալով, կարող է ամեն տեսակի խառնափնթոր ու անհեթեթ գաղափարներ արտահայտես: Իսկ երբ մտքերդ շարադրում ես թղթի վրա, արդեն հարկադրված ես լինում խորանալու մանրամասների մեջ: Ընդ որում, այս պարագայում արդեն ավելի դժվար է ինքդ քեզ կամ մեկ ուրիշին մոլորեցնելը» (Լի Յակոկկա):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ