Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մարտի 1-2-ն անցկացված G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը մեկ անգամ եւս փաստել է առկա անջրպետների խորացման միտումը։ Հանդիպումը, որը կարող էր տարաձայնությունների եւ մարտահրավերների լուծման հնարավորություն դառնալ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Արեւմուտքի համար, ցույց տվեց, որ առճակատման մեջ գտնվող երկրները դեռ հեռու են լարվածությունը նվազեցնելուն ուղղված իրական քայլերից։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անցած տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ են հանդիպել նույն սենյակում, սակայն առանձին չեն բանակցել։ Բլինքենը նշել էր, որ մտադիր չէ հանդիպել նաեւ Չինաստանի գործընկերոջ հետ: Ռուսաստանը հանդիպումը փորձում է առավել արդյունավետ դարձնել Արեւմուտքի մեկուսացման օղակը թուլացնելու համար։ Երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկեր Ցին Գանգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը երկկողմ համագործակցությունը զարգացնելու հեռանկարային ծրագրեր ունեն, ինչպես նաեւ «հարուստ արտաքին քաղաքական օրակարգ՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Չինաստանի դերը որպես կայունացնող գործոն միջազգային հարաբերությունների համակարգում»։ Մինչդեռ, ինչպես գրում է «Ֆրանսպրեսը», արեւմտյան պատվիրակները վախենում են, որ Չինաստանը դիտարկում է իր ռուս դաշնակցին զենք մատակարարելու հարցը, եւ մտադիր են օգտագործել արտգործնախարարների գագաթնաժողովը՝ հետ պահելու Պեկինին հակամարտությանը միջամտելուց: Մասնավորապես, Գերմանիան ասել է, որ օգտագործում է հանդիպումը՝ հակազդելու ռուսական քարոզչությանը:
ԱԳ նախարարների հանդիպման հիմնական թեման եղել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա ազդեցությունը մնացած աշխարհի վրա։ Միջոցառման օրակարգում ներառված են եղել նաեւ պարենային անվտանգության, պարարտանյութերի եւ վառելիքի հետ կապված հարցերը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ելույթում տեղ գտած հիմնական շեշտադրումները թերեւս լավագույնն են բնութագրում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները, ցույց տալով նաեւ դրանց լուծման ուղիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային կառավարման ճարտարապետությունն ուներ երկու գործառույթ։ Դրանցից մեկը ապագա պատերազմների կանխումն էր մրցակցող շահերը հավասարակշռելու ճանապարհով, իսկ մյուսը՝ միջազգային համագործակցության զարգացումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ «Անցած մի քանի տարիների փորձը՝ ֆինանսական ճգնաժամ, կլիմայի փոփոխություն, համաճարակ, ահաբեկչություն եւ զինված հակամարտություն, հստակ ցույց է տալիս, որ համաշխարհային կառավարումը ձախողվել է իր երկու գործառույթներում»,- փաստել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը՝ կոչ անելով G20-ի անդամ երկրներին կենտրոնանալ միավորման վրա եւ թույլ չտալ, որպեսզի առանձին խնդիրներ խանգարեն ընդհանուր խնդիրների լուծմանը։
Մարտահրավերներն իսկապես շատ են եւ հրատապ լուծում են պահանջում, ինչպես օրինակ՝ մինչ այս գործող մատակարարման շղթաների քայքայումը, աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտություններն ու դրանց կողմնակի ազդեցությունները, պարենային ու էներգետիկ անվտանգությունը, սոցիալական խմբերի միջեւ մեծացող խզումը լրջագույն խնդիրներ են ստեղծել մարդկության առաջ։ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի խոսքով, ստեղծված իրավիճակը պահանջում է «շարունակել միջազգային պարտավորությունների կատարումը»։ «G20-ը պետք է հաշվի առնի մեր բոլոր գործընկերների առաջնահերթությունները եւ տնտեսական մտահոգությունները, հատկապես նրանց, ովքեր ավելի խոցելի են: Մենք պետք է ապահովենք պահանջարկի վրա հիմնված եւ կայուն զարգացման համագործակցություն՝ հիմնված երկրի սեփականության եւ թափանցիկության վրա: Ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նման համագործակցության կարեւորագույն առաջնորդող սկզբունքներն են»,- հավելել է Ջայշանքարը։
Թեեւ Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծում է «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք» դրսեւորելու առաջնահերթությունը, սակայն Հնդկաստանը հրաժարվում է Ռուսաստանին մեղադրել պատերազմի մեջ եւ կոչ է անում դիվանագիտական լուծում տալ: Միաժամանակ Հնդկաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի գնումները, որով ցույց է տալիս, որ չի պատրաստվում միանալ արեւմտյան երկրների հակառուսական պատժամիջոցներին։ Նման դիրքորոշումը հնդկական կողմը հիմնավորում է նրանով, որ հակառուսական պատժամիջոցներն արդեն իսկ բացասաբար են ազդել համաշխարհային տնտեսության վրա։
Արտգործնախարարների գագաթնաժողովին նախորդել էր G20-ի ֆինանսների նախարարների Բենգալորում կայացած հանդիպումը, որտեղ եւս մասնակիցները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ հանդիպման արդյունքներն ամփոփող վերջնական փաստաթղթի շուրջ։ Առկա տարաձայնությունները վերաբերում էին երկու կետի՝ Ռուսաստանին պատերազմի հարցում դատապարտելու, ինչպես նաեւ աղքատ երկրների պարտքերը դուրս գրելու հարցում։ Հանդիպման մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել վերջնական փաստաթղթում «պատերազմ» բառի ներառման շուրջ։ Գերմանիան եւ Ֆրանսիան պնդել են իրենց դիրքորոշումը, որ դրա ձեւակերպումը չպետք է լինի ավելի մեղմ, քան 2022 թ. Բալիում G20 գագաթնաժողովի վերջնական բանաձեւում։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները քննադատել է Մոսկվայի եւ Պեկինի դիրքորոշումը G20-ի հանդիպմանը եւ հաստատել, որ Չինաստանը արգելափակել է վերջնական հռչակագրի ընդունումը։ «Ռոյթերսի» տեղեկացմամբ, ԵՄ երկրները չեն աջակցել G20-ի անդամ երկրների նախարարների հանդիպմանը հաջորդած կոմյունիկեին, քանի որ այն չի ներառել Ռուսաստանին դատապարտելու ձեւակերպումը։ Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանը փորձել է կոնսենսուսի գալ ձեւակերպումների հարցում՝ «պատերազմի» փոխարեն այն անվանելով «ճգնաժամ» կամ «մարտահրավեր», սակայն քննարկումներն ավարտվել են առանց որոշման ընդունման։
Դանիլեւսկու անվան ռուս-սլավոնական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բուրենկովի խոսքով, պաշտոնական Դելին դարձել է ռուս-ուկրաինական հակամարտության հիմնական շահառուներից մեկը։ Դրա արդյունքում Հնդկաստանը նախընտրում է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ հիմնվելով առաջին հերթին առեւտրատնտեսական շահերն ու հետաքրքրություններն առաջ տանելու վրա։ Ըստ «Refinitiv Eikon»-ի՝ Ռուսաստանից Հնդկաստան միայն մազութի ներմուծումը 2022 թ. ապրիլից մինչեւ 2023 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում եռապատկվել է եւ կազմել մոտ 4.8 միլիոն տոննա, իսկ ռուսական էժան նավթն ու դիզելային վառելիքը հզոր խթան են հաղորդել նավթամթերքների արտահանմանը։ Համաշխարհային տնտեսական տուրբուլենտությունը Հնդկաստանին որոշակի հնարավորություններ է ընձեռել՝ աշխարհի տնտեսությունների շարքում հասցնելով հինգերորդ հորիզոնականին, իսկ մինչեւ 2030 թ.՝ երրորդ տեղ անցնելու հեռանկարով:
Հիշեցնենք, որ Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թ. դեկտեմբերի 1-ից։ Ավելի քան 200 հանդիպում է նախատեսված Նյու Դելիում, սակայն արտգործնախարարների հանդիպումը կարեւոր իրադարձություններից է G20-ի առաջնորդների եզրափակիչ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանի մայրաքաղաքում։ Այնուհետեւ նախագահությունը կփոխանցվի Բրազիլիային։