Ինչպե՞ս հասկանալ, որ քո առաջ կանգնած բարեհամբույր անձնավորությունը, որ նաեւ կոկիկ հագնված է, ունի գրավիչ խոսք, տիրապետում է վարվեցողության բոլոր կանոններին, ներքուստ վիշապն է։ Հոտով։ Պետք է ունենալ հոգեւոր այնպիսի պաշար, որ ունենաս նաեւ հոգեւոր բարոմետր, որպեսզի հասկանաս, որ արտաքին ազդակները նա կեղծում է։ Նա կարող է նույնիսկ օրհնել, ասել «փառք Աստծո», բայց միայն լեզվով, նրա սիրտը հակառակն է։
«Եւ մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքումը. Հիմա փրկութիւնը եւ զօրութիւնը եւ թագաւորութիւնը եղաւ մեր Աստուծուն, եւ իշխանութիւնը եղաւ նորա Օծեալին, որ վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր։ Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չսիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ»։ Հայտնություն 12։10 -11
Գառան արյունով հաղթել. խոսքն այստեղ հաղորդության մասին է։ Ընդհանրապես Քրիստոսի արյունը մաքրում է մեզ մեր բոլոր մեղքերից։ Հաղորդվելով, մաքրվելով մենք դառնում ենք պաշտպանված։ Սակայն միայն հաղորդություն ընդունելով չի կարելի միտքը բթացնել, որովհետեւ մեզ դեռեւս մնում է մեր ազատ կամքն ու ընտրության հնարավորությունը։ Այսինքն, եթե կանգնած ես, զգուշացիր ընկնելուց, որ չընկնես։ Մի դատապարտիր ընկածներին, որովհետեւ մի օր էլ դու կարող ես ընկնել։ Կա հստակ սկզբունք. մի հպարտացիր, բայց վախեցիր։
Մենք թշնամուն հաղթում ենք Քրիստոսի խոնարհությամբ։ Որովհետեւ նա Հոր կամքը հլու հնազանդ կատարեց խոնարհությամբ մինչեւ մահը խաչի վրա։ Անմեղներից առաջինը տուժեց Քրիստոսը։ Բարձրագույն շնորհքը նահատակությունն է. նրանք իրենց զոհաբերում են Աստծուն։
Երկնքում Միքայել հրեշտակի հետ պայքարից հետո մարտը տեղափոխվում է երկրի վրա, ուր վերեւում պարտվելուց հետո բնակություն են հաստատում սատանան ու իր անկյալ հրեշտակները։
«Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած եք նորանում. վայ երկրին եւ ծովին (եւ նորանցում բնակողներին), որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մոտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։ Հայտնություն12։12
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ