«Ես կարդացի այս զրույց-գրառումների ձեռագիրը: Ի՞նչ կարող եմ ասել… Ես ձեռք չտվեցի դրանց, թեկուզ հնարավոր է, որ այս կամ այն միտքը հիմա ուրիշ կերպ կարտահայտեի: Ես ինձ թույլ եմ տվել միայն մի քանի ուղղումներ եւ ճշտումներ անել զրույցների հայերեն բնագրում:
Ինձ դուր է գալիս, որ Լեւոն Մկրտչյանը լսել գիտի եւ կարող է որսալ զրույցի «հատիկը»: Այս մեկը հազվագյուտ բան է: Նման նոթեր նա արդեն գրել էր Կորնեյ Չուկովսկու, Հարություն Կալենցի, Վիլյամ Սարոյանի մասին…
Այն ամենը, ինչ որ նա գրում է, նաեւ իր կյանքն է, իր կենսագրությունը: Ես մեծ բավականությամբ եմ կարդում Մկրտչյան-հուշագրողին…»:
Համո ՍԱՀՅԱՆ
Ժամանակին, երբ կյանքից արդեն հեռացել էր մեծն Հովհաննես Շիրազը, Սյունաց աշխարհում ծնված նրա գրչեղբայրը հաճախ էր հիշեցնում, թե՝ «գրավոր Շիրազը կա, անհրաժեշտ է փրկել բանավոր Շիրազին»: Եվ ճշմարիտ էր Համո Սահակիչը՝ գրառված հուշերն ու զրույցները թանկագին մասունքներ են, որոնցով ավելի են ամբողջանում-շքեղանում իր ապրած դարի ճակատը պսակող այս կամ այն երեւելի անհատականության էությունն ու նկարագիրը: Այս առումով, անսակարկելի արժեք է վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանի «Զրույցներ բանաստեղծի հետ» նոթագրությունը, գիրք, որի ներածականում հեղինակը նշում է. «Երկար տարիներ ես բարեկամություն եմ անում Համո Սահյանի հետ: Զրույցները նրա հետ սկսվել են 60-ական թվականների կեսերին եւ, փառք Աստծո, դեռեւս շարունակվում են: Գրի եմ առել, իհարկե, ոչ բոլորը, ինչ ասել է Սահյանը: Գրի եմ առել միայն ինձ հետաքրքիր թվացող մտքերը, այնպիսիները, որոնք իմ կարծիքով ներկայացրել են իրեն՝ Սահյանին եւ գուցե թե (այս մասին ես չեմ մտածել) նաեւ ինձ: Համո Սահյանը լավ, բայց լռակյաց զրուցակից է…»:
Սույն գրքով հեղինակը որոշակիորեն «փրկել է» մեզանից երբեւէ չբացակայող «բանավոր» բանաստեղծին, փրկել է մտքեր, մասունքներ, որոնցից պատառիկներ ենք ներկայացնում մեր ընթերցողին:
Լոր գյուղի տղան
Գյուղի դպրոցում լորեցիները մեծարում են իրենց նշանավոր համագյուղացուն: Համո Սահյանը պատասխանում է նրանց ողջույններին.
-Այսօր ես 60 տարեկան եմ… 160 էլ դառնամ՝ էլի երեխա եմ մնալու, քանի այս գյուղը կա: Շնորհակալ եմ ձեզանից, որ դուք ամուր կպած եք այս հողին: Այդ ասել է, թե մեր գյուղը հավիտենական է, մեր ժողովուրդը հավիտենական է, հավիտենական են նաեւ նրա երգն ու խոսքը… Եթե ձեր սպասածի պես խոսել չեմ կարողանում, պատճառը ձեր առջեւ երեխա զգալս է….
Ծնվել քառասուն տարեկանում
Խոսում էինք Շիրազի մասին: Այն միտքն էինք կրկնում, թե վաղ Շիրազը գերազանցում է ուշ Շիրազին:
-Շիրազը մի անգամ ինձ ասաց. «Ես պետք է դադարեի քառասուն տարեկանում, իսկ դու պետք է ծնվեիր քառասուն տարեկանում»,- նկատում է Սահյանը, կարծես թե համաձայնելով, որ ուշ Սահյանը ուժեղ է վաղ Սահյանից…
Ձյունից արեւի հոտ է գալիս
Երեկոյան ժամը 9-ի կողմերը հանդիպեցի Համո Սահյանին:
-Լեւոն, մեր ձյունից եւս արեւի հոտ է գալիս: Ձեռք տուր այս տան քարերին: Նրանք դեռեւս տաք են: Երբ ես մենակ եմ լինում, հիշում եմ մեր ձորը, մեր տունը, մեր արեւը եւ գրում եմ տեսածս: Բայց այս քաղաքն էլ կա հեռու-հեռավոր այն հուշերում…
Սահյանը կարդաց իր նոր բանաստեղծությունները: Երբ բաժանվում էինք, ասաց.
-Մարդիկ կան, Լեւոն, որ բանաստեղծություն չեն կարդում ու ապրում են… Եվ չգիտեն, որ Մասիսի գլխին նստած ձյունից արեւի հոտ է գալիս…
Չանգալիստները
Շռայլ ձեռքը չի աղքատանում: Իսկապես այդպես է: Բայց ահա ժլատի ձեռքը միշտ դատարկ է: Այդպես պինդ ձեռք ունեցող մարդիկ սիրում են ուտել ուրիշի հաշվին: 40-50-ական թվականներին Բաթումիում այդպիսի մարդկանց ասում էին չանգալիստներ: Չանգալ՝ այսինքն պատառաքաղ:
Համո Սահյանը մի հայտնի չանգալիստի հրավիրում է ռեստորան եւ տալիս է նրան հարյուր ռուբլի.
-Վճարիր ճաշի համար:
-Իսկ ինչո՞ւ ես իմ միջոցով վճարում,- զարմանում է չանգալիստը:- Քո փողն է, դու էլ վճարիր:
-Թող քո ձեռքը սովորի ծախսել,- ժպտում է Սահյանը,- թող սովորի հաշիվը փակել եթե ոչ քո, գոնե ուրիշի փողերով…
Նախանձ
Խոսում էինք նախանձոտ մարդկանց մասին: Համո Սահյանն ասաց.
-Պատերազմի ժամանակ մի անգամ բարձրաստիճան մի հրամանատար ինձ հյուր էր կանչել: Երբ ինձ ներկայացրին, հրամանատարը տեղից վեր կացավ` ասելով. «Գրողներին ես պիտի ողջունեմ հոտնկայս…»: Այստեղ էր գտնվում մի հայ զինվորական եւս: Նա հրամանատարին ասաց. «Ես էլ եմ գրող, պարզապես ժամանակ չունեմ, որ զբաղվեմ այդ գործով»: Ահա թե ինչ է նախանձը…
Մեծության մասին
-Ինձ,- պատմում է Սահյանը,- հարցրին, թե արդյոք զգո՞ւմ եմ իմ մեծությունը, իմ կշիռն ու կարեւորությունը: Ես նրանց ասացի, որ իրենց մեծությունը լավ են զգում աննշան մարդիկ…
Հայկական Համլետ
Համո Սահյանը հիացած է Մսրյանի Համլետով: Մսրյանը հիմա, հեռուստատեսային ֆիլմում Պագանինիի դերը վիրտուոզ խաղալուց հետո, լայն ճանաչում գտած դերասան է…
-Սմոկտունովսկին խաղում է ուրիշ, ռուսական Համլետ: Նա խաղում է 300 միլիոնի համար, իսկ Մսրյանը խաղում է հայ Համլետը 3 միլիոնի համար,- բացատրում է Սահյանը,- եւ հենց «լինե՞լ, թե չլինել» բանաձեւն էլ շատ հայկական է եւ մեր ամբողջ ժողովրդի տառապանքից բխած…
Ագռավ
-Զարմանալի լեզու ունենք հայերս: Բառեր ունենք, որոնց հնչյուններից օտարն էլ կռահում է նրանց իմաստը: Ասում ենք «ագռավ» եւ կարծես թե լսում ենք ագռավի կռռոցը,- ասում է Համո Սահյանը: