Մեր ինքնության անբաժան եւ կարեւորագույն բաղադրիչն է աշխարհասփյուռ հայությունը։ Հայկական սփյուռքը բազմաշերտ է, յուրաքանչյուր համայնք ունի իր խնդիրները, առանձնահատկությունները, սակայն մեկ բան հստակ է՝ հայության եւ Հայաստանի համար ճգնաժամային իրավիճակներում կարողանում է համախմբվել՝ լուծելու ծագած մարտահրավերները։ Այդպես եղավ նաեւ 2020 թ. պատերազմի ժամանակ։ Համախմբումը, սակայն, պետք է կրի շարունակական բնույթ եւ տեղի ունենա մեկ ընդհանուր համազգային արժեհամակարգի շուրջ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այս անգամ ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի Հայաստան-սփյուռք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման տեսլականը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սփյուռքի համայնքները դիտարկում է ոչ թե որպես հայաստանյան եւ համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձեւավորման գործուն մասնակից: Դիտարկում են Հայաստանում արեւմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։
Հայաստան-սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու կարիք է տեսնում «5156» կուսակցությունը, որի հիմքում պետք է դրվի այն գիտակցումը, որ «Հայաստանն ուժեղ է հատկապես սփյուռքով, իսկ սփյուռքը՝ իր անկախ հայրենիքի գոյությամբ»։ Քաղաքական ուժը վստահ է, որ սփյուռքը հայրենիքին կարող է տալ շատ ավելին, քան սոսկ դրամական հանգանակություններն են, փողոցային ակցիաները կամ փոքր ներդրումները։ Սփյուռքը պետք է ունենա առավել մեծ՝ ռազմավարական ներդրում՝ դառնալով ՀՀ անվտանգային համակարգի եւ զարգացման առաջմղման կարեւոր տարրերից մեկը։
Հայաստանակենտրոն սփյուռքի ձեւավորման գաղափարն է զարգացնում նաեւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ առաջարկելով իրականացնել հայրենադարձության ակտիվ քաղաքականություն (ընդունել «Հայրենադարձության մասին» օրենք), ձեւավորել ազգային զարգացման կայուն, երկարաժամակետ մոդել, երբ հայաստանակենտրոն հայության առնվազն կեսից ավելին կբնակվի ազգային պետության տարածքում:
«Արդար Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում հայկական ներուժը միավորող գաղափարների զարգացումը, հայկական ռեսուրսների միավորումը եւ դրանք տեղայնացնելու, իրականություն դարձնելու ծրագրերի ստեղծումը։ Սփյուռքի խնդիրները լուծելու եւ հայրենիքի հետ կապն ավելի սերտ ու արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկում են ստեղծել «Համահայկական ազգային ժողով», որի գերխնդիրն է լինելու աշխարհի տարբեր երկրներում զբաղվել հայկական հարցերի քաղաքական եւ տնտեսական լոբբինգով, հայապահպանության խնդիրներով, հայ մշակույթի պահպանման ու զարգացման հարցերով եւ այյլն։ Կուսակցությունն առաջ է քաշում «Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն» ստեղծելու եւ ներգաղթի ազգային դոկտրին մշակելու գաղափարը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սփյուռքը դիտարկում է որպես Հայաստանի անբաժանելի մաս եւ մեր պետության զարգացման կարեւորագույն գործոն: Սփյուռքի մասնակցությունը համազգային ծրագրերի իրականացման գործում ապահովելու համար այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է դառնում սփյուռքի ներուժի ճիշտ գնահատումը: ԲՀԿ-ն նույնպես Հայաստանը դիտարկում է որպես ամբողջ հայության միավորման, հավաքական կարողությունների ու ներուժի իրացման կենտրոն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ցանկանում է Հայաստանն ու սփյուռքը տեսնել հայկական պետականության որպես միասնական առանցք ընկալող ցանցային ամբողջական համակարգ, որպեսզի աշխարհում ապրող միլիոնավոր հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ: Լրջագույն խնդիր է սփյուռքում հայ մարդու ինքնության պահպանումը, եւ այդ առումով պահանջվում է ՀՀ կողմից արդյունավետ հայեցակարգի մշակում ու վերջինիս հետեւողական իրականացում:
«Հայաստան» դաշինքը ձեւավորելու է Հայաստան-սփյուռք համագործակցության եւ երկխոսության նոր օրակարգեր, վերանայվելու են երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդրվելու են գործակցության նոր մեխանիզմներ։ Իրականացվելու է հայրենադարձություն, հատկապես բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսքի ապահովման հատուկ նպատակային ծրագրեր, իսկ Հայաստանի եւ սփյուռքի միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորումը հնարավորություն կտա ապահովել փոխադարձ հավաստի լրատվություն։
«Պատիվ ունեմ» դաշինքը հայրենիք-սփյուռք հարաբերությունների արդյունավետության մեծացման նպատակով նպատակահարմար է գտնում մշակել «հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցման ու զարգացման մասնագիտական ծրագիր։ Սփյուռքի չօգտագործվող հնարավորությունների մեծ պոտենցիալ է ավանդական կառույցների մեջ չներգրավված հատվածը, որի ինքնակազմակերպումը, ինստիտուցիոնալացումն ու ակտիվ գործունեությունը մեծապես կպայմանավորեն նոր որակի «հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցումը։ Դաշինքում վստահ են, որ «հայկական սփյուռքն այլեւս համասեռ «զոհ-սփյուռք» չէ, այլ վերափոխվել է «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչ ունեցող հանրության», հետեւաբար կարիք կա «հայրենիք-սփյուռք հարաբերությունների նոր մոդելավորման»:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Հայաստան-սփյուռք բազմաշերտ եւ բազմազան հարաբերությունների զարգացման գլխավոր պայման է դիտարկում իրավունքների եւ փոխադարձ պարտականությունների հստակեցումը. «Սփյուռքի հետ հարաբերություններում մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հայության արտաքին քաղաքական օրակարգի եւ նախագծերի հիմնական մատակարար, այդ նախագծերում սփյուռքի անհատներին եւ համայնքներին ներառող, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հայկական տնտեսական համագործակցության կազմակերպիչ, միջնորդ, որպես մշակութային օրակարգի նախագծող եւ տարածող, որպես համահայկական շահերի հիմնական առանցք»։