«Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, եւ եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս: Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը…
…Մանկության տարիներին հայրս Կոմիտասի խմբերգերի մի հրաշալի ձայնագրություն ուներ: Կոմիտասն ինձ համար մինիմալիզմի անգերազանցելի վարպետ է, եւ նրա միջոցով էր, որ ես ընկալեցի հնարավորինս նվազագույն նոտաքանակով առավելագույնն արտահայտելու գաղափարը…
…Ես առաջարկում եմ ստեղծել կոմպոզիցիոն հերոսական եւ մոնումենտալ ոճ, որը մարդկանց կոգեւորի իր պարզությամբ, զերծ կլինի անցողիկ մոդայից, արհեստական պաճուճանքից եւ կեղծ խոհականությունից, կլինի ուղղամիտ, հզոր, անկեղծ, միշտ ինքնատիպ եւ երբեք՝ անբնական: Երաժշտությունը պետք է փրկել քայքայումից ու լճացումից: Բնությունը ես միշտ համարել եմ Աստծո հանդերձանք…»:
Ալան ՀՈՎՀԱՆՆԵՍ
Ինչպես բազմաթիվ մեծանուն հայորդիների՝ նրան էլ բախտ չէր վիճակվել աչքերը բացել պապենական ոստանում. հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը, արմատները թողել էր Ադանայում եւ տեւական դեգերումներից հետո հաստատվել Բոստոնում, ամուսնացել շոտլանդուհու հետ, գրքեր գրել, հեղինակել հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկը, երկար տարիներ խմբագրել «Հայրենիք» շաբաթաթերթը:
Ամերիկյան միջավայր, խիստ ու կանոնակարգված դաստիարակություն: Օտարարյուն մոր կամքով որդին՝ Հովհաննեսը, հրաժարվել է հայկական ազգանունից եւ հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անվամբ: Ապագա կոմպոզիտորին փոքր հասակից են հետաքրքրել նկարչությունը, գրականությունը, աստղագիտությունն ու երաժշտությունը: Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են յոթ տարեկանում, իսկ տասնհինգը չբոլորած, չնայած ծնողների դիմադրությանը, գրել է առաջին օպերաները: Ավագ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թավթս համալսարանում, ապա նաեւ Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում:
Կոմիտասով սքանչացած արվեստագետի ինքնահաստատման շրջանն սկսվում է, երբ որպես երգեհոնահար ծառայության է անցնում Ուոթերթաունի Հայ առաքելական եկեղեցում: Չնայած բացառիկ տաղանդին, մեկը մյուսին հաջորդող բարձր մրցանակներին, ամերիկյան խառնարանում նա շարունակում է ընկալվել օտար եւ վտարանդի: Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագում է ռեստորաններում եւ հյուրանոցներում, նվագակցում երաժիշտների եւ երգիչների: Հովհաննեսի համար ճակատագրական էր լինելու հանդիպումը իր «հոգեւոր ուսուցչի»՝ ազգությամբ հույն, միստիկ նկարիչ Հերմոն դի Ջիովաննիին, անսալը նրա խորհրդին՝ փնտրել ու գտնել իր հայկական՝ հարազատ հոգեւոր ժառանգությունը եւ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այդ արժեքներին: Այդպես լինելու էր, միայն ցավն այն է, որ ներշնչված նկարչի հուշած հոգեմետ գաղափարով, խելահեղ տաղանդով օժտված կոմպոզիտորը վերցնում եւ այրում է մինչ այդ գրած իր հարյուրավոր ստեղծագործությունները, որոնց թվում՝ երկու օպերա, յոթ սիմֆոնիա: Անցնելու էր հիսուն տարի, վերհիշելու էր ցնորամիտ իր արարքը եւ ժպիտով փորձելու էր արդարանալ. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան եւ պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից…»: «Ավելորդ բեռ», որն անդառնալի կորուստ էր լինելու իր եւ հետագա սերունդների համար… Այդուհանդերձ, ամերիկահայ երաժիշտը համարվելու էր 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը՝ 67 սիմֆոնիա, 434 համարակալած գործ: «Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է… Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ամբողջ աշխարհում»,- վկայել է Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը: «Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթեւացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի եւ գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը». ամերիկյան մամուլի գնահատանքի խոսքեր են: Այս երկրում նրան անվանել են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում եւ Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի», մեծերը բնութագրել որպես «քսաներորդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը…»:
Բազմաժանր է Ալան Հովհաննեսի երաժշտական ներկապնակը՝ մոտ 500 երկ, 20-ից ավելի համանվագ, ստեղծագործություններ տարբեր երաժշտական գործիքների համար, երգեր Վիլյամ Սարոյանի խոսքերով, արեւելյան ոճի սիմֆոնիկ եւ կամերային ոճի գործեր, դրանց թվում հնդկական՝ «Մադրասյան տաճարը», «Նագուրան», «Արջունա», ճապոնական՝ «Կոկե կո նիվա», «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների», հունական, կորեական, չինական, օսեթական, քրդական, հավայան կղզիների բնիկների: Իսկ հայկական ոճի գործերի թիվն անցնում է 50-ից:
Մեծահամբավ երաժիշտը մայր հայրենիք այցելել է ընդամենը մեկ անգամ՝ 1965-ին, ծանոթացել իր գործընկերներին, ստեղծագործությունները նվիրաբերել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին եւ վերադարձել Ամերիկա: Հայաստանի անկախացումից հետո նրա ուսերին արդեն ծանրացել էր ծերունական տարիքի բեռը եւ անկարող էր կրկին այցելել արեւոտ իր երկիր: Բայց «որոնող» մեծ հայը հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ էր գտնելու՝ գրելու էր Արցախյան ազատամարտի հայ քաջազուններին նվիրված «Արցախ» սիմֆոնիան: 80-ամյա մաեստրոն Կարնեգի Հոլում մեծ շուքով նշվող իր հոբելյանական գալա համերգի ժամանակ ղեկավարելու էր իր նոր սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան:
«…Նրա երաժշտության բարձր որակն ու ներշնչանքի մաքրությունը երեւան են գալիս նրա մեղեդիների (որոնք ինքնուրույն ստեղծագործություններ են, այլ ոչ՝ ֆոլկլորի մշակում) բացառիկ գեղեցկության մեջ՝ թողնելով չգերազանցված քաղցրության մի զգացում,- գրել է գրող, կոմպոզիտոր Վերջիլ Թոմսոնը:- Դրանց մեջ ճչացող, ցուցադրական, պարզունակ կամ ցածր ու անճաշակ բան չկա: Նրա երաժշտությունը հաճույք է մեր ականջի եւ մտքի համար…»:
Իսկ մեզ համար՝ այդ բոլորը՝ հավելած ազգային հպարտության անխառն զգացողությունը: