Մարտի 9-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան Պեկինում, վերջինիս միջնորդությամբ, համաձայնության են եկել դիվանագիտական փոխհարաբերությունները վերսկսելու հարցում: Հրապարակված եռակողմ հայտարարության մեջ նշվել է, որ երկու ամսվա ընթացքում Թեհրանում եւ Էր Ռիադում կվերաբացվեն կողմերի դեսպանությունները։ Չինաստանի հաջողված միջնորդությունը շատ մեծ, գլխավորապես դրական արձագանք է գտել միջազգային մակարդակով՝ հաշվի առնելով, որ դրա կյանքի կոչվելը կայունություն կբերի Պարսից ծոցում, որտեղով տեղափոխվում կամ արտահանվում են էներգակիրները։ Սակայն արեւմտյան ԶԼՄ-ները միաժամանակ նշում են, թե դա նաեւ Չինաստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու ահազանգ է ԱՄՆ-ի համար։ Իսկ ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթը տեղի ունեցածը համարել է աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձի սկիզբ՝ տարածաշրջանում Չինաստանի, որպես համաշխարհային գերտերության, ազդեցության մեծացում։
Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերություններում ճգնաժամ առաջացավ 2016 թ. հունվարի 2-ին, երբ 47 մարդու, այդ թվում՝ շիա հոգեւոր առաջնորդ շեյխ Նիմար Բաղեր ալ Նիմարին, ահաբեկչական գործունեության համար մեղադրանքով ենթարկեցին մահապատժի: Նիմարը կալանավորվել էր 2012 թ., իսկ 2013 թ. դատապարտվել մահապատժի՝ Բահրեյնի ներքին գործերին միջամտելու, Իրանի հետ համագործակցելու եւ սադրիչ գործողությունների մեղադրանքով: Շիա հոգեւոր առաջնորդի մահապատիժը Թեհրանում եւ Մեշհեդում բողոքի ցույցերի պատճառ դարձավ, Թեհրանում ցուցարարները ներխուժեցին Սաուդյան Արաբիայի դեսպանություն, իջեցրին այդ երկրի դրոշը եւ հրկիզեցին շենքը։ Նույնը տեղի ունեցավ Մեշհեդում, ինչը հանգեցրեց երկու երկրների միջեւ դիվանգիտական ու տնտեսական բոլոր կապերի խզման։
Ձեռք բերված համաձայնությունը ողջունել են նաեւ արքա Սալման բին Աբդուլազիզը եւ վարչապետ՝ թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, ով իրականում երկրի ղեկավարն է եւ հիշյալ նախագծերի նախաձեռնողը։ Նա, արժեւորելով Չինաստանի դերն այդ հարցում, շեշտել է նախագահ Սի Ծինպինի գնահատելի նախաձեռնությունը Սաուդյան Արաբիա-Իրան փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ, ընդգծել, որ այն համընթաց է Էր Ռիյադի վաղեմի ու կայուն տեսակետին, այն է՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության տարաձայնությունները պետք է կարգավորել երկխոսությամբ ու դիվանագիտության շարունակականության սկզբունքով։ Սա այն դեպքում, երբ 2013 թ. Իրանում նախագահ ընտրված Ռուհանին այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գերակա ուղղություն էր համարել հարեւան եւ մասնավորապես իսլամական երկրների հետ փոխհարաբերությունների սերտացման սկզբունքը, որի շրջանակներում, ինչպես այն ժամանակ հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, իրանական կողմը բազմիցս բացահայտ եւ երբեմն էլ ոչ բացահայտ, Էր Ռիադին ուղերձներ էր հղել տարաձայնությունները բանակցությունների սեղանի շուրջ լուծելու առնչությամբ, որոնք անպատասխան էին մնացել: Հանգամանք, ինչը, թերեւս, պայմանավորված էր տվյալ ժամանակահատվածում Էր Ռիադի արտաքին քաղաքականությամբ, Իրանի հետ լուրջ մրցակցությունով՝ տարածաշրջանի երկրներում ազդեցությունը տարածելու հարցում։ Այդ քաղաքականությունը շարունակվում էր վերջին տասնամյակում, թերեւս մինչեւ 2019 թ. լարվածությունը ավելի սուր բնույթ էր կրում, ինչը պայմանավորված էր նրանց դիրքորոշումներով եւ տարածաշրջանի որոշ երկրներում առկա հակամարտություններով, որոնք կրում էին նաեւ կրոնական բնույթ: Բահրեյնում Իրանը պաշտպանում էր շիա մեծամասնությանը, իսկ Սաուդյան Արաբիան զորք մտցրեց երկրի բնակչության շուրջ 25 տոկոսը կազմող սունի իշխանություններին պաշտպանելու համար՝ հաջողություն արձանագրելով: Սիրիայում Ասուդյան Արաբիան ձգտում էր իշխանանկ անել ալեւի Բաշար Ասադին, Իրանը պաշտպանում էր իշխող վարչակարգին: Լիբանանում, Իրաքում մրցակցությունն ավարտված չէ, սակայն սուր բնույթ չի կրում։ Եմենում Իրանը շիա հուսիների կողքին է, իսկ Էր Ռիադը ռմբակոծում է վերջիններիս դիրքերը։ 2014 թ. Եմենում սկսված ներքին բախումները իրականում Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջնորդավորված պատերազմ են։ Վերջինս հովանավորում է այդ երկրի բնակչության շուրջ 20 տոկոսը կազմող շիա հուսիներին, որոնք պայքարում են պաշտոնական իշխանության դեմ՝ բավական լուրջ հաջողություններ արձանագրելով։ Երկրի նախկին նախագահը ապաստանել է Էր Ռիադում, որը ոչ միայն ուղղակիորեն մասնակցում է մարտերին, այլեւ բազմակողմանիորեն աջակցում է նախկին իշխանությունների կողմնակիցներին։ Նշենք, որ Թեհրան-Էր Ռիադ փոխհարաբերությունների վերականգնման նպատակով 2021-ից միջնորդական լուրջ ջանքեր են գործադրել Օմանն ու Իրաքը, ինչի արդյունքում 2022 թ. դեկտեմբերի 20-ին, փոխհարաբերությունների կասեցումից ի վեր, տեղի ունեցավ երկու երկրների միջեւ բարձր մակարդակի հանդիպում։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը «Բաղդադ-2» համաժողովի շրջանակներում հանդիպեց պաշտոնակցի՝ Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ։
Միջնորդության մասին Սի Ծինպինը հայտնել էր դեռեւս Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի` Պեկին կատարած այցի ընթացքում։ Այն հաջողությամբ պսակվեց, որովհետեւ եռակողմ շահգրգռվածություն կար։ Թեհրանը տարածաշրջանում մեկուսանալու սպառնալիքը չեզոքացրեց հարեւան երկրների հետ բնականոն փոխհարաբերությամբ։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ջանքեր էր գործադրում «Աբրահամի» համաձայնության շրջանակում փոխհարաբերություններ հաստատել նաեւ Էր Ռիադի հետ, ապա տարածաշրջանում արաբական երկրների մասնակցությամբ հակաիրանական կոալիցիա ձեւավորել, ինչի հավանականությունը, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, կդառնա զրոյական։ Ինչ վերաբերում է Էր Ռիադին, ապա վերջինիս անհրաժեշտ է կայունություն, որպեսզի զբաղվի երկրում ավելի քան մեկ տասնյակ բավական հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերով, ինչի համար անվտանգություն ու կայունություն է անհրաժեշտ։ Մինչդեռ Եմենում, որտեղ Էր Ռիադը ուղղակիորեն ներքաշված է բախումների մեջ, մեծ հավանականությամբ կարող են դրանք եւս հուսիների հարձակումների թիրախ դառնալ։ Դա է վկայում 2019 թ. սեպտեմբերին ԱԹՍ-ներով հուսիների հարձակումը Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանության հսկա «Արամքոյի» երկու համալիրի վրա, որոնցում հրդեհներ բռնկվեցին՝ լուրջ վնասներ պատճառելով։
Չինաստանը թեեւ հայտարարել է, թե միջնորդության համար որեւէ «վերջնական դրդապատճառ» չունի եւ չի աշխատում լցնել ինչ-որ «վակուում» տարածաշրջանում, մտադիր չէ ներքաշվել աշխարհաքաղաքական մրցակցության մեջ, սակայն այդ երկրին իր տնտեսական, ավելի հստակ՝ աշխարհատնտեսական ծրագրերն իրականացնելու համար դարձյալ կայունությունը կարեւոր է եւ անհրաժեշտություն՝ անխափան էներգակիրներ ներմուծելու նպատակով։ Այդ երկրի նավթի հիմնական մատակարարն Էր Ռիադն է, Իրանից եւս որոշ չափով նավթ, իսկ Կատարից մեծ քանակությամբ գազ է ներկրում։ Ի վերջո, 60 մլրդ դոլար Կատարում, 50 մլրդ՝ Սաուդյան Արաբիայում, ինչպեսեւ ԱՄԷ-ում ներդրումներ է կատարել եւ նպատակամղված է նաեւ մասնակցել Սաուդյան Արաբիայի մեծ նախագծերի իրականացմանը։ Բայց եւ այնպես, Իրանի հետ ներդրումները, թերեւս, դեռ չեն իրականանա՝ պայմանավորված մի շարք գործոններով։
Անշուշտ, համաձայնությունը տեղի է ունեցել փոխզիջումների հիման վրա, որոնց շրջանակներում, ըստ ամենայնի, իրենց ավարտին կմոտենան Եմենի շուրջ 10-ամյա բախումները, որոնց ընթացքում զոհվել է 130 հազար մարդ, եւ սովամահ են եղել հազարավոր երեխաներ։