Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններն անցնում են լարվածության հերթական փուլով: Յուրաքանչյուր հերթական փուլում հարաբերությունների վատթարացումը նոր «բնագծեր» է նվաճում, եւ բացառված չէ, որ այդ լարվածությունը, ի վերջո, հանգեցնելու է բաց հակամարտության: Երբ հայտարարություններ հնչեցին, որ Ադրբեջանն օկուպացրած արցախյան տարածքները տրամադրում է Իսրայելին՝ Թեհրանի դեմ գործողություններ սկսելու համար, որ Բաքուն այդ նպատակով չբնակեցված տարածքներում առաջին հերթին օդանավակայաններ է կառուցել իր դաշնակցի՝ իսրայելական կողմի համար, Իրանը ռազմական ինքնաթիռ օդ բարձրացրեց իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Արդեն երկար ժամանակ Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները՝ Իրանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Թեհրանը ձգտում է չենթարկվել սադրանքին: Երբ հարձակում կատարվեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, Իրանը, չնայած հետաքննությամբ պարզվել էր, որ հարձակվողը գործել է անձնական նկատառումներից դրդված, նույնիսկ ներողություն խնդրեց՝ առաջարկելով համատեղ հետաքննություն սկսել: Դա էլ չօգնեց: Բաքուն կատարեց քայլեր, որոնք երկկողմ հարաբերություններն իջեցրեցին ամենացածր մակարդակի: Ադրբեջանը տարհանեց Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին, հետ կանչեց դեսպանին, իր քաղաքացիներին զգուշացրեց չմեկնել Իրան, գործողություն իրականացրեց այն անձանց բացահայտման ուղղությամբ, որոնք, իբր, լրտեսություն են իրականացրել Թեհրանի օգտին: Չվիճարկելով այն, որ դիվանագետներին ընդունած երկիրը պատասխանատվություն է կրում դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության համար, Բաքվի պատասխանը, միեւնույն է, անհամաչափ է թվում: Տպավորություն է ստեղծվում, որ նրա անհաշտ արձագանքը այլ մոտիվներ ունի:
Իրանում փորձագետները հակված են կարծել, որ ադրբեջանական մոտեցումն իսրայելական ազդեցության տակ է եւ կարող է կապված լինել 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Իսրայելի ցուցաբերած ռազմական աննախադեպ օգնության հետ: Այդ իսկ պատճառով Թել Ավիվը կանգնեց Բաքվի կողքին եւ դատապարտեց հարձակումն ադրբեջանական դեսպանատան վրա՝ այն անվանելով ահաբեկչական ակտ:
Թել Ավիվը պարզապես չէր կարող Թեհրանի դեմ չօգտագործել Բաքվի հետ իր բարեկամությունը: Եվ դա նոր խնդիր չէ: Իրանը նախկինում էլ ահազանգ է հնչեցրել՝ կապված Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության հետ: Թեհրանը պնդում է, որ Բաքուն բարձր տեխնոլոգիական զենք, հարվածային ու հետախուզական անօդաչուներ, նավիգացիոն ու օպտիկական համակարգեր եւ գերճշգրիտ զինամթերք է ստանում Թել Ավիվից:
Իրանը նախօրեին իր զորքերը բարձր պատրաստության վիճակի է բերել: Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներին հանձնարարվել է հեռահար հրթիռներ տեղակայել երկրի գաղտնի տարածքներում։ Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է պատասխանել Իսրայելի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակմանը: Հաշվի առնելով, որ Ադրբեջանին հարվածը գրեթե երաշխավորված է՝ Թուրքիային հակամարտության մեջ ներքաշելու համար, իրավիճակը կարող է հրահրել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը նույնիսկ առանց ԱՄՆ-ի զորքերի՝ Ուկրաինայի տարածք մտնելու: Այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի մասնակցության մասին որոշումը կայացվել էր մինչեւ երկրաշարժը: Թե ինչպիսին կլինի Անկարայի այժմյան դիրքորոշումը, դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ այս իրավիճակում Թուրքիայի տարածքի վրա ընկնող յուրաքանչյուր ռումբ առաջին հերթին հզոր պայթյուն կառաջացնի վերընտրվել ցանկացող Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հեղինակության փշրանքների» ուղիղ կենտրոնում:
Բրիտանիայից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իրանը շտապ կարգով իր հրթիռները տեղակայում է նախատեսված վայրերում: Խոսքը ոչ թե ՀՕՊ համակարգերի, այլ պատասխան հարված հասցնելու միջոցների մասին է: Մասնավորապես՝ դրանք «Հադր-1»-ն ու «Իմադն» են՝ մինչեւ 1800 կմ հեռահարությամբ եւ 0.75-1 տոննա քաշով մարտագլխիկով։ «Խորեմշերի» եւ «Հովեյզեի» նոր սերունդը կարող է թռչել 2 հազար կմ եւ ունենալ մարտագլխիկ 1-1.5 տոննա քաշով: «Սաջիլն» օժտված է նույնպիսի հեռահարությամբ եւ 0.5 տոննա մարտական քաշով։ Այս «նվերներն» առաջին հերթին նախատեսված են Իսրայելի համար։
Վերջերս Իրանը հայտարարեց 1650 կմ հեռահարությամբ «Պավե» հիպերձայնային բալիստիկ հրթիռի եւ «Հեյդար» թեւավոր հրթիռների մշակման մասին։ Ծրագրվում է դրանցով հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին եւ ամերիկյան բազաներին։ Ադրբեջանին, եթե հարկ լինի, Իրանը կհարվածի տարբեր սերունդների «Ֆաթեհներով», «Զուլֆիկարներով», «Դիզֆուլներով» եւ «Սումարներով», որոնք գործում են մինչեւ 500-700 կմ հեռավորությունների վրա։ Այժմ Իրանը շարունակում է իր զորքերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Գործարկվել են անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ, կործանիչներ, տանկեր եւ այլ զինատեսակներ: Թեհրանը համոզված է, որ հենց Ադրբեջանի տարածքից են թռել անօդաչու թռչող սարքերը, որոնք գրոհել են թիրախներն Իսլամական Հանրապետությունում, մասնավորապես՝ Սպահանի ռազմական գործարանը:
Մի շարք փորձագետներ չեն բացառում, որ Իրանը կարող է ավելի հեռուն գնալ ու իր զորքերը տեղափոխել Հայաստան: Հաշվի առնելով, որ այստեղ հասունանում է Ադրբեջանի հետ հերթական հակամարտությունը, այդպիսի որոշումն ավտոմատ կերպով կարող է հանգեցնել ռազմական գործողությունների Իրանի ու Ադրբեջանի միջեւ: Թուրքիայի մասնակցության հարցն անորոշ է, եւ Ադրբեջանին օգնության պետք է գա Իսրայելը՝ շատ լավ հասկանալով, որ պատասխան հարված անպայման ստանալու է:
Ի դեպ, իրադարձությունների զարգացման ընթացքը չի բացառում այն, որ Թել Ավիվը հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, անկախ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից: «Իրանի հետ Իսրայելի պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թել Ավիվ այցելելուց հետո: Եվ նա միակը չէ, որ այդպիսի եզրահանգում է արել:
Ցուցադրական է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի պահվածքը. մարտի սկզբին նա մերժեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հայտարարությունն իրանական միջուկային օբյեկտներին պոտենցիալ հարվածի ապօրինության մասին: «Մեզ թույլատրվո՞ւմ է պաշտպանվել: Պարզ է, որ թույլատրված է, եւ պարզ է, որ մենք դա կանենք»,- ասել էր Նաթանյահուն:
Իրանի միջուկային օբյեկտների դեմ նախկինում ձեռնարկված հարձակումները հնարավորություն տվեցին դանդաղեցնել միջուկային ծրագիրը, սակայն այժմ դա արդեն բավարար չէ, քանի որ ծրագիրը մոտ է ավարտին։ Հետեւաբար, Իսրայելին, բացի ռազմական գործողությունից, այլ տարբերակ չի մնում, բայց Թել Ավիվը վստահ չէ, որ հաղթանակով դուրս կգա պատերազմից…
Բացառված չէ, որ իրանական հրթիռների տեղակայումն Իսրայելի հարվածի կոնկրետ ժամկետների մասին ստացված տեղեկատվության պատասխանն է։ Եթե իրադարձությունները շարունակվեն պատերազմի տրամաբանությամբ, Հայաստանը նույնպես կենթարկվի հարձակման: Բաքուն կփորձի ուժային ճանապարհով տարածք պոկել Հայաստանից: Նրա հնարավոր այդ սխալը պետք է օգտագործել որպես հնարավորություն՝ թշնամուն պարտության մատնելու եւ Հարավային Կովկասում հայկական շահի գերակայությունը հաստատելու համար: Դա հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն է:
Թվում է՝ Մոսկվան ջերմ հարաբերություններ է հաստատել Թեհրանի հետ եւ կօգնի վերջինիս հնարավոր պատերազմում: Բայց դա միայն թվում է: Ռուսաստանը նաեւ դաշնակցային հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի նրա հնարավոր արձագանքը: Մոսկվան ապացուցել է նաեւ, որ հուսալի եւ վստահելի դաշնակից չէ: Բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը շահագրգռված է պատերազմի բռնկմամբ, քանի որ դա նրա համար միջոց է, որպեսզի իր հետ երկխոսության մեջ մտնեն, եւ ապահովվի իր ներկայությունը գլոբալ զարգացումներում:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ