Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարների տեղակալների մոսկովյան հանդիպումը, որը պետք է տեղի ունենար մարտի 15-16-ը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը՝ շեշտելով, որ հետաձգումը «տեխնիկական պատճառ» ունի: Աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդել:
Փոխարենը մարտի 15-ին պաշտոնական այցով Մոսկվա ժամանեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Սիրիայի նախագահը մինչ այդ հայտարարել էր, որ իր այցը «նոր փուլ կբացի Ռուսաստանի հետ հարաբերություններում»:
Արաբական ԶԼՄ-ները Ասադի այցը կապում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարների տեղակալների մակարդակով բանակցությունների հետ: Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ դա ընդամենը նախնական հանդիպում է «ցածր մակարդակով»: Այս առումով զարմանալի է թվում Բաշար Ասադի ժամանումը Մոսկվա այն ժամկետներում, որը նախատեսված էր նշված «ցածր մակարդակի» հանդիպման համար:
«Ասադը, ինչպես սովորաբար, օգնություն է ուզում Ռուսաստանից, բայց այս անգամ նա դրա համար չէ, որ եկել է, այլ ռուսական կողմի պահանջով: Մոսկվան ցանկանում է Ասադից երաշխիքներ ստանալ, որ նա պատրաստ է ձեռնամուխ լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- կարծում է Ռուսաստանում Սիրիայի Ազգային խորհրդի նախկին ներկայացուցիչ, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքական փորձագետ Մահմուդ ալ Համզան: Բաշար Ասադը տարբեր պայմաններ է առաջ քաշում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկների կատարման համար: Պատճառն այն է, որ Սիրիայի ղեկավարը չի ցանկանում իր թշնամուն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քաղաքական միավորներ տալ այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ Ասադը Մոսկվա է այցելել՝ արտահայտելու իր դժգոհությունն այն առիթով, որ իրեն պարտադրում են մերձենալ Թուրքիայի հետ: Միջազգային հարաբերությունների իրաքցի փորձագետ Իբրահիմ Մուսան վստահ է, որ Սիրիայի նախագահն ուզում է բարձր մակարդակով հասկացնել, որ Սիրիան պատրաստ չէ որեւէ համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, քանի դեռ վերջինս չի կատարել սիրիական կողմի օրինական պահանջները:
Թուրքիան, որը պնդում է հանդիպում անցկացնել, այն առաջին հերթին դիտարկում է որպես բանակցություններ, որոնց մասնակցում է Թուրքիան ընտրություններից առաջ: Խնդիրն այստեղ թուրք ընտրողի կարծիքի վրա ազդելն է եւ սիրիական փախստականների թեման ընդդիմությունից «խլելը»: Ընդդիմությունն արդեն օգտագործել է այդ խաղաքարտը՝ ցուցադրելու համար թուրքական վարչակազմի ու Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձախողումը: Այս մասին գրում է «Al-Watan Syria»-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ է հասկանում Դամասկոսի հետ մերձեցման կարեւորությունը Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու գործընթացում: Էրդողանը միշտ ցանկացել է հայտարարել սիրիական ճգնաժամը կարգավորելու իր մտադրության մասին։ Դրանով նա Վաշինգտոնին կհորդորի ճնշում գործադրել իր երդվյալ հակառակորդի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» զինյալների վրա եւ ջարդել նրանց ուժերը հյուսիսարեւելյան Սիրիայում, որպեսզի նրանք սպառնալիք չներկայացնեն Թուրքիայի հարավային սահմանների համար: Սպիտակ տունը գիտակցում է դա: Անկարայում եւ Բաղդադում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայում քրդական պետություն ստեղծել։
Կասկած չկա, որ Մոսկվան շահագրգռված է Սիրիայում ճգնաժամի կարգավորմամբ եւ հասկանում է, որ Անկարան դրա գլխավոր դարպասն է։ Բացի այդ, Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել Թուրքիայի հետ բարեկամական կապերն Ուկրաինայի հակամարտության հետ կապված պատճառներով։ Անկարան Մոսկվայի համար կարեւոր տնտեսական հարթակ է, միջանցք դեպի Եվրոպա եւ մնացյալ աշխարհ ռուսական գազի եւ ապրանքների մատակարարման համար։ Թուրքիան նաեւ «անվտանգության փական» կամ «պատնեշ» է ՆԱՏՕ-ի ցանկացած որոշման դեմ՝ ուղղված Ռուսաստանին։ Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կամրապնդի Մոսկվայի դերը Մերձավոր Արեւելքում, ինչը նրան հնարավորություն կտա ավելի մեծ ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի նա հեռանա Սիրիայից:
Դամասկոսը, իր հերթին, մոտիվացված է սպասել եւ ավելի հանգիստ նայել իրերին: Սիրիայի կառավարությունը փորձարկել է Անկարայի քաղաքականությունը. այն, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում Սոչիի պայմանավորվածություններին եւ խուսափում դրանց կատարումից։ Սա Դամասկոսին զգույշ լինելու եւ սպասելու առիթ է տվել։ Դամասկոսը գիտի, որ թուրքական կողմի հետ ցանկացած հանդիպում պետք է հիմնված լինի երաշխիքների վրա եւ արդյունք ապահովի անմիջապես։ Սիրիան բազմիցս ընդգծել է, որ իր նպատակը ոչ թե հանդիպումներն ու դրանց խթանումն է, այլ ահաբեկչության աջակցության դադարեցումը եւ թուրքական զորքերի դուրսբերումը սիրիական օկուպացված տարածքներից։ Մնացյալ հարցերում նա Անկարայի հետ երկխոսության խնդիրներ չունի, թեեւ Էրդողանին նվերներ չի տա ընտրություններում օգտագործելու համար:
Մոսկվայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն այն ժամանակ, երբ թուրքական զորքերը կլքեն իր երկիրը: Նրա կարծիքով՝ նման բանակցությունները պետք է վերջ դնեն Սիրիայի ռազմական հակամարտությանը: «Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ, առանց որեւէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից իր զորքերի ամբողջական դուրսբերմանը, ահաբեկչությանը աջակցության դադարեցմանը եւ այն իրավիճակի ապահովմանը, որը կար մինչեւ պատերազմի մեկնարկը Սիրիայում: Սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող է կայանալ իմ հանդիպումն Էրդողանի հետ։ Բացի այդ, ո՞րն է նման հանդիպման արժեքը, եւ ինչո՞ւ կազմակերպել այն, եթե չպետք է վերջնական արդյունքի հանգեցնի Սիրիայում պատերազմի դադարեցման առումով»,- նշել է Ասադը: Նա Թուրքիային անվանել է «օկուպանտ պետություն» եւ ասել, որ նրա գործողությունները, ներառյալ՝ աջակցությունն այն խմբերին, որոնք Դամասկոսը համարում է ահաբեկչական, բացասաբար են անդրադարձել ու անդրադառնում Սիրիայում պատերազմի վրա։
Ակնհայտ է դառնում, որ մոսկովյան հանդիպումը հետաձգվել է սիրիական կողմի հստակ դիրքորոշման պատճառով: Բայց որպեսզի այն չդիտվի որպես ռուսական առաջարկի մերժում, Բաշար Ասադն անձամբ է մեկնել Մոսկվա՝ ռուս գործընկերոջն իր աջակցությունը հայտնելու եւ հարաբերությունների վատթարացում չթույլատրելու համար: Բացի այդ, Ասադի այցը Սիրիայի դիրքորոշումը եւս մեկ անգամ հնչեցնելու հնարավորություն էր: