«Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։
-Մեր զրույցներում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մեկ անգամ չէ, որ շեշտել եք, թե անհրաժեշտ է ընդհանրապես ուժերի մոբիլիզացում եւ, մասնավորապես, տնտեսության որակի փոփոխություն եւ ռազմարդյունաբերության զարգացում։ Այսօ՞ր էլ եք այդ տեսակետին։
-Միանշանակ՝ այո, նույն տեսակետն ունեմ, ոչինչ չի փոխվել։
-Բացենք փակագծերը՝ մատչելի դարձնելու համար. ի՞նչ ասել է տնտեսական ուժերի մոբիլիզացում։ Եվ այդ համապատկերում ինչպե՞ս պետք է զարգացնենք ռազմարդյունաբերությունը։
-Տնտեսական ուժերի մոբիլիզացիա ասելով՝ հասկանում ենք, որ ամբողջ տնտեսական ռեսուրսները ծառայում են մեկ նպատակի՝ Հայաստանի տնտեսական հենքի ամրապնդմանը եւ նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացմանը, որը, իր հերթին, կնպաստի թե ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ թե ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, նաեւ՝ տնտեսության դիմակայունության ապահովմանն ու պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը։ Այսինքն՝ այս պարագայում հիմնական շեշտադրումը պետք է լինեն տնտեսական աճի նոր ոլորտների հայտնաբերումն ու դրանց զարգացումը։ Պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ կան բազմաթիվ արտաքին մարտահրավերներ եւ Հայաստանի տնտեսությունը բնութագրող ներքին սահմանափակումներ՝ ոչ մեծ ներքին շուկա, լոգիստիկ խնդիրներ, տնտեսական տարբեր ճյուղերի թույլ զարգացածությունը, տեխնիկական ցածր հագեցվածությունը։ Այս ամենը պետք է դիտարկվի մեծ ծրագրի համատեքստում։ Այդ իսկ նպատակով պետք է, իրոք, գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն տնտեսական հավելյալ աճ եւ բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը։
-Այսինքն՝ ռազմարդյունաբերությունը եթե զարգացնենք, շղթայական էֆեկտով կզարգանան այլ ոլորտներ եւս։
-Այո, միանշանակ այդպես է, բայց կցանկանամ շեշտադրել ամբողջ արդյունաբերությունը։ Օրինակ՝ ռազմարդյունաբերության համար մետաղագործությունը պետք է շարունակի զարգանալ։ Պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթային լուծմամբ։ Հայաստանի արդյունաբերական ճյուղերում մի շարք հիմնախնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն, եւ արդյունաբերական քաղաքականության մշակման հիմքում, կարծում եմ, հենց այդ նպատակն է դրված…
-Հատկապես ի՞նչ կարող ենք արտադրել մեզ մոտ։
-Գիտատար եւ նորարարական, այսպես ասեմ, այնպիսի արտադրանք, որոնք արտահանելու հետ կապված խնդիրներ քիչ կունենանք։ Դրանք, օրինակ, ՏՏ ոլորտի արտադրանքն են։
-Ռազմարդյունաբերությունը նույնպես պիտի այս ոլորտներին զուգահեռ զարգանա…
-Իհարկե, չէ՞ որ հիմա ռազմարդյունաբերությունում նույնպես նոր սերնդի զինատեսակներ են։ Տեսնում ենք, իհարկե, ծանր տեխնիկա եւս պետք է, բայց առաջ է քաշվում ԱԹՍ-ների, հետախուզական նորարարական միջոցների դերը։ Դրա համար պետք է զարկ տալ գիտատար եւ նորարարական արտադրություններին։
-Մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառումը հիշում եք, այն ցույց տվեց, որ ունենք միտք, որն ստեղծել է հաջողված նմուշներ։ Բայց նմուշային մակարդակն այդպես էլ չի փոխվում, արտադրական փուլ չի մտնում։ Ինչն է պատճառը՝ ֆինանսական միջոցների պակա՞սը, քաղաքական կամքի բացակայությո՞ւնը…
-Նմուշային մակարդակից մինչեւ մասսայական արտադրություն՝ մեծածավալ աշխատանք է ենթադրում։ Կարծում եմ՝ քայլեր իրականացվում են։ Շոշափելի արդյունքը մեկ-երկու տարում անիրատեսական եմ համարում։ Բայց քայլերը տանում են դրան։ Մեկ ապրանք արտադրելը, դրա հումքը վերցնելը, բաղադրիչ մասերը վերցնելը մի բան է, մեկ այլ բան՝ մասսայական արտադրելը, երբ պետք է շատ հարցեր լուծես՝ հումքի, բաղադրիչ մասերի, դետալների հետ կապված։ Հայաստանը ոչ բոլոր խնդիրները կարող է լուծել տեղական արտադրության հաշվին, ներկրման հետ կապված հարցերն էլ պետք է լուծի։ Բայց որոշ հարցեր կարգավորվում են, օրինակ՝ ներմուծվող տեխնոլոգիաների, սարքավորումների հիմնական միջոցների ավելացված արժեքի հարկից ազատումը սահմանին։ Ավելի կոնկրետ՝ թիրախային ծրագրեր եւս կիրականացվեն, կարծում եմ։ Արդյունաբերական մյուս ոլորտների համար դրական տեղաշարժեր նկատվում են։ Այս ոլորտում եւս կնկատվի։
-Պաշտոնական տվյալներով՝ ունենք տնտեսական աճ։ Բայց այն, այսպես ասենք, որակյալ չէ։ Մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ, եւ դրանք լուծելու համար ինքներդ եք հաճախ ասել, որ մեզ պետք է արագ եւ որակյալ աճ։
-Որակյալ աճը մի շարք հանգամանքներից է կախված, նաեւ՝ տնտեսության որոշ ուղղությունների վերանայումից։ Ու դրա հետ կապված խնդիրներ կան լուծելու՝ արտադրությունների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը, որակյալ աշխատուժի առկայությունը, տեղում անհրաժեշտ դետալների, սարքավորումների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են գիտատար ոլորտի զարգացման համար, արտադրություն-գիտություն կապի սերտացումը եւ, իհարկե, պետական օժանդակությունը։
-Բավարար համարո՞ւմ եք պետական օժանդակությունը։
-Դինամիկան նայելով՝ կարծում եմ՝ այո…
-Մեր տնտեսական աճը պայմանավորված է Հայաստան ռուսաստանցիների ներհոսքով, միջազգային շուկայում պղնձի գնաճով, խաղատնային բիզնեսի ծաղկմամբ։ Սա կայուն ու հեռանկարային հիմք չէ մեր տնտեսության համար, տարերային է։ Այսինքն՝ վստահ չենք, որ ռիսկերի պարագայում կդիմակայենք։
-Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ, այո, հանքարդյունաբերական ոլորտի հումքի արտահանումը գերակշռում է։ Սակայն աճ արձանագրվել է նաեւ ՏՏ ոլորտում, ծառայությունների ճյուղում… Մինչեւ մեր տնտեսության կառուցվածքի ձեւափոխումը չենք կարող հրաժարվել այն ոլորտներից, որոնք զարգացնում են տնտեսությունը։ Այս անցումային փուլից հետո զվարճությունների ոլորտը, ծառայությունների ոլորտը կզիջեն իրենց դիրքերը գիտատար, նորարարական արտադրությունների զարգացմանը։
-Գիտատար արտադրություններից ենք անընդհատ խոսում, բայց գիտություն-տնտեսություն կապն այդպես էլ չի ստեղծվում։ Հասկանալի է, որ սա անհատական մակարդակով լուծելու հարց չէ։ Որտե՞ղ է թերանում պետությունը։
-Այստեղ պետության թերացման խնդիրը չէ, տնտեսավարողների պասիվությունն է։ Արտադրո՛ղը պիտի պլանավորի իր աշխատուժը եւ, ըստ այդմ, պատվեր ներկայացնի կրթական-գիտական ոլորտին։ Ոլորտներ կան, որ համագործակցում են, ընդ որում՝ արդյունավետ։ Բայց որպեսզի համատարած լինի, պետության միջնորդությունը պետք է, եւ կա այդ միջնորդությունը, ծրագրեր կան գործարկված։ Բայց կոնկրետ ինչ արտադրել, ինչպես արտադրել, ինչ գիտական մշակումներ են պետք, արտադրողը պիտի այդ մասին բարձրաձայնի։ Պարզապես պետք են համապատասխան հարթակներ, որտեղ դա կներկայացվի, եւ լուծում կգտնվի գիտական համայնքի կողմից։ Իսկ նույն գիտական համայնքն էլ ասում է՝ մեզ պատվեր չեն տալիս, մենք չգիտենք՝ ինչ տալ։ Փոխադարձ գործակցության նոր ձեւաչափ է պետք։
-Միջազգային արժութային շուկայում փոփոխություններ են, դոլարն է իր տեղը զիջում, յուանն է հաստատվում որոշ շուկաներում, օրինակ՝ ՌԴ-ում արդեն պահուստային արժույթ է դարձել, ռուբլին է աշխուժանում, Հնդկաստանն է ռուփիով հաշվարկման միջազգային մեխանիզմներ կիրառում… Հասկանալի է, որ այս ամենը պայմանավորված է աշխարհաքաղաքական դերաբաշխումների փոփոխություններով։ Հայաստանն ինչպե՞ս ճիշտ դիրքավորվի՝ ռիսկերից քիչ ազդվելու համար։
-Եթե ապահովենք հայկական դրամի կայունությունը, միջազգային շուկայի վայրիվերումները կարող են անուղղակիորեն ազդել։ Այս խնդիրները պետք է դիտարկել մեր ընդհանուր տնտեսության համատեքստում։
-Տնտեսությունում ունենք զարգացման ներուժ. պնդում են մասնագետները։ Հստակեցնենք՝ ո՞ր ոլորտներում։
-ՏՏ ոլորտում բավականին մեծ ներուժ ունենք, եւ այդ ներուժն իրեն արդեն զգացնել է տալիս։ Իհարկե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ զգալի դժվարություններ ունեցան, բայց 40 տոկոս աճ արձանագրվեց։ Սա կապում ենք հենց նաեւ ռազմարդյունաբերության ոլորտի հետ եւ, ընդհանրապես, սա պետք է համարենք տնտեսության առանցքային ու ռազմավարական ուղղություններից։ Ներուժ կա թեթեւ արդյունաբերությունում, մետաղագործության ոլորտում, քիմիական արդյունաբերությունում, որոնք կխթանեն տնտեսության տեղաշարժը։
-Կենցաղայի՞ն քիմիայի մասին է խոսքը։
-Օրգանականն ու անօրգանականը։ Հայաստանն այս ոլորտում մեծ ավանդույթներ ունեցել է նախկինում։ Այժմ էլ հնարավոր է դա վերագործարկել նոր գործընկերային կապերի միջոցով։ Նաեւ՝ միջազգային շուկայում պահանջարկ կա։ Ոչ միայն այս ոլորտում, այլեւ, ընդհանրապես, մեր երկրի համար կարեւոր համարվող տնտեսության ճյուղերում ճիշտ քայլերի պարագայում անպայման հաջողելու ենք։