Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն ավարտել է այցը Վրաստան: Նա հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարության, ընդդիմության ու հասարակայնության ներկայացուցիչների հետ, այցելել Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատված: Բանակցությունների ընթացքում խոսվել է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին: Բերբոկը խոստացել է ապահովել Գերմանիայի աջակցությունը Թբիլիսիին այդ հարցերում:
Վրաստան կատարած պաշտոնական այցից առաջ Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Վրաստանը շեղվում է իր եվրոպամետ կուրսից, մինչդեռ երկրի ճնշող մեծամասնությունը ցանկանում է դիրքավորվել եվրոպական արժեքային համակարգում: Մասնավորապես, ինչպես նշել է Գերմանիայի արտգործնախարարը, 5 վրացուց 4-ը ցանկանում է, որ իրենց երկիրը մտնի Եվրամիություն: Միեւնույն ժամանակ նա մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած վերջին զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել արտասահմանյան գործակալների մասին ռուսական օրենքի կրկնօրինակի ընդունմանը: Նախարարի խոսքով՝ «իմ այցով ես ուզում եմ հասկացնել, որ Գերմանիան լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին»:
«Մենք տեսնում ենք փորձեր՝ շեղելու երկիրը եվրոպամետ կուրսից, իսկ այդ կուրսի օգտին արտահայտվում է վրացիների ճնշող մեծամասնությունը: Եվ մենք տեսնում ենք ճնշումը, որին բախվում է երկիրը ներսից ու դրսից: Ես Թբիլիսիում կառավարության հետ կխոսեմ այն քայլերի մասին, որը Վրաստանը դեռ պետք է կատարի՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ժողովրդական չափորոշիչների պահպանումից բացի, խոսքը զանգվածային լրատվամիջոցների ազատության, քաղաքացիական հասարակությանն աջակցության եւ հանրային հարգալից քննարկման մասին է, եթե նույնիսկ տեսակետները երբեմն բաժանվում են»,- հայտարարել էր Բերբոկը:
Նախարարի ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարեց երկրորդ փորձից: Գերմանական ԶԼՄ-ները մեղադրել են վրացական կողմին, որ վայրէջքի պահին թռիչքուղին զբաղված է եղել մեկ այլ ինքնաթիռով, եւ Բերբոկի ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել շտապ բարձրություն հավաքել: Սակայն վրացական կողմը կտրականապես հերքել է դա՝ հայտարարելով, որ գերմանացի օդաչուի գործողությունները թելադրված չեն ինչ-ինչ վտանգավոր գործոններով. թռիչքուղին լիովին ազատ է եղել:
Փոխադարձ մեղադրանքներն այսքանով ավարտվեցին: Հոռետեսները, ովքեր բարդ բանակցություններ էին ենթադրում, սխալվել էին: Գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում Աննալենա Բերբոկը հաղորդել է, որ «Բեռլինում ուշադիր հետեւել են, թե ինչ է կատարվում «Արտասահմանյան ազդեցության մասին» օրինագծի շուրջ: Ես ուժեղ տպավորված էի, երբ տեսա, որ Թբիլիսիի փողոցներում ծածանվում է Եվրամիության դրոշը»: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները քաղաքացիական հասարակությանն օգնեցին զարգանալ: Բերբոկը վստահեցրել է, որ Վրաստանն ընկերներ ունի Բրյուսելում եւ Բեռլինում, որոնք կօգնեն նրան՝ մտնելու ԵՄ: «Մենք ուզում ենք, որ Վրաստանը հարստացնի Եվրոպական միությունը: Վրաստանի բնակչության տեղը Եվրամիությունում է: Ուստի ես կոնկրետ ուղերձով եմ եկել Թբիլիսի»,- ասել է Բերբոկը:
Վրացական կողմն իսկապես Գերմանիայի աջակցության կարիքն ունի ինտեգրացիոն գործընթացներում: Մասնավորապես՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են՝ կատարելու ԵՄ-ի 12 պահանջները, որոնք պարտադիր են դաշինքին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: «Եթե մեր եվրոպացի գործընկերները հետաքրքրված են Վրաստանում ներքաղաքական լարվածության, բեւեռայնության թուլացմամբ, երկրին պետք է թեկնածուի կարգավիճակ տան»,-շեշտել է Ղարիբաշվիլին: Նա եւս մեկ անգամ նշել է, որ «Արտասահմանյան ազդեցության մասին» օրինագծի դեմ վերջին ակցիաները ղեկավարվել են էքստրեմիստական ուժերի կողմից», որոնց թվում նկատի ունի «Ազգային շարժում» նախկին իշխանական կուսակցությանը եւ նրան մոտ կանգնած քաղաքական ու հասարակական կառույցները:
Հետաքրքիր է, որ Վրաստանի նախագահի ու կառավարության կարծիքները, որոնք վերջին շրջանում աստիճանաբար հեռանում էին իրարից, լիովին համընկել են եվրաինտեգրման հարցում: Սալոմե Զուրաբիշվիլին, ընդունելով Աննալենա Բերբոկին, շեշտել է, որ Վրաստանի բնակչությունը չի ընդունի Եվրամիությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացման հարցում կրկնակի մերժումը եւ իրեն Եվրոպայից մերժված կհամարի այսքան բարդ իրավիճակում: Բերբոկը, իր հերթին, վստահեցրել է, որ հենց այդ նպատակով է ժամանել Թբիլիսի, «որպեսզի Վրաստանն իրեն մերժված չզգա»:
Եվրոպայի հետ Վրաստանի կապերի արտակարգ կարեւորության մասին Սալոմե Զուրաբիշվիլին նույն օրը խոսել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: «Չնայած կառավարության անհասկանալի որոշումներին ու հռետորաբանությանը, Վրաստանին չի կարելի երկրորդ անգամ մերժել: Չի կարելի թույլատրել Ռուսաստանին՝ զգալու, որ մենք արդեն այնքան էլ սերտ չենք կապված Եվրոպայի ու Ամերիկայի հետ»,- նշել է Զուրաբիշվիլին:
Նախագահի խոսքով՝ կրկնակի մերժումը կարող է ազդել Վրաստանի ներքին կայունության վրա: «Ես կարծում եմ, որ առաջին մերժումը Վրաստանի բնակչության կողմից ընդունվեց որպես անարդար որոշում»,- նշելէ նախագահը: Նա շեշտել է, որ, ելնելով ռազմավարական ու աշխարհաքաղաքական պատկերացումներից, երկրորդ մերժումն անթույլատրելի է: «Ռազմավարական առումով չի կարելի մեզ մեկուսացնել: Այսօր տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանն աշխարհին պետք է կայունության, այլ ոչ թե երկրորդ ճակատի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի արեւմտյան գործընկերներից ոչ ոք չի խնդրում «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ: Բոլորը երազում են, որ Սեւ ծովը, Կովկասը, հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմը, հանգիստ լինեն:
Գերմանական «Das Erste» հեռուստաալիքը, իր հերթին, հաղորդել է, որ Բերբոկի այցը Հյուսիսային Մակեդոնիա, իսկ այնուհետեւ՝ Վրաստան, նպատակ ունի սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը: Ըստ «Das Erste»-ի՝ ՌԴ զորքերի ներկայությունը Վրաստանի համար նշանակում է, որ տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մոսկվան նաեւ ցանկանում է իր ազդեցությունը տարածել հարեւանների վրա, քանի որ նրա հետ տնտեսական կապերը շարունակում են ուժեղ մնալ: Իսկ եթե Հյուսիսային Մակեդոնիայում ու Վրաստանում ԵՄ-ի գործընթացը կրկին ձախողվի, Ռուսաստանը կկարողանա ավելի հանգիստ ընդլայնել իր ազդեցությունն այդ տարածաշրջաններում: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, եթե նրան հաջողվի հաստատվել ու ամրանալ Վրաստանում եւ «սահմանակից» դառնալ մեր երկրին: Այսօր Մոսկվան Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի եւ մեր դեմ հանում է միայն Ադրբեջանին, որը վերջին շրջանում դժվարությամբ է կատարում Ռուսաստանի պահանջները՝ դրանց մեջ վտանգ տեսնելով իր համար, իսկ Վրաստանում դիրքավորումը թշնամական ուժերին ազատություն կտա Հայաստանի դեմ գործողություններում: Ուստի Երեւանին ձեռնտու է, որպեսզի Վրաստանը հնարավորինս արագ ստանա Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը:
Աննալենա Բերբոկի այցը, նրա հավաստիացումները՝ օգնելու Թբիլիսիին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում, վկայում են, որ Վրաստանը կստանա այդ կարգավիճակը, չնայած Թբիլիսիի ու Բրյուսելի հարաբերություններում առկա նկատելի կոշտությանը: