Իսկ լռությունն արժեւորվում ու բյուրեղանում է, երբ այն օգտագործում ես մտորելու համար: Մտորելով՝ հետեւություն անելու համար:
Թվում է, թե ամեն ինչ բնականոն հունով է ընթանում. բնական պայքար է, բնական «դեմ»-եր, բնական «կողմ»-եր, բնական մեղադրանքներ, բնական իրարամերժություն, բնական փոխադարձ հայհոյանքներ …
Հետաքրքիր է ՝ ինչի՞ համար, ո՞ւմ համար, ո՞ւմ դրդմամբ: Կամ՝ ինչի՞:
Պայքարը օդում է, գետնին չէ՛: Ավելի ուրիշ ուժերի: Բարու ու չարի պայքար է: Հաճախ՝ չարի ու չարի կռիվ է՝ գահի համար: Իսկ որ ավելի հաճախ՝ Աստծո անունը զուր տեղը շուրթերին առնելով: Աստվածաշնչից մեջբերումներ անելով, Աստծո սպասավորներին հայհոյելով: Շատ հաճախ՝ ինքզինքը մարգարեի տեղ դնելով: Սրանք գալիս են գառան մորթով, սակայն ներքուստ հոշոտող գայլեր են: Ինչպե՞ս պետք է զանազանենք նրանց: Իրենց պտուղներից: Այսինքն՝ արդյունքներից:
Աջ նայենք եւ ահյակ, առաջ եւ հետ նայենք: Արդյոք տեսնո՞ւմ ենք շինություն եւ հոգեւոր աճ որպես արդյունք՝ որ ասենք, թե մարգարեն իրական է: Թե՞ այն վեճեր է հարուցում, բաժանություն, ավերմունք, թշնամանք եւ նախապաշարումներ առաջացնում: Պառակտում ու երկփեղկվածություն: Եղբայրասպանություն: Ծնողատելություն: Մորթին որդուց գերադասելու սինլքորություն:
Ցանկանո՞ւմ ենք գնալ Երուսաղեմ: Եվ՛ այո, եւ՛ ոչ: Ի վերջո, բոլորս ենք գնալու: Բայց բոլո՞րս կհասնենք Երուսաղեմ՝ երկնային:
Իսկ եթե դու փորձում ես բարի գործ անել, ունենալով դրա դիմաց ակնկալիք, ապա ո՞րն է քո ու վաշխառուի տարբերությունը: Դու քեզ անվանում ես բարեգործ: Դու՛ ես քեզ անվանում:
Ի վերջո, ի՞նչ արեց Հոբը, երբ հնարավորություն տրվեց չարին՝ զրկելու նրան այն ամենից, ինչը թանկ էր նրա համար՝ յոթ որդուց, երեք դուստրերից, ողջ ինչքից: Նա ասաց. «Իմ մօր որովայնից ես մերկ դուրս եկայ, մերկ էլ կը վերադառնամ։ Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ։ Ինչպէս որ հաճելի էր Տիրոջը, այնպէս էլ եղաւ։ Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը»: Եվ Աստծո հավատքը չկորցնողին տրվեց կրկին եւ շատ ավելին:
Այն, ինչ պակասեցվեց, տրվելու է կրկին ու շատ ավելին: Մնում է մենք կատարենք ճիշտ ընտրություն, զի Աստված մարդուն տվել է ընտրության հնարավորություն: Հայհոյող բերանը չի կարող Աստծուն փառաբանել:
Ուրեմն մտորենք եւ լռության ոսկու հարգը բարձրացնենք:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ