Նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները հանդես եկան հրապարակային դասախոսությունների շարքով՝ «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով: Հնչած տեսակետները ներկայացնում ենք «ՀՀ»-ի ընթերցողների ուշադրությանը առանց լրագրողական միջամտության՝ այն հույսով, որ դրանք լուրջ քննարկման կարժանանան հատկապես մասնագիտական շրջանակներում:
Ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումները:
«Կարեւոր է հասկանալ, որ գլոբալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության մթնոլորտում կրկին արդիական հասկացություն է դառնում «հետխորհրդային տարածքը»: Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական տարածքի եւ, ինչը ոչ պակաս արժեքավոր է, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության եւ հետագա զարգացման կենսական անհրաժեշտությունը: ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում անդամ-երկրների փորձագիտական հանրությունները հույս ունեն, որ կգործադրվեն առավելագույն ջանքեր նոր գաղափարների, նոր մոտեցումների, հնարավոր է՝ ոչ ստանդարտ գաղափարների գեներացման ինտեգրման առաջընթաց զարգացմանն ու խորացմանը հզոր, նոր ազդակ հաղորդելու համար»,- շեշտեց Արամ Սաֆարյանը: Ռուսաստանի հավաքական ներդրումային փաթեթը Հայաստանում 2 մլրդ դոլար է: Ըստ բանախոսի՝ Ռուսաստանը հայկական պատրաստի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան է, եւ նրա այդ դերի շնորհիվ հաջողությամբ շարունակվում է հայկական արտահանման ցանկի դիվերսիֆիկացիան: «Մեր առաջատար տնտեսագետները պնդում են, որ դիվերսիֆիկացիայի այդ գործընթացը մոտակա տարիներին կրելու է շարունակական բնույթ եւ ամենաբարեբեր կերպով կազդի ամբողջությամբ վերցրած հայկական տնտեսության զարգացման վրա»,- վստահ է Արամ Սաֆարյանը:
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ հիբրիդային պատերազմները եւ կոշտ հակամարտությունը, որն ընթանում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, դնում է նոր պայմաններ, Հայաստանի համար ստեղծում է նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ: Շատ կարեւոր է թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի տարբեր աշխարհաքաղաքական կախվածությունների կողմնակիցների միջեւ մարտադաշտի: Երկրում պետք է ծավալել մտքերի կառուցողական փոխանակություն եւ գաղափարների պայքար հայաստանյան հասարակությունը, ընդհանուր առմամբ, ուժեղացնելու նպատակով: Այդ իմաստով նպատակահարմար է միավորել երկրի գիտափորձագիտական հանրության ջանքերը եւ ստեղծել կառուցողական երկխոսություն ինչպես հիմնական քաղաքական ուժերի, այնպես էլ գործարար համայնքի հետ ՀՀ-ի տնտեսության հաջող զարգացմանը նպաստելու նպատակով:
Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները հանգամանալից վերլուծություն են կատարում՝ ուսումնասիրելով տնտեսական գործընթացները աշխարհում: Հայտնի է, որ հեղինակավոր կանխատեսումներ կան այն մասին, որ 2023 թ. կեսերին կարող է լինել նոր ռեցեսիա, եւ աշխարհի տնտեսությունների մեծ մասը կարձանագրի տնտեսական զարգացման ծավալների անկում: Մեր երկրի համար կարեւոր է այն հաստատագրումը, որ 2023 թ. (համենայնդեպս, առաջին կեսը) տնտեսական զարգացման աճի շարունակություն կարձանագրվի: Ինչ վերաբերում է տարվա կանխատեսումներին, ապա Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ նույնիսկ առկա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրողություններում մերօրյա Հայաստանում այս տարի կարելի է ակնկալել տնտեսական ակտիվության 5-6 տոկոսանոց եւ ՀՆԱ-ի աճ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հետեւի բիզնես-մթնոլորտի առողջացմանը երկրում եւ ամեն կերպ աջակցի այն մեծ, միջին եւ փոքր ներդրողներին, ովքեր որոշել են աշխատել Հայաստանում: Մեր երկրում կառավարման մտածված կազմակերպման պարագայում կարելի է ստեղծել մի մթնոլորտ, որում նույնիսկ ռուսաստանյան ներդրումների մեծամասնության վերադարձից, Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո կշարունակվեն տնտեսական աճի եւ տնտեսական առողջացման միտումները:
Ըստ Արամ Սաֆարյանի՝ եթե հետհամավարակային առողջացման գործընթացները տնտեսության մեջ շարունակական բնույթ ստանան, ապա 5-7 տարի հետո երկրում կունենանք որակապես նոր տնտեսական վիճակ. «Արդեն այժմ արժե լրջորեն մտածել երկրում սոցիալական վիճակը առողջացնելու մասին այն պարագայում, երբ 2023-2024 թթ. տնտեսության տվյալ աճի տեմպերն իրականանան գլոբալ, ոչ միշտ բարենպաստ տնտեսական գործընթացների ֆոնին»: Անդրադառնալով ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը՝ քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ այն Հայաստանին պետք է հեռու պահի արտաքին ռիսկերից, հարվածներից եւ ճգնաժամերից: Երկիրը չպետք է տուժի գլոբալ հակամարտություններից, այլ նվազագույնի պետք է հասցվեն արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ստեղծվեն ներքաղաքական պայմաններ զարգացման համար:
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը շարունակվում է աշխարհում գլոբալ փոփոխությունների պայմաններում: Այդ գործընթացը զուգակցվում է «մեկ գոտի-մեկ ուղի» չինական նախագծի հետ: Ռուսաստանը փնտրում է հնարավորություններ Իրանի, մեր մեծ տարածաշրջանի արաբական երկրների հետ նոր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Ակումբի համակարգողի կարծիքով՝ դա նշանակում է, որ պետք է օգտվել ընձեռվող նոր հնարավորություններից, հայ հասարակության կառուցողական ներուժն ուղղորդել դեպի տնտեսական զարգացում եւ սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային վիճակի բարելավում:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է համարում առեւտրային հաշվեկշռի էական խախտումը եւ տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունը։ Սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին, իրական հնարավորություններ են ընձեռում այդ խնդիրների լուծման համար, ինչին ուղղակիորեն նպաստում են էժան էներգառեսուրսները եւ Հայաստանի պատրաստի արտադրանքի իրական պահանջարկը։
Աշոտ Թավադյանի կարծիքով՝ տնտեսական անվտանգության հիմնական խնդիրը կայուն տնտեսական աճի եւ արտահանման զգալի աճի ապահովումն է, ինչը հատկապես կարեւոր է փոքր տնտեսություն ունեցող երկրների համար։ Միասնական տարածաշրջանային տնտեսության ձեւավորումը ենթադրում է ոչ միայն միասնական կառավարման մարմինների ստեղծում եւ եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցող երկրների գործողությունների համակարգում, այլեւ բոլոր ազգային տնտեսությունների վերակողմնորոշում դեպի համակարգված մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների աճ` ՀՆԱ-ի, արտահանման, զբաղվածության մակարդակի էական աճ։
Ակումբի անդամը վստահ է, որ հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում կարեւոր է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է ներդաշնակեցնել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականությունը եւ ներկայացնել առաջարկներ ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ երկրների քաղաքականությունը ներդաշնակեցնելու համար շատ կարեւոր է Եվրասիական տնտեսական միության երկրների որոշումը ներմուծման փոխարինման եւ արդյունաբերական համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին: Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնություն ցուցաբերի եւ օգտագործի նոր հնարավորություններ՝ ավելացնելու պատրաստի արտադրանքի արտահանումը եւ համագործակցությունը Ռուսաստանի հետ, առաջին հերթին՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում 2022 թ. արձանագրվել է ապրանքաշրջանառության զգալի աճ։ «2021 թ. համեմատ ՀՀ-ի արտահանումն աճել է 77.7 տոկոսով (3.0 մլրդ դոլարից՝ մինչեւ 5.4 մլրդ դոլար), եւ մենք կանխատեսում ենք, որ այս միտումը կշարունակվի մինչեւ 2023 թ. մոտ կեսը։ Արտահանման աճին հիմնականում նպաստում է ԵԱՏՄ միասնական ու ազատ շուկան։ Միայն 2022 թ. արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 2.8 անգամ (883 մլն դոլարից հասնելով 2.5 մլրդ դոլարի)։ Սրա համեմատ արտահանումը ԵՄ 2022 թ. աճել է 17.8 տոկոսով (656-ից հասնելով 773 մլն դոլարի), դեպի Չինաստան նվազել է -2 տոկոսով (403-ից 395 մլն դոլարի նվազում), դեպի Մերձավոր Արեւելք աճել է 2.8 անգամ (351-ից մինչեւ 984 մլն դոլար)։ ԵՄ-ում եւ Չինաստանում աճի դինամիկան պայմանավորված է նրանով, որ Հայաստանի արտահանման գրեթե ամբողջ ծավալը Չինաստան (97 տոկոս) եւ դեպի ԵԱՏՄ արտահանման 37.8 տոկոսը գունավոր մետաղների հանքաքարն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ, իսկ դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ, որպես կանոն, կանխատեսումները բխում են կոնկրետ պայմաններից, միտումներից եւ իրողություններից։ Ըստ նրա՝ անհնար է խոսել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում ժամանակակից իրողությունների մասին՝ առանց Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները հաշվի առնելու եւ գնահատելու։ Կարելի է կանխատեսել, որ պատժամիջոցների հետեւանքով, ընդհանուր առմամբ, կորուստներ կլինեն ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ֆինանսական հատվածում։ Մասնավորապես՝ կնվազեն ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալը, իսկ շուկայի վճարունակության նվազումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների նվազման։
Ռուսական ռուբլու արժեզրկումը 2023 թ. կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը կնվազի, այսինքն՝ Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատում կլինի, իսկ ռուբլու արժեզրկման պատճառով հայկական արտադրանքը անմրցունակ կդառնա ռուսական շուկայում։
Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավական մեծ է։ Իսկ նման իրավիճակում ներդրումները նույնպես կնվազեն, քանի որ պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը չի կարող նույն տեմպերով ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում։
«Ռուսական կապիտալը մեծ մասնաբաժին ունի բանկային համակարգում, ուստի այստեղ կարող են նաեւ խնդիրներ առաջանալ: Եթե պատժամիջոցները երկար պահպանվեն, ապա խնդիրները կարող են մեծանալ»,- հայտարարեց տնտեսագետը։
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ 2022 թ. որոշ միտումներ կարող են շարունակվել նաեւ 2023-ին։ «Վստահ կարելի է կանխատեսել գործարար ակտիվության հետագա աճ, որն այս անգամ կարող է լինել 9 տոկոս ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ եւ նախադրյալներ: Մեր կանխատեսումները թվերով որոշակիորեն տարբերվում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կանխատեսումներից, սակայն դրանք համընկնում են դրական միտումների կանխատեսումների հետ։ Այսպես՝ ՎԶԵԲ-ն անցած տարվա սեպտեմբերին կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 8 տոկոս աճ 2022 թ., իսկ 2023 թվականին՝ տեմպերի դանդաղում մինչեւ 4 տոկոս։ Այս փուլում նշված կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 4 տոկոս մակարդակում։ Առեւտրի եւ ծառայությունների աճը երկնիշ է. Ռուսաստանից զգալի թվով մարդկանց եւ բիզնեսների ներհոսքը մեծացրել է ծառայությունների պահանջարկը՝ զուգորդված տրանսֆերտների ներհոսքի զգալի աճով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2022 թ. հանրապետության ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 14 տոկոս։ Պետական բյուջեով նախատեսված էր 7 տոկոս աճի ցուցանիշ, ինչպես նաեւ գնաճի 4 տոկոս աճ (1.5 տոկոս): ) Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թ. Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել է 11 տոկոս, Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ մինչեւ 7 տոկոս, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 8 տոկոս, իսկ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 12.5 տոկոս։ (1 դոլար-395.88 դրամ փոխարժեքի դեպքում)»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը:
Անցած տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ 2022 թ. վերջում երկրի տնտեսությունը կաճի 12.9 տոկոսով, իսկ գնաճը կկազմի 9-9.5 տոկոս։ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսման, 2023 թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.1 տոկոս։
Այս բոլոր կանխատեսումները Թաթուլ Մանասերյանը դիտարկեց նաեւ համաշխարհային տնտեսական զարգացման միտումների համատեքստում։ Մասնավորապես՝ 2023 թ. համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի մինչեւ 1.7, այլ ոչ թե 3 տոկոս, ինչպես սպասվում էր 6 ամիս առաջ։
«Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարների զեկույցի» վերջին հրատարակության մեջ, համաշխարհային տնտեսական աճը կտրուկ դանդաղում է բարձր գնաճի, տոկոսադրույքների աճի, ներդրումների կրճատման եւ ուկրաինական հակամարտության պատճառով մատակարարման շղթաների խաթարման պայմաններում: Հաշվի առնելով տնտեսական միջավայրի անկայունությունը՝ ցանկացած նոր անբարենպաստ գործոնի ի հայտ գալը, ինչպիսիք են սպասվածից ավելի բարձր գնաճի արագացումը, այն զսպելու համար տոկոսադրույքների կտրուկ աճը, COVID-19 համաճարակի նոր ալիքը կամ սրացումը, աշխարհաքաղաքական լարվածությունը, կարող են համաշխարհային տնտեսությունը մղել անկման։ Սա նշանակում է, որ 80 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ տասնամյակում երկու գլոբալ ռեցեսիա կլինի: Ըստ կանխատեսումների՝ 2023 թ. համաշխարհային տնտեսությունը կաճի 1.7, իսկ 2024 թ.՝ 2.7 տոկոսով։ Ակնկալվում է, որ տնտեսական աճի կտրուկ դանդաղումը կլինի համատարած, քանի որ 2023 թ. հեռանկարի նվազման վերանայումը կազդի զարգացած տնտեսությունների 95 տոկոսի եւ զարգացած ու զարգացող տնտեսությունների գրեթե 70 տոկոսի վրա: Կանխատեսվում է, որ 2023 թ. զարգացած տնտեսություններում աճը կդանդաղի մինչեւ 0.5 տոկոս՝ 2022 թ. 2.5 տոկոսից հետո: Վերջին երկու տասնամյակների ընթացքում աճի տեմպերի նման դանդաղումը նախորդել է համաշխարհային անկմանը»,- ընդգծեց տնտեսագետը:
Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ում 2023 թ. աճը կդանդաղի մինչեւ 0.5 տոկոս, ինչը 1.9 տոկոսային կետով ցածր է նախկինում կանխատեսվածից եւ ամենացածր մակարդակն է 1970-ից ի վեր՝ բացառությամբ անկման ժամանակաշրջանների: Եվրագոտում 2023 թ. ակնկալվում է զրոյական տնտեսական աճ՝ 1.9 տոկոսային կետով ավելի ցածր նախորդ կանխատեսումներից։ Չինաստանում 2023 թ. աճը կանխատեսվում է 4.3 տոկոս՝ կանխատեսվածից 0.9 տոկոսային կետով ցածր։
Ելնելով վերոգրյալից՝ Թաթուլ Մանասերյանը որոշակի եզրակացություններ կատարեց Հայաստանի համար։ Ըստ նրա՝ հավասարակշռված եւ նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում Հայաստանում կարող են շարունակվել առկա դրական միտումները։ Եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10 տոկոսը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպեր։ Դա, իր հերթին, դրական կանդրադառնա ԵԱՏՄ-ում բարդ պայմաններում ընթացող ինտեգրացիոն գործընթացների վրա։ «Կարեւորագույն խնդիրը, մեր կարծիքով, գործարար ակտիվության աճի ձեռք բերված մակարդակի պահպանումն է։ Երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկարները բարելավելու համար կառավարությունը եւ մասնավոր հատվածը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործարար միջավայրի դիմադրողականության ձեւավորմանը, արդյունավետ տնտեսական դիվերսիֆիկացմանը եւ կառավարման բարելավմանը: Իսկ դա, իր հերթին, պահանջում է սերտ համագործակցություն փորձագիտական հանրության հետ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
Ք. Ի.