Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժների ընդհանուր վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը. այս տվյալը մարտի 17-ին հնչեցրել են թուրքական իշխանությունները։ TRT հեռուստաալիքը, պաշտոնական փաստաթղթից մեջբերում անելով, հաղորդել էր, թե «դարի աղետի» վնասը կազմել է մոտ 2 տրիլիոն թուրքական լիրա։ Գանձապետարանի տվյալներով՝ տարերային աղետի ուղղակի նյութական վնասը կազմել է 1.6 տրիլիոն լիրա։ Ընդհանուր կորուստները համարժեք են 2023 թ. Թուրքիայի կանխատեսվող ՀՆԱ-ի 9 տոկոսին։ Ավելի վաղ ՄԱԿ-ը կանխատեսել էր Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետի վնասը 100 մլրդ դոլարի չափով։
Զեկույցի համաձայն՝ վնասվել են ավելի քան 0.5 միլիոն շենք, կապի եւ էներգետիկ ենթակառուցվածքներ, ներառյալ ապահովագրական հատվածի կորուստները, առեւտրականների եկամուտների կորուստը եւ մակրոտնտեսական ազդեցությունները։ Կանխատեսվում է, որ բնակարանային վնասը կազմում է 1 տրիլիոն 73.9 միլիարդ լիրա (56.9 միլիարդ դոլար), հասարակական ենթակառուցվածքներին եւ գրասենյակային շենքերին հասցված վնասը՝ 242.5 միլիարդ լիրա (12.9 միլիարդ դոլար), մասնավոր հատվածին հասցված վնասը՝ առանց բնակարանների, 222.4 մլրդ լիրա (11.8 մլրդ դոլար): Մոտավորապես 105 մլրդ դոլարի վնասը եռակի գերազանցում է Համաշխարհային բանկի նախնական այն կանխատեսումը, թե երկրաշարժերից Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել է 34.2 մլրդ դոլար։ Ի դեպ, ՀԲ-ն նշել էր, որ այդ գումարը կարող է աճել հետցնցումների պատճառով, եւ այդ 34.2 մլրդ-ն զուտ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժների հետեւանքի հաշվարկված վնասի չափն էր։ Ֆինանսական միջազգային այս կառույցը նշել էր նաեւ, որ աղետի վերականգնումն ու հետեւանքների վերացումը կարող են ավելի թանկ արժենալ Թուրքիային։ Նկատենք, որ միայն փետրվարի 6-ի երկրաշարժներից տուժած շրջաններն ապահովել են Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքի 15 տոկոսը, արտահանման 8.5 տոկոսը, այդ շրջանները գանձարան են բերել հարկային եկամուտների 7.5 տոկոսը։ Սա վերջնական պատկերը չէ, դեռ հաշվարկված չէ ջրհեղեղների պատճառած վնասը։
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին եւ մի շարք այլ խնդիրների, որոնք առկա են նախընտրական շրջանում։ «The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80 տոկոս արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան 55 տոկոսից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլեւս ներդրումներ չեն անում երկրում։ Ըստ հոդվածի՝ Էրդողանի պլանները լիովին ձախողվել են տեղական արտադրանքը զարգացնելու եւ արտահանումը մեծացնելու վերաբերյալ։ Հունաստանի հետ հարաբերություններին անդրադարձ կատարելով՝ նշվում է, որ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հունաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Էգեյան ծովում հնարավոր են ռազմական բախումներ, որոնք լավագույն դեպքում կդրսեւորվեն երկու առաջնորդների վեճով կամ փոխադարձ մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ տեղ-տեղ սահմանային բախումների տեսքով։ «The Economist»-ի դիտարկմամբ՝ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով Թուրքիան լիովին թուլացել է, եւ սա է պատճառը, որ Էրդողանը կրկին Արեւմուտքի հետ համագործակցելու եզրեր է փնտրում։ Նշվում է, որ առավելագույնը մինչեւ ընտրություններ այս վիճակը կարող է շարունակվել, ինչ-որ մի պահից սկսած, սակայն, համակարգը կպայթի, եւ Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի։ Իսկ նոր կազմավորվելիք կառավարության համար ինֆլյացիան կանգնեցնելը խիստ լուրջ եւ դժվարին խնդիր է լինելու (այս ամենի մասին «Էրմենիհաբերից» ենք տեղեկանում)։
Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար նշենք, որ այնպես չէ, թե Թուրքիան չի պատկերացնում, թե ինչ խնդիրներ ունի եւ ձեռքերը ծալած նստած է։ Օրինակ՝ Թուրքիան հստակ զարկ է տալիս ռազմարդյունաբերությանը։ Նույն «Էրմենիհաբերից» տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թ. զեկույցը։
Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի եւ Չինաստանի բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) եւն։ Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով։
Իրանի Իսլամական Հանրապետության զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։ Ռազմական հզորության առաջին տասնյակի 4-րդ տեղում Հնդկաստանն է, 5-րդում՝ Միացյալ Թագավորությունը, 6-րդում՝ Հարավային Կորեան, 7-րդում՝ Պակիստանը, 8-րդում՝ Ճապոնիան։ Հաջորդում են Ֆրանսիան եւ Իտալիան։ Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 2018-2022 թթ. ԱՄՆ-ը 7 անգամ մեծացրել է զենքի արտահանման ծավալները՝ հասցնելով 40 տոկոսի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Այս ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման ծավալները 69 տոկոսով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում Կատարն է՝ մոտ 20 տոկոս, այնուհետեւ ԱՄԷ-ն՝ 17 տոկոս, եւ Հորդանանը՝ 13 տոկոս։ Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում՝ Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։
Թուրքիան նաեւ, այսպես ասենք, դրոնային քաղաքականություն է սկսել։ Դեռ նախորդ տարի աշնանը թուրքական «Baykar Makina» ընկերությունը հայտարարել էր, որ ընկերության եկամուտների գերակշիռ մասն ԱԹՍ-ների արտահանման բաժինն է, «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնող 24 երկրի հետ գործակցում են։ Ինչպես Թուրքիան հասավ այս արդյունքին (որակական եւ մատչելիության համատեղում), սա քննարկման այլ թեմա է։ Փաստն այն է, որ Թուրքիան դրոնային քաղաքականությունն օգտագործում է տարբեր երկրների հետ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ քաղաքական առումով շահավետ հարաբերություններ ստեղծելու համար։ Դժվար չէ հասկանալ, որ այս շահավետություն ասվածը ենթադրում է նաեւ տվյալ երկրների միջոցով թուրքական օրակարգի ներկայացում եւն։ Շատ բան ավելի հստակ կուրվագծվի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքից հետո։ Դրա հետեւանքները ուղղակիորեն կարտապատկերվեն Ադրբեջանում։ Հայկական կողմը պետք է ամենայն մանրամասնությամբ հետեւի թուրքական տնտեսական եւ ռազմաքաղաքական օրակարգերին, որպեսզի նաեւ կարողանա ճիշտ աշխատել այդ օրակարգում ներառված եւ դրանից դուրս երկրների հետ։